Մամուլում դեռ քննարկվում է մարտի 1-ին ՀԱԿ-ի կողմից կազմակերպված հերթական հանրահավաքն ու հնչած ելույթների բովանդակությունը։ Ոմանց համար այդ ելույթներում կային նոր մտքեր ու գաղափարներ, սակայն քաղաքական գործընթացներին ուշադիր հետեւողների համար ոչ մի նոր բան չասվեց, ամեն բան մինչ այդ էլ էր պարզ ու հստակ։
Այնուամենայնիվ մարտի 1-ի հանրահավաքի մի փոքրիկ դրվագ գրավեց մեր ուշադրությունը. ազատամարտիկների անունից հայտարարություն կարդալու համար խոսք տրվեց պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանին, որը ընթերցեց նախօրոք ինչ-որ մեկի գրած տեքստը։ Այն, ինչպես երեւաց կարդալու ձեւից, ճարտասանը տեսնում էր առաջին անգամ։
Սակայն ելույթի ավարտին հասկանալի դարձավ, թե ինչու էր այդ խիստ կարեւոր պարտականությունը հանձնարարվել հենց Խաչիկ Ավետիսյանին։ Նրա խոսքից հետո հանրահավաքը վարող Արամ Մանուկյանը հայտարարեց, թե Խ.Ավետիսյանը 2008թ. մարտին 1-ին եղել է Վարդենիսի գնդի հրամանատարը, այն մարդն է, որը չկատարեց զորքերը Երեւան տեղաշարժելու իշխանության անօրինական հրամանը։
Հանրահավաքի մասնակիցներին բորբոքելու եւ գրգռելու պարզունակ նպատակով արված Արամ Մանուկյանի այս հայտարարությունը դրդեց անցկացնել փոքրիկ հետաքննություն՝ պարզելու Խ.Ավետիսյանի զինվորական ծառայության մանրամասները։ Իսկ դրանք ուշագրավ են։
Ինչպես հայտնեցին պաշտպանության նախարարությունից, 2008թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ Խ.Ավետիսյանը եղել է Վարդենիս-Կարճաղբյուրի գումարտակի հրամանատարը, սակայն զորքերը Երեւան տեղաշարժելու մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. Խ.Ավետիսյանի առջեւ նման խնդիր չի դրվել։
Իրականում ինչո՞վ է զբաղվել ծառայության ընթացքում։ Պարզվեց, որ 2004-08թթ. վերոնշյալ գումարտակի հրամանատար եղած տարիներին Խ.Ավետիսյանի ցուցումով ժամկետային զինծառայողներից հավաքվել են դրամական միջոցներ՝ հիգիենիկ պարագաներ գնելու պատրվակով, իսկ առանձին դեպքերում գումարտակի սպաների աշխատավարձից հավաքվել են գումարներ իբր էլեկտրաէներգիայի գերածախսը վճարելու նպատակով։
Սակայն Խ.Ավետիսյանի կատարած ֆինանսական խարդախությունները այսքանով չեն ավարտվել։ 2008թ. նշանակվելով մեկ այլ զորամասի հրամանատար՝ նա շարունակել է պետական միջոցների հաշվին հոգալ սեփական կարիքները։ 2008-2010թթ. ընթացքում Խ.Ավետիսյանի հրահանգով երկու անձ գրանցվել են որպես զորամասի պայմանագրային աշխատողներ, սակայն աշխատանքի չեն ներկայացել, իսկ նրանց անունով հատկացվող աշխատավարձը ստացել է Խ.Ավետիսյանը։

Պետական միջոցները յուրացնելու, վատնելու, իշխանությունը չարաշահելու եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի փաստով Լոռու մարզի կայազորի զինվորական դատախազության կողմից 2010թ. հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությամբ պարզվել է, որ Խ.Ավետիսյանի ՊՆ-ին հասցված վնասը կազմում է ավելի քան 10 միլիոն դրամ։ Նշված քր.գործով 2012թ. սեպտեմբերին Խ.Ավետիսյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, սակայն հանրապետության նախագահի կողմից հայտարարված համաներմամբ ազատ է արձակվել։
Դրանից հետո ՊՆ-ն քաղհայցով դիմել է դատարան՝ հասցված նյութական վնասը փոխհատուցելու պահանջով։ Որպես հայցի ապահովման միջոց ԴԱՀԿ-ի կողմից 30 տոկոսի չափով արգելանք է դրվել Խ.Ավետիսյանի թոշակի վրա։ Հենց այս հանգամանքն է պատճառ դարձել, որ Խ.Ավետիսյանը միացել է իրենց սոցիալական վիճակից դժգոհ ազատամարտիկների բողոքի ակցիաներին, նույնիսկ հացադուլ հայտարարել, ներքաշվել ոմանց կողմից կազմակերպվող «քաղաքական ավանտյուրաներում»։
Այս ամենից հետո, կարծում ենք, հասկանալի է դառնում, թե ով է Խաչիկ Ավետիսյանը, իրականում ինչով է զբաղված եղել ծառայության ժամանակ։

Հայոց աշխարհ օրաթերթ