Մինչ մենք վախենում ենք հատել 30-ի սահմանն ու հրաժեշտ տալ մեր կյանքի 2-րդ տասնամյակին, ողջ աշխարհում երեսնամյա կինը համարվում է ամենագրավիչն ու սեքսուալը: Թերահավատությա՞մբ ես վերաբերվում այս փաստին։ Շարունակիր կարդալ:
Երիտասարդ+ինքնավստահ
Նույնիսկ ամուսնացած լինելու և երեխա ունենալու պարագայում երեսնամյա կինը թարմ տեսք ունի, ինչպես նաև ավելի ինքնավստահ է, քանի որ անցել է ոճային փնտրտուքի միջով, արդեն մի քանի անգամ փորձել է տարբեր ոճեր, սանրվածքներ, շպար և հստակ գիտի՝ ինչն է իրեն սազում:
Ավելի անկախ
Ուսանողական տարիներն արդեն անցյալում են, երեսնամյա կինն արդեն կայացած է, կյանքի մասին ունի ավելի հստակ պատկերացումներ, քան քսանամյա աղջնակը: Նա ավելի երկար ճանապարհ է անցել, ժամանակ է ունեցել իր նպատակներին հասնելու: Եվ ամենակարևորը՝ նա գիտի՝ ինչ է ուզում այս կյանքից:
Ավելի քիչ հուզական
Տղամարդկանց հաճախ է գրավում այն, որ երեսնամյա կանայք լաց չեն լինում ամեն մելոդրամայից ու հուզիչ նկարից: Այս կանայք արդեն տարբերում են՝ ինչն է կարևոր, ինչն՝ ուղղակի հուզական: Նրանք ավելի հանդուրժող են և խնդիր ունենալու դեպքում տաք գլխով չեն մտածում և գործում:
Ավելի երջանիկ
Երեսունը բոլորած մարդիկ շատ ավելի երջանիկ են իրենց զգում:
Friends Reunited-ի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ ամենաերջանիկ տարիքը 33-ն է. հենց այդ տարիքում ես կարծես ազատվում մանկական միամտությունից ու իրատեսորեն գնահատում կյանքը, միաժամանակ սկսում ես ավելի լավատեսորեն նայել ապագային:
Ինչ են մտածում տղամարդիկ...
«30-ն անց կանանց հետ շատ ավելի հեշտ է. նրանք արդեն հասկացել են, որ ոչ մի հարաբերություն իդեալական լինել չի կարող: Ես գերադասում եմ անկախ, կյանքի որոշակի փորձ ունեցող, իր արժեքն իմացող 35-ամյա կնոջ հետ հանդիպել, ով 22-ամյա աղջնակի նման ծանր չի տանում, երբ հանկարծ մոռանում եմ ժամանակին զանգել իրեն ...»:
Զավեն, 37 տ.
«Ինչո՞ւ եմ սիրում 30-ն անց կանանց... նրանք չեն ջանում ավելի երիտասարդ երևալ, քան կան: Եվ ավելի ներդաշնակ են իրենք իրենց ու աշխարհի հետ»:
Լևոն, 27 տ.
«Երբ 30-ը բոլորած կանայք ասում են, որ լուրջ հարաբերություններ են փնտրում, նրանք հստակ գիտեն՝ ինչ նկատի ունեն: Ավելի երիտասարդ կանայք դեռ փնտրտուքի մեջ են, չեն կողմնորոշվել ու հաճախ սխալ են պատկերացնում՝ ինչ պետք է անի և չանի իրենց կողքի տղամարդը: Իսկ 30-ն անց կինը գիտի, որ լուրջ հարաբերություններում պետք է զիջումների գնալ, բանակցել, հարգել միմյանց...»:
Սարգիս, 34 տ.
Cosmo-ի հոգեբան Տաթև Աղաբեկյան: Երեսունը թե´ կնոջ և թե´ տղամարդու կյանքում շատ կարևոր և բեկումնային տարիք է: Այս շրջանում կանայք անցում են կատարում դեռահասությունից դեպի հասուն կյանք, անում որոշակի եզրահանգումներ և ավելի շատ են կայունություն փնտրում հարաբերություններում: Նույնն էլ կատարվում է սեռական կյանքում՝ արդեն երեսունին մոտ կանայք ավելի լավ են հասկանում ու գիտակցում իրենց սեռական պահանջմունքներն ու ցանկությունները:
Այս շրջանը նաև կնոջ սեռականության ծաղկուն շրջանն է համարվում: Այս տարիքում կանայք իրենց փորձի ու բանիմացության հաշվին ավելի մեծ հաճույք են ստանում հարաբերություններից ու ավելի հեշտ են հասնում օրգազմի՝ օրգանիզմում կատարվող հորմոնալ փոփոխությունների շնորհիվ:
PS Այնպես որ, եթե դու արդեն երեսնամյա կին ես, վայելիր այս հրաշալի տարիքը, իսկ Cosmo-ն իր հերթին կհուշի քեզ՝ ինչպես երկարաձգել այս հրաշալի շրջանը: