Այսօր Ազգային ժողովն ավարտեց Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ խմբակցության նախաձեռնության քննարկումը, որտեղ ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ:Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ելույթ ունենալով' ասաց, որ չի հայտարարելու , թե Հանրապետական խմբակցությունն ինչպես է քվեարկելու Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը և դրա մասին կասի միայն քվեարկությունից առաջ:
Նշենք, որ քվեարկությունը տեղի կունենա հաջորդ քառօրիայի ժամանակ, իսկ մինչ հաջորդ քառօրյան խորհրդարանական ընդդիմությունը' ՀԱԿ-ը, մարտի մեկին հանրահավաք է հրավիրել' կապված 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների:
Գալուստ Սհակյանն անելանելի դրության մեջ գցեց ընդդիմադիր ուժին' գաղտնի պահելով իր մոտեցումները, սակայն ո՞ւմ համար է անհասկանալի, թե ինչպես է քվեարկելու Հանրապետական խմբակցությունը, ում ղեկավարը, չպետք է մոռանանք, որ նախագահ է դարձել նույն մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների արդյունքում:
Բոլորին է հայտնի, թե ինչպես պետք է քվեարկեր Հանրապետական խմբակցությունը' իհարկե դեմ, բայց քանի որ չուներ արդարացում դեմ քվեարկելու համար, այդ իսկ պատճառով կանգ առավ, որպեսզի մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ ստանա իրեն հասանելիք մեղադրանքները և նոր մերժի հանձնաժողով ստեղծելու ընդդիմության ցանկությունը:
Գալուստ Սահակյանը չհայտարարեց, թե ինչպես են քվեարկելու իրենք այսօր, որովհետև քաջ գիտակցում էր, թե ինչպիսին կլիներ մարտի մեկի հանրահավաքն ու դրան հաջորդող իրադարձությունները:
Եվ ուրեմն' Գալուստ Սահակյանն ընտրեց առավել նպաստավոր տարբերակը ապահովագրելու համար իր թիմի հանգիստ կենսագործունեությունը, հակառակ դեպքում ավելի դժվար կլիներ:
Հ.Գ. Մարտի 1-ի բացահայտումը երբեք ու երբեք չի կարող լինել ՀՀԿ-ի իշխանության ժամանակ և քանի դեռ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանն է քաղաքական ուժերը չպետք է զբաղվեն ինքնախաբեությամբ:
politik.am