Հրապարակում եմ սիրիահայ մեր հայրենակիցների, այդ թվում՝ քեսաբահայերի նկատմամբ ցեղասպան Թուրքիայի իրագործած միջազգային հանցագործությունների մասին Հայաստանի Հանրապետության Նախագահին, ազգային ժողովի նախագահին և արտաքին գործերի նախարարին իմ գրած և այսօր ուղարկած բաց նամակն ամբողջությամբ.

ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ԳԱԳԻԿ ԳՈՐԳԻՆՅԱՆԻՑ
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ, ԻՐԱՎԱԲԱՆ

ԲԱՑ ՆԱՄԱԿ

(պատճենը՝ ՀՀ ազգային ժողովի նախագահին և ՀՀ արտաքին գործերի նախարարին)

Մեծարգո պարոն Նախագահ,

բաց նամակով և համախոհության ակնկալիքով Ձեզ եմ ներկայացնում իմ մտահոգություններն ու առաջարկությունները սիրիահայ մեր հայրենակիցների և նրանց նկատմամբ թուրքական ռազմական հանցագործությունների մասին.

ՔԵՍԱԲԸ ԵՎ ՔԵՍԱԲԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔՈ

ԿՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԻՆ

Ցեղասպան Թուրքիայի Հանրապետությունը և ֆաշիստական, ռասիստական ու ընդգծված հայատյաց քաղաքականությամբ հետևողականորեն առաջնորդվող պաշտոնական Անկարան, օգտագործելով Սիրիայի շուրջ ստեղծված ռազմա-քաղաքական խառն իրադրությունն ու առիթը, չարաշահելով սիրիական հիմնախնդրում միջազգային հանրության վստահությունը, հատուկ ու առանձնակի դաժանությամբ ոչնչացրել ու ոչնչացնում է Սիրիայի՝ հատկապես հայաշատ բնակավայրերը՝ փորձելով արմատախիլ անել տեղի հայ համայնքը. դա ցեղասպան Թուրքիայի ամենագլխավոր նպատակներից է, որը միանշանակորեն տեղավորվում է Հայոց Ցեղասպանության (The Armenian Genocide) շարունակության տրամաբանության մեջ:

Հայոց բնօրրան Քեսաբն ամենավառ ապացույցն է, որի վրա 2014 թվականի մարտի 21-ին պաշտոնական Անկարայի անմիջական և ուղղակի կազմակերպմամբ, օժանդակությամբ տեղի ունեցավ «Ալ-Կաիդա» ու այլ ահաբեկչական խմբավորումների, վարձկանների ու ծայրահեղականների հայտնի ագրեսիան՝ հայաթափելով Քեսաբն իր շրջակա բնակավայրերով: Մեր հայրենակիցներն այսօր ապաստանել են Լաթաքիայում՝ մահվան տեսիլքն աչքերում: Իրենց տներում են թողել ողջ կահ-կարասին, փաստաթղթերը, հրկիզվել են բազմաթիվ տներ, պղծվել սրբավայրեր և այլն:
Ելնելով վերոգրյալից՝ պաշտոնական Երևանին առաջարկում եմ.

1. սիրիահայ մեր հայրենակիցների, տվյալ դեպքում հատկապես քեսաբահայության օգնության հարցում գործել արագ ու հետևողականորեն.

2. գումարել ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստ և ընդունել որոշում, որով սիրիահայության նկատմամբ ընդհանրապես, Քեսաբի ու քեսաբահայության նկատմամբ հատկապես՝ Թուրքիայի Հանրապետության կազմակերպած ագրեսիան ճանաչել և դատապարտել որպես միջազգային ահաբեկչական խմբերի, վարձկանների ու ծայրահեղականների ներգրավմամբ ցեղասպանական շարժառիթով կատարված պատերազմական հանցագործություն՝ այն դիտարկելով «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի 1968 թվականի նոյեմբերի 26-ի Կոնվենցիայի ու հարակից միջազգային-իրավական այլ ակտերի շրջանակներում.
Հետևողականորեն աշխատել, որպեսզի նման բանաձև ընդունվի նաև Միավորված Ազգերի Կազմակերպության շրջանակներում.

3. բոլոր հնարավոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին արագ ու հետևողականորեն պաշտոնապես տեղեկացնել թուրքական հանցագործությունների մասին.

4. պահանջել միջազգային հետաքննություն և սիրիահայության նկատմամբ կատարված հանցագործությունների (այդ թվում՝ «Ալ-Կաիդա» ու այլ ահաբեկչական կազմակերպությունների, վարձկանների, ծայրահեղականների ներգրավմամբ կատարված) համար միջազգային-իրավական պատասխանատվության ենթարկել Թուրքիայի Հանրապետությանը, նրա համապատասխան պաշտոնատար անձանց.

5. միակողմանիորեն անհապաղ չեղյալ հայտարարել (Քեսաբի դեպքը հերթական հիմնավոր առիթն է այդ անելու համար) «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» և
«Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» 2009 թվականի տխրահռչակ արձանագրությունները. նախ՝ դրանցում անհերքելիորեն ամրագրված են հայոց պետականության հիմնարար սկզբունքներին ու համազգային նպատակներին կոպտորեն հակասող, խիստ վտանգավոր դրույթներ, բացի այդ՝ Հայաստանի Հանրապետությունը չպետք է համագործակցի միջազգային հանցագործ, միջազգային ահաբեկչություններ կազմակերպող ու հովանավորող, ֆաշիստական, ռասիստական ու հայատյաց, այսօ՛ր էլ ցեղասպանության պատրաստ պետության՝ մեր հայրենիքի 90% բռնազավթած ցեղասպան Թուրքիայի հետ.

6. սիրիահայության իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության մասով սերտորեն համագործակցել պաշտոնական Դամասկոսի, ինպչես նաև միջազգային հանրության հետ:

Իրավիճակն օրհասական է, հապաղելը՝ վտանգավոր:
Այժմ ունենք ինքնիշխան պետություն, որը պետք է կոչված լինի պաշտպանելու ինչպես իր քաղաքացիներին, այնպես էլ աշխարհասփյուռ յուրաքանչյուր հայի: Քեսաբը համայն հայության արժանապատվության հարցն է, քեսաբահայությունը, որ բռնագաղթի պատճառով ծվարել է Լաթաքիայում, որբ չէ, քանզի կա Հայաստանի Հանրապետությունն ու աշխարհասփյուռ հայությունը:

Առավել քան վստահ եմ, որ վերոգրյալ 6 առաջարկությունները կատարելու դեպքում հայ ժողովուրդը սատար կկանգնի պաշտոնական Երևանին:

Աստված օգնական լինի:
Համախոհության ակնկալիքով և հարգանքով՝
ԳԱԳԻԿ ԳՈՐԳԻՆՅԱՆ

 

 

Գագիկ Գորգինյան