Կունալ Բալը, որին հեռացրել էին Microsoft ընկերությունից, 4 տարվա ընթացքում վաստակել է 1 մլրդ դոլար: Այդ մասին հաղորդել է Wall Street Journal թերթը:
2007 թվականին Microsoft ընկերությունը կրճատել էր իր հնդիկ աշխատակից Կունալ Բալին, քանի որ ամերիկյան կառավարությունը հրաժարվեց երկարացնել նրա այցագիրը: Վերադառնալով հայրենիք՝ Կունալը 2008 թվականին ընկերություն հիմնեց, որը MoneySaver անվանմամբ զեղչի կտրոններ էր առաջարկում: Այդ նախագիծը գործարկելու հարցում նրան օգնել է դպրոցական ընկերը՝ Ռոհիթ Բանսալը:
Երկու տարի անց հաճախորդները Կունալին և Բանսալին խնդրել են բացել ինտերնետ-խանութ, որը հետագայում ստացավ Snapdeal անվանումը և դարձավ ամենահաջող ստարտապներից մեկը Հնդկաստանում:
«Միակ բանը, որ մենք այդ պահին գիտեինք ինտերնետի մասին, եղել է այն, թե ինչպես գրանցել դոմենի անունը»,-պատմում է Բալը:
Որոշ ժամանակ անց կայքում սկսեցին առաջարկություններ ստացվել հաճախորդներից, որոնք ցանկանում էին այնտեղ վաճառել իրենց ապրանքները: Երկու դպրոցական ընկերների կայքը վերածվեց իսկական առևտրական ինտերնետ-հարթակի, որտեղ այժմ աշխատում է ավելի քան հազար մարդ: Բալի խոսքով՝ իր ընկերությունում աշխատել ցանկացողների պակաս չկա, իսկ թեկնածուների շուրջ մեկ երրորդն ամերիկացիներ են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: