Ընկերներիցս մեկը, արդեն պատկառելի տարիքի մի մարդ, որը մի ոտքից կաղ է և խմիչքի նկատմամբ անտարբեր չէ, մի անգամ ինձ ասաց, որ որոշել է առաջադրվել Նոյեմբերյանի քաղաքապետի պաշտոնի համար.

- Ինչքան չոլախ ու խմող մարդ կա՝ ինձ ընտրի՝ նաղդ անցած եմ,- պարզաբանեց նա:
Սա ասվեց այն ժամանակ, երբ ՀՀ նախագահի ընտրություններին թեկնածությունների առաջադրման առատություն էր, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ 68 տարեկան մարդ է և մտադիր չէ մտնել ընտրապայքարի մեջ: Առաջադրված 15 թեկնածուների առկայությունից ոգևորված՝ ընկերոջս կատակով առաջարկեցի առաջադրվել նախագահական ընտրությունների համար:
- Չէ որ թեկնածուների և սոցիալական շերտերի այս բազմազանության պայմաններում չոլախների և խմողների տեսակարար կշիռը ավելի բարձր կլինի և քո շանսերը անհամեմատ բարձր կլինեն,- հուսադրեցի ես:
Ընկերս դառնացած նայեց ինձ ու ասաց.
- Լավ բան ես ասում, բայց ափսոս, մի քանի տարուց վաթսունութս թամամելու եմ...
Այսպես Հայաստանը զրկվեց ՀՀ նախագահի ֆավորիտ թեկնածուից...

 

Վարուժան Բաբաջանյան