Ուկրաինական մամուլը և հեռուստատեսությունն ակտիվ հակահայկական քարոզարշավ են սկսել, և այս ամենը՝ Ուկրաինայի ազգային ասամբլեայի գործադիր կոմիտեի (УНА-УНСО), որոնք առավել հայտնի են բենդերներ անվամբ, ղեկավար Միկոլո Կարպյուկի՝ ադրբեջանական Vesti.az-ին տված հարցազրույցի ֆոնի վրա, որտեղ նա ասում է, որ ինքն անձամբ Ադրբեջանի կողմից չի մասնակցել Ղարաբաղյան պատերազմին, սակայն իրենց կազմակերպության մեծ թվով կամավորներ եղել են ռազմաճակատում: Վերջինս ասել է, որ պատերազմի վերսկսման դեպքում պատրաստ են ամեն կերպ աջակցել Ադրբեջանին' «վերականգնելու նրա տարածքային ամբողջականությունը»: Հենց այդ հարցազրույցում նա նաև նշում է, որ ուկրաինական ազգայնականները Ադրբեջանին կարող են ցույց տալ տեղեկատվական օգնություն, ինչը հիմա փաստացի կատարվում է Ուկրաինայում:
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ռազմական ուժերում Արցախյան ազատամարտի ժամանակ կռվում էին բազմաթիվ վարձկաններ, այդ թվում նաև Ուկրաինայից և հետխորհրդային այլ երկրներից, որոնք հիմնականում բարձորակ ռազմական մասնագետներ էին, իսկ Ադրբեջանի օդուժը մեծամասամբ կազմված էին հենց այդ վարձկաններից:
Ադրբեջանում առաջին վարձկանները հայտնվել են 1991թ. սկզբներին, և նրանք եղել են Ուկրաինայից, հենց նույն ուկրաինական ազգայնականներից (УНА-УНСО): Ուկրաինական ազգայնականների ղեկավարները մարդկանց հավաքագրում էին ռուսների հետ կռվելու պատրվակով և ուղարկում Ադրբեջան: Trud.ru կայքում գրված է Կիևի քաղաքային դատարանի կողմից լսվող Ուկրաինայի տարածքում՝ Ադրբեջանում կռվելու համար վարձկանների հավաքագրման վերաբերյալ մի գործի մասին: Այդ գործից պարզվում է, որ 1990-ականների սկզբին Կիևի և Չեռնիգովի մարզերում հայտնվել են մի խումբ մարդիկ, որոնք մարդկանց հավաքագրում էին 300-500 ԱՄՆ դոլար աշխատավարձի դիմաց Կովկասում կառուցապատման աշխատանքների համար, որոշներին էլ, ովքեր ունեին ռազմատեխնիկական որակավորում, ուղղակի կերպով ասվում էր, որ խոսքը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու մասին է: Հավաքագրումով զբաղվում էր Լվովի բնակիչ Ֆեդել Կոմարը, ով ուկրաինական ազգայնականների պարագլուխներից էր: Նա Կիևում գրանցել էր «Руна и Ко» ձեռնարկություն, ինչի օգնությամբ էր կատարում էր հավաքագրումը: Այդ դատական գործում կարելի է գտնել բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում նաև՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության և «Руна и Ко» ձեռնարկության միջև պայմանագրի բնօրինակը, որի առաջին կետում նշված է, որ վերջինս պարտավորվում է ադրբեջանական ռազմական ուժերին ապահովվել ռազմական ուղղվածությամբ մասնագետներով: Սակայն այդ խմբավորման ռազմական ուղին շատ կարճ էր. ունենալով զոհեր Արցախյան պատերզամում՝ նրանց մեծ մասը հետ գնացին Ուկրաինա:
Արցախյան պատերազմի տարիներին՝ 1990-ականների սկզբներից, ի հակառակ ՄԱԿ-ի բանաձևի, որով կոչ էր արվում ձեռնպահ մնալ հակամարտության գոտիներ զենք մատակարարելուց, Ուկրաինան բացահայտորեն զինում էր ադրբեջանական կողմին, ինչի համար Հայաստանի արտգործնախարարությունը 1993թ. սեպտեմբերին պաշտոնական բողոքի նոտա է ուղարկել Ուկրաինային, որը սակայն ուկրաինական կողմը փորձ է արել հեևքել: Միայն 1993թ. սեպտեմբերին Ուկրաինայից Ադրբեջան են ուղարկվել 85 հատ T-72 տանկ, իսկ որոշ ժամանակ անց՝ նաև 50 հատ T-55 տանկ և մի քանի МиГ-21 մարտական ինքնաթիռ: Այս փաստը Բաքուն ստիպված էր ընդունել՝ սպառազինությունների վերահսկման մի շարք կազմակերպությունների հայտերից հետո: 1993-94թթ. ձմռանը Ուկրաինան Ադրբեջան է մատակարարել նաև 50 հատ Т-54, Т-55 և Т-62 տանկ: Զինամթերքի և ռազմական տեխնիկայի նման մատակարարումները երբեք չեն ընդհատվել:
Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական օդուժում Ուկրաինայից և հետխորհրդային այլ երկրներից վարձկան օդաչունների առկայության մասին, որոնք ռմբակոծում էին Ստեփանակերտի և Արցախի այլ բնակավայրերի խաղաղ բնակչությանը, բազմաթիվ փաստեր կան, այդ թվում նաև՝ Արցախի օդում խփված ինքնաթիռների օդաչուների խոստովանությունները:
Վրեժ Հովսեփյան