Սամվել Հարությունյանը, ով այսօր ձերբակալվել է Հայրիկյանին կրակելու կասկածանքով, ապրում է Քանաքեռում:
Քանաքեռցիները պատմում են, որ երեկ ամբողջ օրը փակ է եղել Զաքարիա Քանաքեռցու 2-րդ փակուղին, որի հենց սկզբում էլ գտնվում է Ս. Հարությունյանի տունը:
Հարեւաննեերի համոզմամբ տարածքը փակ է եղել մի քանի ժամ, մարդիկ չեն կարողացել մտնել իրենց տուն:
Ս. Հարությունյանի հարեւանների պնդմամբ Սամվելը շինարար է, ամուսնացած է, ունի մեկ դուստր: Թաղամասում աշխատող, հանգիստ մարդու համբավ ունի:
Հարեւանները պնդում են, որ Սամվելը միշտ էլ աշխատանք է ունեցել, մինչ այս դեպքերն էլ աշխատել է նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի տանը' վերանորոգելով նրա բնակարանը:
Ավելին, հարեւաններն ասում են, որ վերջինս վերանորոգել է նաեւ նրա ամառանոցը: Նրանք նշում են, որ Սամվելին գիտեն որպես շատ օրինակելի մարդ: «Մենք շոկի մեջ ենք, նման բան չէինք կարող պատկերացնել, մի տեսակ չենք էլ հավատում»,-ասում են նրանք: Ոչ մեկ չի ցանկանում ներկայանալ:
Սամվելի հետ ձերբակալվածը' Սամվել Պողոսյանը, նույնպես Քանաքեռից է, եւ, ինչպես պնդում են նրա հարեւանները, նույնպես աշխատում է Սեդրակյանի մոտ: Ավելացնենք, որ Վարդան Սեդրակյանը նույնպես Քանաքեռից է, իսկ Հայրիկյանին կրակելու մեջ մեղադրվող Սամվել Պողոսյանի եւ Վարդան Սեդրակյանի տները գտնվում են միմյանց հարեւանությամբ:
Հ. Գ. Իրականում հայտնի չէ' այս մարդիկ մեղավոր են նշված հանցագործության մեջ, թե ոչ, սակայն մի բան պարզ է ԱԱԾ-ն լուրջ կերպով խախտում է այս մարդկանց անմեղության կանխավարկածը: