Քայլ մինչև բաժանում
Ճգնաժամային հարաբերությունները զույգերի մոտ...

Սիրո և քաղցր հարաբերությունների հակառակ կողմը բաժանման դառը իրականությունն է։ Երևույթը բնական է՝ հաշվի առնելով, որ զգացմունքները հավերժ չեն ու փոփոխական են։
«Ես չէի կարողանում հավատալ, որ նա ցանկանում է բաժանվել։ Ինձ համար այդ իսկական ցնցում էր։ Մենք վիճում էինք, ինչպես բոլորը, իսկ առհասարակ, մենք լավ հարաբերություններ ունեինք»։
Այսպիսի բառեր կարող եք լսել կանանց մեծամասնությունից, ովքեր բախվել են երկրորդ կեսի՝ բաժանվելու ցանկությանը։
Ամենից հաճախ բաժանման ձգտում են այն դեպքում, երբ հարաբերություններն արդեն սպառվել են, որ դրանք վերականգնելն այլևս անհնար է։ Սակայն, չգիտես ինչու, զուգընկերներից մեկն այդ չի նկատում, ինչպես նաև այլ ակնհայտ երևույթներ, որոնք հուշում են, որ ամեն ինչ կարգին չէ։
Ցանկացած զույգի պարագայում իրավիճակն առանձնահատուկ է։ Թեև ամերիկյան հոգեբան Ջոն Գոթմանին հաջողվել է պարզել հիմնական «նախանշանները», որոնք փաստում են, որ ձեր հարաբերությունները քայքայման եզրին են։
Եթե ձեր վեճերը ծաղրանքով են սկսվում, դուք կամ ձեր զուգընկերն արտահայտվում եք երկրորդ կեսի անձնական հատկությունների մասին, գործածում եք շարժումներ, որոնք ակնհայտ ատելություն կամ ծաղրանք են պարունակում, կարծում եք, որ ամեն ինչում զուգընկերն է մեղավոր, խուսափում եք քննարկել խնդրահարույց հարցերը, վեճերից հետո չեք կարողանում հարաբերությունները նորմալ հարթության վրա դնել, ապա բաժանման խնդրի առջև եք կանգնած։
Ընդ որում, որքան շատ են վերը նշված խնդիրները համընկնում ձեր խնդիրների հետ, այնքան ձերը լուրջ է։ Երջանիկ զույգերը նույնպես բախվում են թյուրիմացությունների, չհասկացվածության, վեճերի, միայն թե նրանք արագորեն հարթում են տարաձայնություններն ու վերականգնում փոխհարաբերությունների սովորական մակարդակը։

 

Անուշիկ Պետրոսյան