Նախագահ Սերժ Սարգսյանը Դուբլինում կայացած ԵԺԿ լիագումար նիստում հանդես է եկել ելույթով: Եթե ընդհանուր գծերով ներկայացնենք այն, ապա ելույթի սկզբում նա անդրադարձել է Ուկրաինայում տիրող իրավիճակին, հայ-թուրքական հարաբերություններին ու այդ համատեքստում' փակ սահմանների անթույլատրելիությանն ու ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությանը, ապա անցում կատարել ԼՂ հիմնախնդրին ու հատկապես Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցվող հայտարարություններին: Վերջում խոսել է եվրոպական արժեհամակարգի վերաբերյալ Հայաստանի պատկերացումների մասին:
«Խորապես ցավում ենք, որ Կիևում եղան մեծաքանակ մարդկային զոհեր: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անել առավելագույնը լարվածության թուլացման և երկխոսության միջոցով ողջամիտ լուծումներ գտնելու ուղղությամբ»,- ասել է նախագահը' հավելելով, որ Ուկրաինայի իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են բոլորիս համար: Կարճ ասած, Հայաստանը Ուկրաինայի ճգնաժամի լուծման հարցում հետևյալ սկզբունքն է առաջ քաշում' քաղաքական լուծում' երկխոսության միջոցով:
Խոսելով Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման ու մասնավորապես Հայաստանի ու Եվրոպային միավորող արժեքային համակարգի մասին, նախագահը ուղիղ տեքստով հայտարարում է, որ եվրոպական արժեհամակարգ ասելով Հայաստանում հասկանում են ոչ միայն ժողովրդավարության զարգացումներ և ինստիտուցիոնալ բարեփոխումներ, այլ նաև այդ արժեհամակարգին հատուկ սկզբունքայնություն:
Ապա' նախագահը առաջ է քաշում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հիմնական հարցերը հանդիսացող ցեղասպանության միջազգային ճանաչման, հայ-թուրքական սահմանի ապօրինի շրջափակման, Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության ֆաշիստական դրսևորումների, և մասնավորապես, Եվրոպայի խորհրդի անդամ-պետություն հանդիսացող Ադրբեջանի նախագահի ելույթները, երբ վերջինս բացեիբաց ատելություն և թշնամանք է քարոզում:
«Եվրոպական արժեհամակարգի առանցքային սկզբունքներից է չլռել, երբ տեսնում ենք անարդարություն, երբ լսում ենք կողմնապահ մտքեր, և հատկապես երբ ականատես ենք լինում այլատյացության դրսևորման: «Այլևս երբեք»-ը մեր իսկ կարգախոսն էր, որ ծնվեց երկու աշխարհամարտերի արհավիրքներից: Բայց այդ կարգախոսը կյանքի կոչելու միայն մեկ ձև կա' հիշել, դատապարտել և պահանջել»,- ասել է նախագահը բաց տեքստով հայտարարելով, որ ընդունելով Եվրոպայի մոտեցումը' Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման անհրաժեշտության վերաբերյալ, միաժամանակ Հայաստանը նույն Եվրոպայից ակնկալում է եվրոպական արժեհամակարգին հարիր սկզբունքայնություն ու վճռականություն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման և ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման առումով:
Տիգրան Աբրահամյան