Դե Թումանյան՝ առանց ավելորդ արդուզարդի, միշտ պարզ ու թափանցիկ: Թումանյանը «մագնիսանման » Կոմիտասի պես իր շուրջն է ժողովել այն ամենը, ինչը ժողովրդինն է: Թումանյանի ստեղծագործությունները թեև պատմում են մարդկանց հոգսերի, խնդիրների, կենցաղի, սովորույթների, փոխհարաբերությունների, նախապաշարումների, հույզերի, զգացմունքների և այլնի մասին, բայց միշտ հուզական են, չափազանցված և ժողովրդական: Երբ ընթերցում ենք «Մարո»-ն, «Անուշը»: «Փարվանա»-ն , հուզվում ենք, «Սասունցի Դավիթ»-ը կամ «Թմկաբերդի առում» -ը ընթերցելիս հերոսանում, իսկ բալլադները միշտ հանդես են գալիս «առակս ինչ կցուցանե» ենթատեքստով:
Ահա թե ինչու է Թումանյանը ժողովրդական և այդքան հասու մանուկներին: Թումանյան միշտ կարելի է բեմադրել, խաղալ, ներկայացնել. նրա ստեղծագործությունները սցենարային են ու պատմողական:

Տերյան՝ միշտ քնարական, եթերային, անէացած, բայց միևնույն ժամանակ այնքան հևիհև: Կյանքին սիրահարված, բայց կյանքից նեղացած Տերյանը իր հույզերն ու ապրումները այնքան հեշտորեն է փոխանցում ընթերցողին, այնքան զգուշորեն ու հանգիստ: Պատանեկան քրքիջով, երազանքներով ու զգացմունքներով լի Տերյանը՝ հոնքերն է կիտում կյանքի տխրության, մայրամուտների, իր հոգու դեգերումների դեմ: Տերյանի աշխարհը, որտեղ նա տխրում է, ժպտում, սիրահարվում, հիսաթափվում, հուսահատվում, հուսալքվում, երազում, մոռանում, ապրում, վերանում, ցնդում, կարոտում, բոլորինն է, ովքեր կարդում են Տերյան ու վերապրում այն ամենը, ինչ Տերյանը ապրել է տարիներ առաջ: Դեռահասներին այնքան հարազատ Տերյանը կիսում է ընթերողի ապրումներն ու տվայտանքերը և օգնում անցնել կյանքի անել ճանապարհները: Նրա լիրիկական ու անրջային ստեղծագործությունները ընթերցելիս սիրահարված ու երազկոտ ընթերցողները հայտնվում են մի աշխարհում, որը Տերյանինն է՝ մի քիչ լացկան ու կիսամութ:

Չարենց՝ Իրականությունը առանց գուներանգի ներկայացնելու ունակությամբ օժտված Չարենցը խոշորացույցով մեծացնում է «կյանքի գիրը»՝ ջրի երես հանելով տողատակերը: Նրա ստեղծագործությունները մարդկային են՝ ոչ վերացական, առանց չափազանցությունների, պայմանականությունների և ոչ պատահական: «Կյանքը ինչպես, որ է» կարգախոսով առաջնորդվող Չարենցը վեր է բարձրացնում իրականության վարագույրը՝ թույլ տալով, որ «հանդիսատեսը» ականատեսը լինի իրականության նողկալի ու կողմնակալ բեմականացմանը: Ստեղծագործությունները, որոնք առանց ավելորդ հուզումների են ու պահի տրամադրության, առանց մեղմացնող մեջբերումների, կյանքում ավելի կատարյալ ու արդար են դարձնում Չարենցին:
Երբ արդեն հոգնեցնում են Թումանյանի հեքիաթներն ու սրտաճմլիկ պոեմները, երբ արդեն չափից դուրս լացկան ու թմրեցնող են դառնում Տերյանի «հուշերը», գալիս է Չարենց կարդալու ժամանակը, կոշտ իրականությանը դեմ առ դեմ ելնելու ժամանակը: