Մարտի 28-ը ևս նշանավորվեց Սփյուռքահայ ուսանողների խորհրդի կյանքում: Այս տարի արդեն երկրորդ անգամ Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը ճանաչվեց լավագույն երիտասարդական կազմակերպություն, բայց այս անգամ արդեն ամբողջ սփյուռքյան կառույցների մեջ: «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցույթում արժանացավ II կարգի դիպլոմի: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության կողմից:
ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը ողջունեց բոլոր կազմակերպություններին և նշեց, որ այսօրվա երիտասարդներն են մեր վաղվա օրը: Այդ առիթով նա շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպություններին' քրտնաջան աշխատանքի և հատկապես ապագա սերունդներին հայեցի դաստիարակելու համար:
Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը իր շնորհակալական խոսքում մասնավորապես նշեց ,-« Սփյուռքահայ ուսանողների անունից շնորհակալություն եմ հայտնում ՀՀ սփյուռքի նախարարությանը, Համաշխարհային հայկական կոնգրեսին և Ռուսաստանի հայերի միությանը նմանատիպ միջոցառումներ իրականացնելու համար: Այսպիսի գնահատականը և խրախուսանքը երիտասարդներին նոր ուժ և խթան է տալիս էլ ավելի ոգևարված աշխատելու և իրենց նշանակալի ավանդը ունենալ հայապահպանության գործում»:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը Ճանաչվել է «Լավագույն երիտասարդական կազմակերպություն Երևանում» Հայկյան մրցանակաբաշխության շրջանակներում: