Հայաստանում և Արցախում դեռ շարունակվում է բանավեճն այն մասին, թե արդյոք Ղրիմի և Արցախի միջև զուգահեռները տեղին են, արդյոք, Ղրիմի հանրաքվեն ու դրան հաջորդած նրա փաստացի կցումը Ռուսաստանին՝ հայության երազած ու երկար սպասված նախադեպն է: Իրավիճակի ճիշտ ընկալման համար կարևոր է տեսնել, որ ներկայիս ուկրաինական իշխանությունները Ղրիմի հետ կապված որդեգրել են այն նույն մարտավարությունը, որը կիրառվում է Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ՝ Ղրիմը հռչակվել է օկուպացված տարածք, իսկ զավթիչների հետ համագործակցող յուրաքանչյուր ոք մեղադրվելու է Հայրենիքին դավաճանելու մեջ: Կարծում եմ, որ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին խորհրդակցությունների պատրվակով Կիև կանչելն ու Հայաստան նրա վերադարձի հետ կապված ինչ-ինչ նախապայմաններ առաջ քաշելը բավական զավեշտալի կարող էր թվալ, եթե ակնհայտորեն չծառայեր նաև, ԱՊՀ շրջանակներում, Ադրբեջանի հետ ընդհանուր ճակատ կազմելու նպատակին: Ընդ որում ակնհայտ է, որ Հայաստանին չմիացած ու սեփական զինված ուժեր ունեցող Արցախի ու Ռուսաստանի կազմում, որպես շարքային վարչա-տարածքային միավոր հայտնված ու ինքնավար հանրապետության կարգավիճակից անգամ հրաժարված Ղրիմը նույն հարթության վրա դիտարկելը, մեղմ ասած, կոտոշություն է: Այս մասին ասել եմ կիևյան հեղաշրջումից ամիսներ առաջ՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմամբ շահագրգռված չեն ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, ԵՄ անդամ մի շարք պետություններ ու Ռուսաստանը: Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումն առաջնային խնդիր չի եղել փախստական նախագահ Յանուկովիչի համար, հակառակ դեպքում նա կնախընտրեր, որ ամբոխն իրեն կտոր-կտոր աներ Կիևի իր նստավայրում, բայց չէր լքի մայրաքաղաքը և այդպիսով կկանխեր երկրի մասնատումը: Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումն առաջնահերթություն չէր նաև Մայդանի ընդդիմադիր առաջնորդների համար, որոնք իրենց գործողություններով նպաստեցին օտարների ծրագրերի իրականացմանը: Ուկրաինական վերնախավի խայտառակության գերագույն դրսևորումն անգամ այն չէ, որ Ղրիմը հանձնվեց առանց որևէ իրական դիմադրության, այլ այն, որ ուկրաինական դրոշին հավատարիմ մնացած զինվորականներին թույլ չտրվեց իրենց պատիվը պահել: Իրենց հարգող ծովայիններն իրենց մարտական նավերը ոչ թե հանձնում են հակառակորդին, այլ պայթեցնում են, իսկ պատվի սուր զգացողությամբ օժտվածներն էլ ջրասույզ են լինում իրենց կողմից պայթեցված հարազատ նավի հետ միասին: Թեև առայժմ նոր ու ժամանակավոր պաշտոնական Կիևի քաղաքական նախաձեռնումների շիլաշփոթը միայն վնասում է երկրի շահերին, այնուամենայնիվ, այս ճգնաժամային իրավիճակից պատվով ու օգուտով դուրս գալու հնարավորությունը դեռ պահպանվում է, բայց դրա համար արտասովոր,խելամիտ ու հեռատես քաղաքական քայլեր են պետք:

 

 

Արման Մելիքյան