Հետողորմյա ...
Տիգրան Սարգսյանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել, ու այժմ նոր կառավարության պորտֆելների վրա ԲՀԿ-ՀՅԴ-ական ախորժակ է բացվել: Ճիշտ է, դաշնակցականներն ու ԲՀԿ-ն իրենց ոչ իշխանական ուժեր են հորջորջում, բայց իշխանությունից դեռեւս ոչ մի ուժ չի հրաժարվել: Ինչպես հայտնի ֆիլմի հերոսն է ասում. «Ապրելը լավ է, բայց լավ ապրելը ավելի լավ է»:
Չնայած Վահան Հովհաննիսյանի դեսպան նշանակվելը «դրսի» դաշնակցականների կողմից լավ չի ընդունվել, բայց «ներսի» դաշնակցականները դրան ամենեւին ուշադրություն չեն դարձնում: Նրանց պորտֆել է հարկավոր եւ վերջ: Օրինակ, ըստ ԶԼՄ-ների, Դավիթ Լոքյանը փափագում է փոխվարչապետի պաշտոնի մասին, մանավանդ Արմեն Գեւորգյանը քոչարյանական կադր է եւ հնարավոր է փոխարինվի մեկ ուրիշով: Հրանտ Մարգարյանը եւս բանակցել է Սերժ Սարգսյանի հետ, որ «պարոն» նախարարների մեջ «ընկեր» նախարարներ լինեն: Ի դեպ, ՀՅԴ-ին ձեռնտու է միայն համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացումը, մի բան, որ ՀՀԿ-ն մտադիր է «մտցնել» հաջորդ ընտրություններին: Ձեռնտու է, որովհետեւ մեծամասնականով ՀՅԴ-ն երբեք էլ ձայներ չի ստանա, քանի որ ո՛չ սկզբունքային կեցվածք ունեն, ո՛չ էլ ընտրակաշառք կարող են բաժանել: Ո՞ր ընտրողը «Վահան Հովհաննիսյան» մակագրությամբ շարֆով ու ՀՅԴ-ական անձրեւանոցներով իրենց կընտրի: Իսկ համամասնականով, գոնե նախագահը կթողնի խորհրդարան մտնել, գոնե որոշ լծակների տիրապետել կամ պահպանել եղած բիզնեսները: Իսկ դրա համար մի ճանապարհ կա՝ երբեմն դեմ խոսել, պոպուլիզմով զբաղվել, բայց ընդհանուր առմամբ հավատարիմ մնալ իշխանություններին:
Չմոռանամ մի կարեւոր բանի մասին՝ իշխանություններին անհրաժեշտ է, որ ՀՅԴ-ն թեկուզ ցածր տոկոսներով, բայց այնուամենայնիվ լինի խորհրդարանում: Դա էլ որպես շիրմա, «դրսի» աչքերի համար:
Սերժ Կանայան