Չինաստան թռչող մալայզիական ինքնաթիռի անհետացումը շարունակում է չբացահայտված առեղծված մնալ՝ ժամանակի ընթացքում հայտնվում է նոր, մինչ այդ գաղտնի պահված տեղեկատվություն այն մասին, որ օդանավը շեղել է իր երթուղին և, ինքնաթիռների ավտոմատ տարբերակման համակարգի սարքավորումն անջատած վիճակում շարունակել է թռիչքը ևս մի քանի ժամ: Այս անորոշության դրական կողմն այն է, որ թույլ է տալիս հուսալ, որ ուղևորներն ու անձնակազմը ողջ են ու աղետի զոհ չեն դարձել: Այժմ էլ ավելի վստահորեն սկսել են խոսել այն մասին, որ օդանավն առևանգված է: Դա նշանակում է, որ հարյուրավոր մարդիկ, որոնցից մոտ 150-ը Չինաստանի քաղաքացիներ են, պատանդ են պահվում ահաբեկիչների կողմից ու, հնարավոր է, տարվել են Կենտրոնական Ասիայի Չինաստանին սահմանակից մի որևէ տարածաշրջան: Միանգամայն հավանական է, որ նախապես մանրակրկտորեն ծրագրված գործողության իրականացման արդյունքում հնարավոր է կազմակերպել այդքան մարդկանց տեղափոխումը Պամիրի կամ Ալատաուի դժվարամատչելի բարձրլեռնային այն շրջաններից մեկը, որն առավել մոտ է Չինաստանի ապստամբելու հակված Տիբեթին կամ Սինձյան-Ույղուրական ինքնավար մարզին(վերջին տարբերակի հավանականությունն ավելի բարձր է): Այդօրինակ գործողությունը կարող է նպատակ ունենալ պայթեցնելու ռազմաքաղաքական այն փխրուն հավասարակշռությունը, որը ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորվել է Կենտրոնական Ասիայի հետ խորհրդային հանրապետությունների, Ռուսաստանի ու Չինաստանի սահմանագլխին: Եթե ճշմարիտ է այս ենթադրությունը, ապա պարզ է, որ օդանավի առևանգման գործը գլուխ չէր կարող գալ առանց գերտերություններից մեկի աջակցության, այսինքն ահաբեկիչներին կարող էր օգնել ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ հենց Չինաստանի կարգի մի երկիր: Կարող էին մասնակցել նաև հարցի տեխնիկական իրականացումն ապահովող միջնորդ-պետություններ և այդպիսի դեր կարող էին ստանձնել, օրինակ, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Մեծ Բրիտանիան կամ Իսրայելը(թվարկած երկրների մասնակցության հավանականությունը կապված է նաև այն հանգամանքի հետ, որ օդանավը պետք է հատած լիներ Պակիստանի և Աֆղանստանի օդային տարածքը): Անշուշտ, սա մռայլ վարկած է, բայց դրա գոյության իրավունքը պայմանավորված է տարօրինակ ու վատ կանխազգացումներ առաջացնող տեղեկատվության մեծ ծավալով: Այդուհանդերձ, հուսանք, որ օդանավն աղետի չի ենթարկվել, վերը ներկայացված վարկածը ևս իրականության հետ որևէ աղերս չունի՝ բոլոր մարդիկ ողջ-առողջ են, կատարվածն էլ քաղաքական հիմքերից զուրկ է:
Արման Մելիքյան