ՀՀ Կառավարությունը հերթական կործանարար որոշումներն է նախապատրաստել, որն ուղղակի կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:
Այս անգամ էլ հերթը հասավ Սևանին. բանն այն է, որ Կառավարությունն ԱԺ-ին է ներկայացրել Սևանա լճի ջրառը 170 մլն խմ-ի փոխարեն 240 մլն խմ դարձնելու նախագիծ: Տարիներ շարունակ բնապահպանական ավելի քան 80 հասարակական կազմակերպություն Սևանը փրկելու համար ի վերջո կարողացան հասնել նրան, որ ընդունվի «Սևանի մասին օրենքը», իսկ այժմ Կառավարությունը սխալ կառավարման արդյունքում կանգնել է փաստի առաջ, և հասարակությանը փորձում է մոլորեցնել թե առանց ջրառն ավելացնելու հնարավոր չէ, քանզի ջրամբարների պաշարը բավարար չէ: Իհարկե չի բավարարի, քանի որ այս չինովնիկները չեն կարող ճիշտ հաշվարկել պաշարների գոյացումը և անգամ այն դեպքում, երբ չի եղել երաշտ, հիմա պարզվում է, որ ունենք պրոբլեմ:
Հարց է առաջանում, ինչո’ւ:
Չէ որ ձյան շերտն ու հալոցքը եղել են նորմալ: Ջրառն ավելացնելու զուգահեռ ցանկանում են Սևանը դարձնել բիզնեսի հերթական աղբյուր, հետն էլ ներկայացնելով որպես պետական «փրկիչ» ծրագիր: Ծրագրում ներառվել է չնչին տոկոսի ներդրում Սևանի զարգացմանը, որով փորձ է արվում մոլորեցնել ժողովրդին, այնինչ Սևանն ուղղակի ցանկանում են վերածել ձկնաբուծարանի' բացահայտ հայտարարելով, որ ձկնային պաշարները հասցնելու են այնպիսի ծավալների, որ երբևէ չի եղել: Այն դեպքում, երբ կարելի էր նույն ձկնային պաշարները վերականգնել նույն պետական ծրագրի շրջանակներում ոչ մեծ ծավալներում և ամբողջ եկամուտը «Սևան ներդնելով», այդպիսով փրկել Սևանն առանց վտանգների և վնասների: Որքա’ն պետք է մտածեն միայն իրենց գրպանների մասին, Կարո’ղ է արդյոք այս կառավարությունը մտածել քաղաքացու կամ հայրենիքի մասին:

 

 

Սաթ Մկրտչյան