Ֆինլանդիայի և Նիդեռլանդների հետազոտողները նոր տվյալներ են ստացել, որոնք վկայում են այն մասին, որ երեխան ծնվելուց մի քանի շաբաթ առաջ կարող է հիշել որոշակի բառեր: Մի քանի գիտաբժշկական կենտրոնների մասնագետներ կարողացել են ապացուցել ասվածը՝ զննելով նորածինների ուղեղի էլեկտրական ակտիվությունը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Science News-ին:
Հետազոտության ընթացքում կամավորների՝ հղի կանանց մի խումբ միացրել է հատուկ կազմված աուդիոձայնագրություն, որտեղ երաժշտական դրվագների արանքում կրկնվել է իմաստ չկրող «տատատա» բառը:
Ծննդաբերությունից հետո նորածինների մոտ գրանցվել է ուղեղի ակտիվություն, երբ միացրել են նույն ձայնագրությունը: Նույն ընթացքում նման ձայնագրություններ են միացրել նաև այն նորածինների մոտ, որոնք հղիության ընթացքում դրանք չեն լսել: Հետազոտողները, համադրելով ստացված արդյունքները, պարզել են, որ «տատատա» բառին հղիության ընթացքում ձայնագրությունը լսած երեխայի ուղեղն արձագանքում է որոշակի ձևով՝ արձակելով ալիքներ: