Ուկրաինայի արևելքը կրկին անհանգիստ է: Արևելյան մի շարք շրջաններում կիրակի մեկնարկած մեծ հանրահավաքները լրջորեն անհանգստանցրել են երկրի իշխանություններին և ուժգնացրել երկրում առկա անկայունությունը: Ակտիվիստները հիմնականում գործում են նույն տրամաբանությամբ. գրավում են շրջանային վարչության շենքերը, հռչակում անկախություն իրենց շրջաններում և նշանակում հանրաքվեի օր, որի ժամանակ պետք է որոշվի հիմնական' Ռուսաստանին միանալու հարցը: Երեկ ուժային կառույցների մի շարք ղեկավարներ, ինչպես նաև այլ պաշտոնյաներ մեկնեցին Խարյկով, Դոնեցկ և Լուգանսկ տեղում գնահատելու իրավիճակը: Քիչ առաջ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավաքովն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Խարկովում սկսված «հակաահաբեկչական գործողության» արդյունքում փակվել է քաղաքի կենտրոնը, դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը, ինպես նաև ձերբակալվել են ավելի քան 70 հոգի: Մնացած շրջանների մասին առայժմ ոչ մի հստակ տեղեկատվությունի չի հաղորդվում: Նշեմ սակայն, որ քիչ առաջ պարզ դարձավ, որ Նիկոլաև շրջանում ևս տեղի են ունենում հանրահավաքներ և նույնիսկ մի քանի անգամ փորձ է արվել այնտեղ ևս գրավել շրջանային վարչության շենքը, բայց տեղի իշխանություններն իրենց օպերատիվ գործողությունների շնորհիվ կարողացել են դա կանխել:
Կարճ ասած իրավիճակը մտահոգիչ է և տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ արձագանքել են ինչպես Արևմուտքում, այնպես էլ Ռուսաստանում: Մինչ Արևմուտքում հիմնականում «խորը մտահոգություն» են հայտնում, Ռուսաստանում ավելի հստակ են արտահայտվում' ասելով որ շրջաններում հանրաքվեներ անցկացնելը կլինի ամենօպտիմալ լուծումը ճգնաժամի լուծման համար:Այլ կերպ ասած Ռուսաստանն անթաքույց աջակցություն է հայտնում վերընշված շրջանների ակտիվիստներին: Հիշեցման կարգով ասեմ, որ նախօրեին' Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հանդիպումից հետո, վերջինս ասել էր, որ Պուտինն իրեն հավաստիացրել է, որ այլ ռազմական գործողություններ Ուկրաինայում չեն լինելու:
Չգիտեմ Պուտինը Պան Գի Մունին ինչ է խոստացել, կամ էլ հավաստիացրել, բայց չեմ կարծում, որ որևէ մեկն անգամ կասկած ունի, որ այս ամենի ետևում կանգնած է Ռուսաստանն ի դեմս այդ երկրի նախագահի:
Ինչպես հիշում եք Ռուսաստանն ավելի վաղ առաջարկել էր Ուկրաինական ճգնաժամի լուծման իր տարբերակը, որն Արևմուտքն ու Կիևն ըստ երևույթին մերժեցին: Հիմա հանգամանքների բերումով Ռուսաստանը գնում է իր ծրագրի իրականացմանը' կիրառելով կոշտ ուժային դիվանագիտություն, ասել է թե ստիպում է Արևմուտքին գնալ իր ծրագրին ընդառաջ' դաշնայնացնել և ամրագրել Ուկրաինայի չեզոք պետության կարգավիճակը նոր սահմանադրությամբ և համապատասխան միջազգային պայմանագրերով:
Տեսեք անձամբ ես չեմ հավատում, որ Ռուսաստանն ուզում է բիրտ ուժի միջոցով գրավել Ուկրաինան ամբողջությամբ, կամ էլ անեքսիայի ենթարկել դրա մի մասը, առավելևս երբ արդեն իրեն է միացրել Ղրիմը, որը դեռ պետք է կարողանա մարսել: Նրա նպատակն ավելի հեռուն է գնում: Ինչպես քիչ առաջ ասացի նա ցանկանում է իրականացնել իր տեսլականը Ուկրաինայի հաշվով, որի միջոցով հնարավորություն կստանա ավելի մեծացնել իր ազդեցությունը Ուկրաինայի վրա և չեզոքացնել Արևմուտքի ծրագրերն Ուկրաինայի հաշվով: Այնպես որ Ռուսաստանի կողմից այս թոհուբոհը հրահրելը ոչ թե ռազմական ագրեսիայի սպառնալիք է այլ' քաղաքական շանտաժ, որի արդյունավետությունն ամենայն հավանականությամբ մենք կտեսնենք առաջիկայում: Մինչ այդ սպասենք և տեսենք, թե ինչ ընթացք կստանա ճգնաժամն իր կարճաժամկետ հեռանկարում. թե Ինչ ճանապարով կփորձի այս խնդիրը լուծել Կիևը, և թե ինչպես դրան կարձագանքեն Մոսկվան և Արևմուտքը համապատասխանաբար:
Հայկ Թամրազյան