Ուղիղ 182 տարի առաջ՝ 1832 թ., Փարիզում ստեղծվեց մասնավոր խուզարկուների առաջին գործակալությունը:
Կարելի է համարել, որ մասնավոր խուզարկուները լույս աշխարհ են եկել Էժեն Ֆրանսուա Վիդոկի շնորհիվ: Այս արտասովոր մարդը ապրել է Ֆրանսիայում (1775-1855 թթ.), գործել 19-րդ դարի առաջին կեսերին: Նա հանցագործ էր, որը հետո դարձավ Ազգային անվտանգության գլխավոր վարչության ղեկավարը և ներկայիս քրեական հետախուզության «հիմնադիր հայրըե:
Երիտասարդության տարիներին, որոնք համընկնում էին ֆրանսիական հեղափոխության հետ, Վիդոկը եղել է սովորական հանցագործ, կատարել գողություններ, կողոպուտ, ավազակություն: 1808 թ. հայտնվել է բանտում, որտեղից կարողացել է դուրս պրծնել՝ դառնալով ոստիկանության իրազեկիչ (стукач): Այդ գործը նա փայլուն է կատարել, ոստիկանության ձեռքն է հանձնել բազմաթիվ հանցագործների: 1812 թ. նրան առաջարկում են ստեղծել հատուկ ստորաբաժանում: Նրա ղեկավարությամբ Փարիզում ստեղծվում է ՙվստահության բրիգադ՚՝ բաղկացած տասներկու խուզարկուներից, որոնցից շատերն ունեին քրեական անցյալ: Ճանաչելով հանցագործ աշխարհը՝ Վիդոկը կարողացավ ծանր հարված հասցնել. ստորաբաժանումը միայն 1817թ. ձերբակալեց 811 հանցագործի, այդ թվում՝ 15 մարդասպանի և գողոնի 38 վերավաճառողի:
1832 թ. լուրեր տարածվեցին, թե նա ինքն է կազմակերպում հանցագործություններ, որպեսզի հետագայում շռինդով բացահայտի: Դժվար է ասել, թե ինչքանով էին հավաստի այդ մեղադրանքները: Փաստն այն է, որ Վիդոկը ստիպված էր թողնել ծառայությունը: Սակայն 57-ամյա խուզարկուն բնավ չէր պատրաստվում թոշակի անցնել: Նույն թվականին նա ստեղծում է «Խուզարկուական գործակալությունե, որն իր տեսակի մեջ առաջինն էր աշխարհում: Գործակալության հիմնական ոլորտը տնտեսական հանցագործությունների բացահայտումն էր: Վիդոկը սկսեց մասնավոր պատվերներով հետաքննել ֆինանսական խարդախություններ, որոնել թաքնվող պարտապաններին և մեծ հաջողությունների հասավ: Առաջին երկու տարիներին նա կարողացավ իր հաճախորդներին վերադարձնել ավելի քան 60 հազար ֆրանկ: Նրա հաջողության գաղտնիքը շատ պարզ էր. Վիդոկը գործակալությունում աշխատանքի էր ընդունում նախկին խարդախների ու խաբեբաների, ովքեր քաջատեղյակ էին այդ մասնագիտության մարդկանց հնարքներին ու գործելակերպին: Վիդոկն այդ գործով զբաղվեց մինչ կյանքի վերջը և կարողացավ ձեռք բերել ոչ միայն անուն ու փառք, այլև հարստություն. չէ՞ որ հաճախորդների կորուստը վերադարձնելիս պատկառելի տոկոս էր ստանում:
Վիդոկի հաջողության պատճառների մեջ կա ևս մի գաղտնիք. նա շատ լավ էր ճանաչում տուժածի հոգեբանությունը, շատ լավ հասկանում էր, որ դժբախտության մեջ ընկած մարդկանցից շատերը խուսափում են ոստիկանություն դիմելուց, որովհետև չեն ցանկանում կապ հաստատել պետական մեքենայի հետ, իսկ մասնավոր գործակալությունում հաճախորդը ստանում էր բացարձակ գաղտնիության երաշխիք և, իհարկե, շատ լավ գիտակցում էր, որ խուզարկուն անձամբ շահագրգռված է պատվերի կատարմամբ, քանզի վարձատրությունը կախված է դրանից: Բացի այդ, հաճախորդները վստահ էին, որ եթե հարկ լինի, պատվերը կատարելու համար մասնավոր խուզարկուն կարող է նաև շրջանցել օրենքը, ինչը երբեմն մեծ դեր էր խաղում հանցագործությունը բացահայտելիս: Վիդոկը, օրինակ, հայտնի էր օրենքը շրջանցելու իր հմտությամբ, ինչը հաճախորդներին հավելյալ վստահություն էր ներարկում նրա հանդեպ:
Համաշխարհային գրականության մեջ նրան հանդիպում ենք Հյուգոյի «Թշվառները»-ում, Բալզակի «Մարդկային կատակերգություն»-ում, Էժեն Սյուի «Փարիզյան գաղտնիքներ»-ում, Ալան Պոի «Սպանություն Մորգ փողոցում», Ալեքսանդր Դյումայի «Փարիզյան մոհիկանները»-ում:
Քչերը գիտեն՝ շատերը չգիտեն