Ավարայրն այսօր էլ շարունակվում է. Վասն հավատոյ, վասն հայրենեաց.
Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի, Վարդանանց սուրբ նահատակների հիշատակի օրն է: Այս օրը, ի հիշատակ Ավարայրի ճակատամարտում ընկած հայ զինվորների, մեր եկեղեցիներում Սուրբ պատարագ են մատուցում:
Շատերի մոտ հարց կառաջանա, թե ինչու է մեր եկեղեցին սրբադասել Ավարայրի ճակատամարտի հերոսներին, բայց պատասխանը պարզ կդառնա, եթե ևս մեկ անգամ վերընթերցենք Եղիշեի պատմությունը'«Վասն Վարդանաց և հայոց պատերազմին». Վասն հավատոյ, վասն հայրենեաց. 451 թ.-ի Սուրբ Վարդանանց հերոսամարտը քրիստոնյա աշխարհում առաջին պատերազմն էր նաև հանուն հավատքի: Վարդանանց հերոսներին Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետը ձոնել է «Նորահրաշ» և «Արիացեալք» շարականները: «Նորահրաշ» շարականի ամեն մի քառատողը սկսվում է նահատակ մի իշխանի անունով:
Նորահրաշ
Նորահրաշ պսակաւոր. եւ զօրագլուխ առաքինեաց.
վառեցար զինու հոգւոյն արիաբար ընդդէմ մահու.
Վարդան քաջ նահատակ որ վանեցեր զթշնամին,
վարդագոյն արեամբդ քո պսակեցեր զեկեղեցի:...
Ավարայրի ճակատամարտն այսօր էլ շարունակվում է. այսօր էլ մենք զգոն պիտի լինենք այն վտանգավոր ու տարատեսակ թշնամիների հանդեպ, ովքեր թե' ներսում, թե' դրսից սպառնում են մեր ազգի գոյությանը, սպառնում են մեզ դարերով հայ պահած Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու գոյությանը: Առա~ջ դեպի հաղթանակ' մեր նախնիների օրինակով:
Հ. Գ.
Հիշեցնեմ, որ այս տոնին նախորդող երեքշաբթի մեր եկեղեցին նշում էր Ավարայրի ճակատամարտին մասնակից հոգևորականների օրը. Տոն Սրբոց Ղևոնդեանց:

 

Զար Դիլանյան