Միայն միասնությամբ և համատեղ ուժերով կարելի է հասնել մեր երազանքների փառահեղ Հայաստանին' այն երկրին , որտեղ չեն հարստահարի ժողովրդին, որտեղ չի ձևավորվի գաղջ մթնոլորտ և տիրի ամենաթողություն, այն բարգավաճող երկրին, որտեղ պետք է ապրեն մեր սերունդները, որտեղ մարդիկ կքայլեն պարզ երեսով և վստահ կլինեն վաղվա օրվան: Ցավալի փաստ է, բայց այսօր հազարամյակների պատմություն ունեցող երկրից մարդիկ հեռանում են անմարդկային պայմանների պատճառով, կառավարության վարած քայքայիչ քաղաքականության պատճառով: ՄԵՆՔ' երիտասարդներս, պետք է միանանք և, որպես մի բռունցք, մեր բողոքն հայտնենք ՀՀ կառավարությանը: Բոլոր երիտասարդական շարժումները, հասարակական կազմակերպություննրը, բոլոր այն երիտասարդները, ովքեր մտահոգված են մեր երկրի ապագայով պետք է համախմբվեն, ստեղծեն մեկ ընդհանուր դասշինք, որն իր բողոքն ու անվստահությունը կհայտնի ՀՀ կառավարությանը և անպայմանորեն կբարձրաձայնի մեր երկրում այսօրվա տիրող իրավիճակի մասին:
“ՄԵՆՔ” ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը միանուոմ է ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի կոչին: ՄԵՆՔ հստակ գիտակցում ենք որ արդեն իսկ շատ բան ցավալիորեն անդառնալի է մեր համար և պատրաստ ենք պայքարել հանուն մեր վաղվա օրվա, քանզի այլևս հնարավոր չէ ապրել նման պայմաններում: Հասարակ աշխատող մարդը վաստակում է “աղքատավարձ”, որը անգամ չի հերիքում օրվա հաց գնելու համար, այս երկրին իր կյանքն ու եռանդը տված թոշակառուն ծիծաղելի գումար է ստանում, ԲՈՒՀ-ն ավարտած երիտասարդը չի կարողանում իր տեղը գտնել սեփական մասնագիտության շրջանակներում, քանզի սկսնակ կադրերի համար աշխատատեղեր չկան: Ամեն անցնող օրվա հետ մի նոր որոշում է ընդունում մեր երկրի կառավարությունը, որն էլ ավելի է սաստկացնում երկրի վիճակը: Վերջին վառ օրինակը դարձավ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակրգը' ևս մեկ եղանակ մարդկանց լիովին հիաստափեցնելու և թալանելու համար:
Ամեն ինչ գալիս է նրան, որ մարդիկ հուսալքված հեռանում են երկրից: ՄԵՆՔ չենք ուզում տեսնել Հայաստանն առանց հայերի, ՄԵՆՔ կարող ենք վերջ տալ այս ամենին:Պայքարենք միասին, հաղթենք միասին, չե որ ապագան մենք ենք:

 


"ՄԵՆՔ" երիտասարդական շարժում: