Չէ, կեցցե մեր գործադիրը, որ պետության բյուջեից որոշակի գումար օրենքով սահմանում է տրամադրել նորածինների ծնողներին, դա իրականում շատ գովելի է, հատկապես եթե հաշվի առնենք, որ ոչ բոլոր երկրներում նման մոտեցում կա առհասարակ: Բայց, շարունակելով մնալ տրամաբանության շրջանակներում, պետք է նաև փաստել, որ սահմանված չափերը նախ համաչափ չեն, հետո էլ' չեն կարող խթանել երկրում ծնելիության տեմպերը:

Նախ, ինչ տրամաբանություն է ընկած առաջին և երկրորդ երեխաների պարագայում տրամադրել նույն 50.000-ական դրամը, իսկ երրորդի դեպքում' միանգամից թռիչք գործել մինչև 1 մլն. դրամ: Սա ծնելիության խթանման հետ կապ ունի, բայց իրականում շատ քիչ, քանի որ մեր երկրում այսօր պրոբլեմատիկ է ոչ թե երրորդ, այլ հենց երկրորդ երեխա ունենալը: Իսկ ժողովրդագրական պատկերի դրական փոփոխություն հնարավոր է երկուսից ավելի երեխաների դեպքում:

Հիմա դուք կասեք, որ կառավարությունը հենց երրորդ երեխայի ծնունդն էլ խթանում է այս ծրագրով: Ճիշտ է, խթանում է, բայց... երրորդ երեխան ունենալուց առաջ, ուզես-չուզես, պետք է նախ երկրորդն ունենաս, իսկ հենց ընտանիքում երկրորդ երեխա ունենալը պետության կողմից ֆինանսապես շատ թեթև է խրախուսվում, երրորդից 20 անգամ քիչ չափով, մինչդեր այդ երկրորդ երեխայի նշանակությունը խիստ մեծ է:

Հնարավոր չէր արդյոք երկրորդ երեխայի համար սահմանել 200.000 կամ 300.000 դրամ, իսկ երրորդի ու չորրորդի' 800.000: Չէ, իրականում հնարավոր չէ, քանի որ այդքան գումար պետությունը չունի, իսկ ընդունցած օրենքը տպավորություն է ստեղծում, թե պետությունը պատրաստ է աջակցել, եթե դուք պատրաստ եք ունենալ երեք և ավելի երեխա ունենալ: Եվ այդ տպավորությունն իրականությանը համապատասպանում է:

Խնդիրը նրանում է, որ ռեսուրսներ ունեցող պետությունն առաջնորդվում է ՆՊԱՏԱԿԱԴՐՈւԹՅԱՆ սկզբունքով, այն է' եթե նպատակ կա իրոք խթանելու ծնելիությունն այնպես, որ այն ազդի ժողովրդագրական իրավիճակի վրա, ապա մեծ ռեսուրսների առկայության դեպքում այդ նպատակը կիրականացվի:
Իսկ եթե երկիրը շատ ռեսուրսներ չունի, այն առաջնորդվում է ոչ թե նպատակադրության, այլ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈւԹՅԱՆ սկզբունքով, ինչպես նաև մեր դեպքում է. նպատակահարմար է ծնելիությունը խթանել այնպես, որ քիչ ռեսուրսներ ծախսվեն:

Սա, ըստ էության, ոչ թե նպատակային խրախուսում է, այլ իրավիճակային:

Հ.Գ. Մի մեծ հարց էլ կա' արտագաղթ անունով: Եթե երկրում չստեղծվեն կյանքի, աշխատանքի և հանգստի լավ պայմաններ և արտագաղթը շարունակվի, ապա կստացվի այնպես, որ, այսօր խրախուսելով ծնելիությունը, պետությունն իրականում մեծացնում է վաղվա արտագաղթի ծավալները:

Այսպիսի պարադոքսալ իրավիճակներում է ընթանում մեր և մեր երկրի կյանքը:

 

Մովսես Դեմիրճյան