ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը Aravot.am-ի խնդրանքով խոսելով անվանի գրող Հրանտ Մաթեւոսյանի մասին, ում ծննդյան օրն է այսօր, հուզմունքով նշեց. «Կան մարդիկ, որոնց մասին խոսելը…Ինչո՞ւ, որովհետեւ էնքա՜ն լիքն եմ Հրանտով, միշտ, անընդհատ, անդադար: Երբ դեռ սովետի ժամանակ ռուսերեն հրատարակվեց Էրիխ Մարիա Ռեմարկի « Երեք ընկերներ» գիրքը, որը գեղարվեստորեն էնքան բարձր չէր, բայց ապշեցնում էր գաղափարով, ես զարմացա, ուրախացա, ասացի՝ հիմա Եվրոպայում, աշխարհում ի՜նչ ազդեցություն կունենա, ընկերություն գաղափարն է բարձրացրել մարդը: Եվ երբ Հրանտը գրեց «Տերը», ապշեցի, ուրախացա, ասացի՝ այ մարդ, էս հայերս կհասկանանք՝ մեր դժբախտությունը եղե՛լ է, կա՛ եւ կշարունակվի լինե՛լ, եթե տեր չկանգնենք ամեն ինչին : Մի 7-8 անգամ կարդացել եմ «Տերը», կարդում եմ՝ չեմ կշտանում, ինչքա՜ն մանրամասնություններ կան, նրբություններ: Ապշեցնում է ինձ էն , որ հայ մարդը իրեն զգում է տեր՝ երկրի տեր, երեխու տեր, ծառի ու անտառի տեր, տեր…
Որքան ուրախացա, էնքան էլ հիասթափվեցի, որովհետեւ ոչ ոք ակնաջալուր չեղանք, չլսեցինք Հրանտին, չազդվեցինք, չոգեւորվեցինք, ոչ ոք չասաց՝ սա ապրելու կոդեքս է, իմաստ է, էսպես ապրենք: Ընդհակառակը՝ ավերեցինք, պատառոտեցինք, կտրեցինք, անտեր դարձրինք ամեն ինչը՝ Սեւանը, գետը, անտառը, երեխեքին : Չենք ապրի էդպես, ցավը էն է, որ ազգը ունենալով, ասենք, Թումանյան, Նարեկացի, շատ շատերի անունը կարող եմ թվել, ունենալով Հրանտ Մաթեւոսյան, չի ասում՝ ականջս մի դնեմ տեսնեմ էս մարդը ի՞նչ է ասում»:
Արվեստագետի ձեւակերպմամբ, պետք է ականջալուր լինել մեծերի խոսքին՝ արմատից չկտրվելու համար. «Վերջին հաշվով Հրանտը եկավ էս աշխարհով իր հանճարով հայությունը հաստատելու էս աշխարհքում, ազգը հաստատելու, մեր մշակույթը հզորացնելու, էկավ բարոյականություն հաստատելու, մտավ խորքերը, քանդեց ու ժողովրդի համար գոհարներ դուրս բերեց, շռայլորեն սփռեց էդ գոհարները՝ առատ, մեծահոգաբար: Մեկ-մեկ մտածում եմ՝ եթե ընդունակ չենք էդ տեսակ մարդկանց հետեւելու, եթե արժեքը չենք հասկանում, ուրեմն իզուր ենք ծնում նրանց…Ախր առանց մշակույթի ազգ չկա, իսկ Հրանտի ստեղծածը բարձր մշակույթ է ու գրականություն, ամենաբարձրը, Ֆոլքներ, բան, մեծերի կողքին դնելու տղա է: Մի խոսքով՝ մեր մեծագույն մեղքը թերությունը, սխալը, էդ մարդկանց չգնահատելն է, իսկ գնահատելը ո՞րն է ՝ սովորելը, ընդօրինակելը, խոսքերին հետեւելը, թե չէ գնահատելը հո մենակ էն չի, որ ասես Հրանտը հանճար է, հասկացանք, բայց գոնե հետեւո՞ւմ ես, մի խոսքը հիշո՞ւմ ես: Հրանտը մի պիես ունի՝ «Չեզոք գոտի», երջանկություն եմ ունեցել խաղալ, էնտեղ մի խոսք ունի ինքը, ես ամեն տեղ կրկնում եմ՝ մենք էս դարում մի բուռ արյունը բերել ենք՝ սելջուկի, մոնղոլի, թուրքի, քրդի արանքներով բերել ենք, շաղ տա՞նք հիմա: Հիմա իսկապես շաղ ենք տալիս, ո՞վ է էս բառերը հիշում… Թքած ունենա՞նք էս մեր ազգի վրա, հարստության վրա, Սեւանում իշխան չկա՝ ջհանդամ, գետը ավերում են, ծառերը կտրում են, ճղակոտոր են անում՝ ջհանդամ…Հիմա Հրանտին ի՞նչ ասեմ, ինչ պատասխան տամ»: