Երեկ Հայելի ակումբից Վահան Շիրխանյանի հետ բանավեճի հրավեր ստացա: Միանգամից մերժեցի: Ո՞ւմ հետ բանավիՃել, անտեղյակությա՞ն, փոստերը նենգափոխո՞ղի, չիմացությա՞ն թե՞ մշուշոտ, նենգ ու գիշատիչ անցյալի: Անպատվաբեր զբաղմունք է:
Ոչ միայն վերոհիշյալ, այլ նաև այլ թյուրըմբռնողներին առաջարկում եմ մեկ անգամ ևս կարդալ (եթե չեք հասկանա, ամոթ չէ, կարող եք այնքան անգամ կարդալ, մինչև ձեր միակ ուղեղաբջիջն ընկալի Նախագահի խոսքի իմաստը) Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի հետևյալ հատվածը.
5. Չորս տարի շարունակ Եւրոասոցացման ճանապարհով խրոխտաբար ընթացող Հայաստանի իշխանությունները մեկ օրում կտրուկ շրջադարձ կատարեցին և պատրաստակամություն հայտնեցին անդամակցելու Մաքսային միությանը։ Ընդամենը ամիսներ առաջ նրանք երդվյալ արևմտամետ ու Եւրոինտեգրման ջատագովներ էին, իսկ այսօր նույնքան երդվյալ ռուսամետ ու Մաքսային միության ջատագով են դարձել, այն աստիճան, որ իրենց անսահմանորեն շոյված են զգում, երբ ռուս պաշտոնյաները ոչ միայն զարմանում, այլ նաև հիանում են իրենց փութաջանությամբ, ինչպես նախկինում շոյվում էին Արևմուտքի շռայլած գովեստներից։ Հայաստանի իշխանությունների այս ակնթարթային կերպարանափոխությունը, գավառամտության արտահայտություն լինելուց առավել, բացատրվում է այն պարզ իրողությամբ, որ եթե առաջ նրանք համարում էին որ իրենց օրինակարգության (լեգիտիմության) ճանաչումը կախված է Արևմուտքից, ապա այսուհետև այն կախված է լինելու Ռուսաստանից։ Բայց սա, եթե կուզեք, սոսկ հարցի բարոյական կողմն է, որը նույնիսկ կարելի է զանց առնել։ Սրանից շատ ավելի կարևոր է, անշուշտ, հարցի մյուս' քաղաքական կողմը։ Խոսքը բոլորովին չի վերաբերում Եւրոմիության և Ռուսաստանի միջև կատարված ընտրությունը դրական կամ բացասական գնահատելուն, այլ այն նվաստացուցիչ ու վտանգավոր հանգամանքին, որ Հայաստանը փաստորեն Մաքսային միություն է մտնում ոչ թե իրավահավասար գործընկերոջ, այլ ձայնազուրկ հպատակի կարգավիճակով, ինչի վկայությունն է, թեկուզ, վերը հիշատակված գազային պայմանագիրը։
Ո՞րն է այսեղ դրական գնահատականը: Թե՞ դրական գնահատական եք համարում սա. Հետևաբար, պետականության պահպանման և հզորացման տեսակետից այնքան էլ կարևոր չէ' Հայաստանը Եւրոասոցացման համաձայնագրի, թե Մաքսային միության անդամ է դառնում։ Նախընտրելի է այն միությունը, որն առավելագույնս կապահովի հայերի բարգավաճումը սեփական հայրենիքում և կնպաստի Հայաստանի բնակչության աճին։ Որովհետև քաղաքական միություններն անցողիկ են, իսկ ազգը' մնայուն։ Հողը պատկանում է այն ժողովրդին, որը բնակվում է այդ հողի վրա։ Ուստի, ինչպես անցյալում, Հայաստանի համար այսօր չկա ավելի կենսական խնդիր, քան դեմոգրաֆիան, ինչը, սակայն, դժբախտաբար, առայժմ քչերն են գիտակցում», թե սա. «Հասկանալի է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է, իսկ Եւրոինտեգրումը' տեսանելի ապագայում անհնարին։ Ըստ այդմ, թե՛ Կոնգրեսը, թե՛ ընդհանրապես որևէ քաղաքական ուժ, իր հաշվարկները կատարելիս, այսուհետև պարտադրված է մեկնել այս անժխտելի իրողությունից, քանի որ դրա անտեսումը, ծնելով սին պատրանքներ ու կեղծ օրակարգեր, կարող է հանգեցնել լուրջ սխալների ու վտանգավոր հետևանքների»: Իսկ թե խոսքն ինչ լուրջ հետևանքների մասին է, հետևեք ուկրաինական զարգացումներին և կարող է (???????) հասկանաք:
Ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանին, ապա բուրժուադեմոկրատական հեղափոխությունը մնում է ուժի մեջ: Կարծում եմ սա բավարար է, ավելի պարզ խոսքն ասում են....

 

Զոյա Թադևոսյան