ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ դադարեցնում է ցանկացած տիպի ռազմական ու քաղաքացիական համագործակությունը Ռուսաստանի հետ՝ ի նշան Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ ունեցած իրենց որոշման:
Առաջին հայացքից ինչ որ լուրջ քայլ է թվում, բայց որ մի քիչ վերլուծում ես, տեսնում ես, որ այս բուտաֆորիկ լուծումից ավելի շատ հենց ՆԱՏՕ-ն է տուժում, իսկ Ուկրաինային ոչ մի պրակտիկ օգուտ չի բերի:
Այսօրվա դրությամբ Ռուսաստան-ՆԱՏՕ համագործակցությունը զուտ պայմանակն էր և անգամ կարելի է ասել միակողմանի: Դրա երկու ամենակարևոր կետերը կապված էին «Միստրալ» ուղղաթիռակիր նավերի ռուսական պատվերով և ՆԱՏՕ-ի տարանցիկ ռազմաբազայի առկայությամբ, որով մատակարարվում են Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ական զորքերը:
«Միստրալների» պատմությունը շատ մութ է ու դա Սերդյուկովի հերթական անասնական գործարքն էր, որովհետև արդեն պատվերը ձևակերպելուց ու նավաշինական աշխատանքները սկսելուց հետո պարզվել էր, որ ռուսական ուղղաթիռները չեն կարող շահագործել այդ ուղղաթիռակիրները տարբեր տեխնիկական ու գաբարիտային խնդիրների պատճառով: Այնպես որ, եթե այս պայմանագիր չէղարկվի ֆորս-մաժորային հիմմունքներով ու ռուսներին հետ վերադարձնեն իրենց փողերը, ապա ռուսները միայն կշահեն դրանից:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի տանացիկ բազային, ապա եթե ռուսաստանը վտարի այն իր տարածքից, ապա ՆԱՏՕ-ն ստիպված կլինի իր զորքերի մատակարարման գրեթե բոլոր ուղիները կենտրոնացնել ոչ այնքան բարենպաստ Պակիստանի վրա: Էլ չեմ խոսում նրա մասին, որ շուտով ՆԱՏՕ-ն պատրաստվում է դուրս բերել իր կոնտինգենտը Աֆղանստանից ու սա հավելյալ ծախսերի ու գլխացավանքի թեմա է դառնում:
Դե իսկ Ուկրաինային ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչ օգուտ է տալու այս որոշումը: Չնայած, գնալով պարզ է դառնում, որ Ուկրաինայի վրա արդեն թքած ունեն ու պահում են ստատուս քվո վիճակն այնքանով՝ որքանով: Դրա մասին վկայող ամենավառ փաստն էլ ԱՄՆ-ի սենատի կայացրած որոշումն է, որով գրավի դիմաց Ուկրաինային երաշխավորում են 1 մլդ դոլար վարկի ստանալու հնարավորություն, մեկ էլ 50 միլլիոն դոլար են տրամադրում նախագահական ընտրությունների համար: Եվ սա այն պարագայում, երբ ուկրաինան կանգնած է դեֆոլտի ռիսկի առջև ու եթե մի տեղից հրատապ մի 15-20 միլլիարդ չճարի, ապա մինչև տարեվերջ տեղի կունենա տնտեսական տոտալ կոլլապս:
Կոնստանտին Տեր-Նակալյան