Նրանք, ովքեր արդեն մեկ անգամ աշխատանք են փնտրել, շատ լավ գիտեն, որ գործատուն նախընտրում է աշխատանքի ընդունել փորձ ունեցող մասնագետի: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդպիսի մարդիկ շատ ավելի հեշտ են հարմարվում աշխատանքային նոր պայմաններին: Իսկ ի՞նչ անեն աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ մասնագետները, որը երբեմն էական խոչնդոտ է հանդիսանում աշխատանք փնտրելիս:
Սակայն նույն վիճակագրությունը վկայում է, որ երիտասարդ մասնագետները կարող են զբաղեցնել աշխատաշուկայի թափուր տեղերի մեկ երրորդը:
Ընդունվել աշխատանքի՝ առանց աշխատանքային փորձի
ԲՈւՀ-ի շրջանավարտը կարող է աշխատանք գտնել, այլ հարց է, թե այն ինչպիսին կլինի: Եթե հիմնական նպատակը բարձր աշխատավարձն է, ապա կարելի է ուշադրություն դարձնել այն թափուր աշխատատեղերին, որոնք առաջարկում են բարձր աշխատավարձ և չեն պահանջում աշխատանքային փորձ: Իսկ եթե ցանկանում եք աշխատել միայն ձեր մասնագիտությամբ, այն էլ բարձր աշխատավարձով ապա ձեզ սպասվում է հիասթափություն:

Ռեզյումե
Հարցազրույցի գնալիս ձեզ անհրաժեշտ է լավ կազմված ռեզյումե: Եթե աշխատանքային փորձ չունեք, ապա շատ կարևոր է հստակ նշել, թե ինչ աշխատանքի եք հավակնում: Այսպիսի մոտեցումը ձեզ կբնութագրի որպես նպատակասլաց և ուղղորդված անձնավորության: Ամպայման նշեք ձեր կրթական մակարդակը, և եթե վերապատրաստվել եք, ապա որտե՞ղ: Իդեալական կլինի ներկայացնել նաև ղեկավարի կողմից տրված բնութագիրը:
Հարցազրույց
Հարցազրույցին ցանկալի է պատրաստվել նախօրոք, քանի որ հենց այստեղ է, որ կարող եք ամբողջությամբ ցուցադրել ձեր առանձնահատկություններն ու կարողությունները: Հարկավոր չէ ապագա ղեկավարին «հեքիաթներ» պատմել, հիշեք, որ ձեր յուրաքանչյուր խոսքը կարող է ստուգվել: Զրույցը վարեք ձեր գիտելիքներին և փորձին համապատասխան: Եվ չմոռանաք լինել բարյացկամ և լավատես: Իմացեք, որ ձեր գիտելիքները կստուգվեն և ձեզ մասնագիտական հարցեր կտրվեն: Եվ մի մոռացեք հարցազրույցի գնալիս «զինվել» տվյալ կազմակերպության մասին գոնե նվազագույն տեղեկություններով. այդպես դուք կարող եք կողմորոշվել ապագա պաշտոնին վերաբերվող հարցերում:
Աշխատավարձ
Աշխատանքային գործունեությունը նոր սկսողներին գործատուները բարձր աշխատավարձ չեն առաջարկում, սակայն խոստանում են ապագայում աշխատավարձի չափի բարձրացում: Աշխատանքի անցնելիս ձեզ կնշանակվի փորձաշրջան, որից մեկ-երկու տարի հետո իսկապես կունենաք ձեր ակնկալած աշխատավարձը: Իսկ եթե գործատուն հավատարիմ չի մնում իր խոստմանը, ապա դուք գոնե ձեռք կբերեք այն փորձը, որն այսօր ձեզ պակասում է:
Սկզբնաղբյուր՝ asks.ru
Թարգմանությունը՝ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալության