Երբ սրանից մի քանի տարի առաջ, Հայաստանից դուրս անցկացվող մի սեմինարի ընդմիջմանը մի ջահել ադրբեջանուհի ոգեշնչված պատմում էր, թե ինչ անբարոյական են հայ աղջիկներն ու կանայք, ես աչքերս չռած նայում էի նրան: Այնպիսի շոկ էր, որ սկզբում չէի կարողանում կանգնեցնել այդ բառերի հեղեղը: Հետո սկսեցի հարցեր տալ ու նա բացատրեց, որ իրեն պատմել են տղամարդիկ, ովքեր լավ գիտեն դա և երիտասարդության շրջանում իսլամական բարոյականություն դաստիարակելու համար նման օրինակներ են բերել: Հետո նմանատիպ արտահայտություններն էլի այսուայն կողմերից հնչեցին: Խորապես վիրավորվում էի, որ մեր ամբողջ ազգին այդպես են ներկայացնում: Շատ եմ մտածել, ինչի՞ց է, որ այդ թյուրքական ցեղերը մեր մասին նման կարծիք ունեն: Հետո հասկացա: Դա նրանցից է, թե ո՛ւմ են տեսնում նրանք Հայաստանից դուրս, կամ, եթե իրենք են գալիս' ովքե՛ր են նրանց հասանելի: Նրանց համար հայ կնոջ կերպարն այն մարմնավաճառների, կամ փողամոլ առևտրականուհիների շնորհիվ է ստեղծվում, ովքեր մոռանում են, որ իրենց մարմինը սրան-նրան հրամցնելով միայն իրենց չէ' ազգն են ներկայացնում: Իհարկե, նրանց արգելել, որ չգնան հազարումի թուրք ու արաբի վայելք պատճառեն, մի քիչ բարդ է, բայց մի բան պետք է անել…

 


Ալինա Դերձյան