Հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ որոշ պարզաբանումներ ներկայացնել «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրինագծի հետ կապված: Ինչպես գիտեք, մարտի 31-ին տեղի ունեցան լսումներ, որի ընթացքում ներկայացվեց նախագծի լրամշակված տարբերակը, որից դուրս են բերվել ոչ հայտնի աղբյուրին վերաբերող բոլոր կարգավորումները: Լսումների ընթացքում հնչեցին բազմաթիվ տեսակետներ, այդ թվում՝ եղավ առաջարկություն՝ ձևավորել աշխատանքային խումբ, որը բաղկացած կլինի մեդիա փորձագետներից: ՀՀ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հենց լսումների ընթացքում հայտարարեց աշխատանքային խումբ ձևավորելու պատրաստակամության և անհրաժեշտության մասին: Հատկապես կարևոր է այն անձանց մասնակցությունը, որոնք դեմ են արտահայտվում նախագծին: Ի դեպ այդ անձանցից գրեթե բոլորը ընդունում են նախագիծը նեղ փորձագիտական խմբով քննարկելու անհրաժեշտությունը և, կարծում եմ, իրենց մասնակցությունը կցուցաբերեն խմբի աշխատանքներին: Ուստի առաջիկայում կձևավորվի աշխատանքային խումբ մասնագիտական փորձաքննություն կատարելու համար, իսկ նախագիծը Աժ օրակարգ չի մտնի մինչև աշխատանքային խմբի աշխատանքների ավարտը: Աշխատանքային խմբի կազմի և գործունեության կարգի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:
Հ.Գ. Այս մասին նաև խոսել եմ «Խոսքի իրավունք» հաղորդման ընթացքում, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 20:30-ին, Հ2 հեռուստաընկերության եթերում:

 

Արփինե Հովհաննիսյան