Միջազգային հանրությունը սկսել է արդեն գնահատականներ տալ նախօրեին Ղրիմում անցկացված հանրաքվեին: Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում առայժմ չի արժանացել ոչ մի երկրի ծափահարություններին: Հիմնականում խոշոր տերությունները և հակամարտության անմիջական շահագրգիռ կողմերը չեն ընդունում հանրաքվեի լեգիտիմությունը: Սակայն կա մի երկիր, որը նույնպես տարածշրջանային լուրջ դերակատար է և իր անմիջական շահերն ունի տվյալ հակամարտության մեջ, մասնավորպես Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձություններում: Խոսքը Թուրքիայի մասին է: Բանն այն է, որ այս երկիրը դեռ Ղրիմի հանրավեից առաջ հանդես էր գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանի դերում: Հիմա հետաքրքիր է իմանալ, թե ինչ դիրքորոշում կընդունի Թուրքիան, թե´ Ղրիմի հարցում, թե´ Ռուսաստանի նկատմամբ առհասարակ:
Տեսեք Ղրիմում ապրում է թուրքական ծագում ունեցող շուրջ 300,000-անոց ղրիմաթաթարական համայնք, որը կազում է երկրամասի բնակչության շուրջ 10-12%-ը: Ինչպես հիշում եք այս համայնքը ի սկզբանե դեմ էր արտահայտվում Ղրիմի իշխանությունների որոշմանը միանալ Ռուսաստանին և այդ տարբերակը դիտարկում էր որպես սպառնալիք: Համայնքի առաջնորդները նույնիսկ դիմել էր Թուրքիայի վարչապետին և Ղազախստանի նախագահին, որեպսզի վերջիններս իբր օգտագործեին իրենց ազդեցությունը և պաշտպանեին «իրենց եղբայրներին» Ռուսաստանից: Այս կակապցությամբ Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն Ղրիմի թաթարների Մեջլիսի նախկին նախագահ Մուստաֆա Քիմօղլուին (այս մարդը համարվում է ղրիմաթաթարների համազգային առաջնորդ) խոստացել էր «միջամտել», եթե համայնքը վտանգի տակ հայտնվի: Ի դեպ Թուրքիայի շահագրգռվածությունը ոչ միայն էթնիկ-մշակութային կապերն են, այլև ղրիմաթաթարական համայնքի պատշաճ ներկայությունը Թուրքիայում, որը ևս կարող է ազդեցություն ունենալ Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա: Հետո այդ երկրում իշխող կուսակցության վարկանիշը վերջին շրջանում, կոռուպցիոն սկանդալի պատճառով, զգալիորեն ընկել է, և այժմ խիստ կարիք ունի ցանկացած աջակցության ներքաղաքական կյանքում:
Մենք խոսեցինք այն մասին, թե ինչ պատճառներ ունի Թուրքիան միջամտելու և առհասարակ հանդիմանալու Ռուսաստանին: Հիմա եկեք հասկանանք, թե ինչքանով է նման քաղաքականությունը հավանական' հիմնվելով մի քանի օբյեկտիվ հանգամանքների վրա:
Բանն այն է, որ անկախ նրանից, որ Ռուսաստանն ու Թուրքիան համարվում են աշխարհաքաղաքական հակառակորդներ, վերջին շրջանում այդ երկրների միջև երկկողմ տնտեսական կապերը զարգանում են բավականին արագ տեմպերով: Երկկողմ առևտուրը կազմում է տարեկան շուրջ $40մլդ: Թուրքիան իր էլեկտրոէներգիայի շուրջ 60%-ը ստանում է ռուսական գազատարերի միջոցով: Տարեց տարի աճող ռուս տուրիստների թիվը փաստացի խթանում է Թուրքիայի շինարարության ոլորտի զարգացումը, իսկ միայն 2013թ-ին այդ երկիր է ներթաանցել շուրջ $843մլն ռուսական կապիտալ: Չհաշված թուրքական շինարարական կազմակերպությունների հետ պայմանագրերը «Սոչի-2014» շրջանակներում:
Ուշադրություն դարձրեք այն փաստին, որ Ռուսաստանի այսպիսի աջակցությունը Թուրքիայի տնտեսությանը տեղի է ունենում այն հանգամանքներում, երբ օտերերկրյա կապիտալի հոսքը զգալիորեն նվազել է ներկայիս կոռուպցիոն սկանդալի ֆոնին:
Այնպես որ չեմ կարծում, որ Թուրքիան այժմ կարող է իրեն թույլ տալ փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Լավագույն տարբերակը թերևս կլինի այն, որ պաշտոնապես հայտարարի առ այն, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջանությունը' առանց մանրամասնելով, թե ինչ նկատի ունի և փորձի պահպանել կայուն և լավ տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Էլ չեմ ասում, որ պետք է մոռանա այն արտաքին «միջամտությունների» մասին, որ շռայլորեն, բայց անպատասխանատվորեն խոստանում էր ղրիմի թաթարներին:
Ի վերջո, ես կարծում է թուրքերի և ղրիմի թաթարների հիստերին հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանի հետ շահավետ պայմաններով «առևտուր» անելու հետ: Այլ կերպ ասած ղրիմի թաթարները ցանկանում էին թանկացնել իրենց հավատարմության գինը Ռուսաստանին: Մի բան, որը թերևս արդեն ստացան և դեռ կստանան վերջնականապես Ռուսաստանին միանալուց հետո: Ղրիմի թաթարներին մասնավոապես խոստացվել է ազգային-մշակութային ինքնավարություն: Սրանք իրավունքներ են որոնց մասին ղրիմի թաթարները կարող էին միայն երազել և դրանք այդպես էլ կմնային երազանքների հարթության վրա, եթե Ղրիմը մնար Ուկրաինայի կազմում: Այնպես որ շուտով կարծում եմ, թե´ Թուրքիան, թե´ Ղրիմի թաթարները, կնվազեցնեն իրենց հռետորաբանության մակարդակը:
Հ.Գ. Ի դեպ երեկվա հանրաքվեին մասնացել է ղրիմի թաթարների ավելի քան 40%-ը: Այնպես որ այն խոստացված բոյկոտը համայնքի ղեկավարների կողմից կարծես թե չիրականացավ: Բայց թերևս չիրականացավ հենց ռուսների հետ «հաջող գործարքի» արդյունքում:
Հայկ Թամրազյան