Արվեստի և երիտասարդության խնդիրների մասին Անդինը զրուցեց Մավր Մկրտչյանի հետ:
-Համաշխարհայնացման այս թեժ դարաշրջանում ազգային մշակույթի պահպանումը դարձել է հրատապ, համարձակվեմ ասել՝ նաև ցավոտ խնդիր: Այսօրվա երիտասարդության մեծ մասը օտարացած է ժողովրդական երգարվեստից: Մտավախություն չկա՞, որ ժողովրդական մաքուր արվեստը մի օր իր տեղը կզիջի հեշտ ընկալելի փոփ երաժշտությանը:
-Ազգայինը պահպանելու խնդիրներ մշտապես ունեցել ենք: Երբեմն ազգովին մեկուսացել ենք՝ պահպանելու համար այն, ինչը մերն է, ազգային է, իսկ երբեմն էլ ընկել ենք ազդեցությունների տակ: Այսօր իրավիճակը փոքր-ինչ դժվար է, որովհետև տեղեկատվության ներհոսքը անսահման է, օտարոտի մշակութային տարրերը հեշտությամբ են ներթափանցում ազգային մշակույթ: Սակայն իմ օրինակով ես եկա այն համոզման, որ պետք է ազգայինը մի քիչ մոտեցնել ժամանակին: Ես հիմա մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ նույնիսկ վերադարձ կա դեպի ազգային մշակույթ. մարդիկ, ովքեր նախկինում երբեք չէին լսել ազգային երաժշտություն, արդեն հետաքրքրություն են ցուցաբերում: Ես կարծում եմ, որ խնդիրը ճիշտ մատուցումն է: Ժամանակը այլ պահանջներ ունի, և ազգային երգն այնտեղ <տեղավորելու> համար փոքր-ինչ մոդեռնացման կարիք է զգում:
Զրույցը՝ Մարիա Լազարևայի