Ամեն օր Cosmo սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը բազմաթիվ հարցեր է ստանում, որոնցից պատասխանները ստանում եք անձամբ: Որոշակի փոփոխություններով երբեմն հրապարակում ենք նաև այդ հարց ու պատասխաններից հատվածբեր www.cosmo.am-ում:
Ես ունեմ մի սեքսուալ ֆանտազիա, որը ինձ մեծ տառապանք է պատճառում: Ես պատկերացնում եմ, թե ինչպես են մի քանի տղամարդիկ կոպտորեն օգտագործում մի աղջկա' իրենց սեռական կիրքը բավարարելով ամենավայրի ու անվայելուչ կերպով: Այս երևակայության շնորհիվ հասնում եմ սեռական գրգռման և օրգազմի, սակայն երբ ամեն ինչ արդեն ավարտվում է, մեծ ճնշվածություն եմ զգում, քանի որ ես ամուսնացած եմ, սիրում եմ ամուսնուս, բարեկիրթ ընտանիքից եմ և նախաամուսնական սեքսով չեմ զբաղվել: Խնդրում եմ օգնեք ինձ ձերբազատվել այդ ամոթալի ֆանտազիայից: Ես խուսափում եմ ամուսնուս աչքերին նայելուց. այնպիսի զգացողություն ունեմ, ասես դավաճանում եմ նրան:
Կան աղջիկներ, ովքեր արական սեռը համարում են խղճուկ, ողորմելի, այսինքն' տղամարդկանց ցածր են դասում իրենցից: Արական սեռի հանդեպ այսպիսի հպարտ կեցվածքը այդ աղջիկների մոտ ծնում է մեղքի զգացում, և հենց դրանից էլ առաջանում են նվաստացման սցենարով ֆանտազիաները: Երևակայության մեջ իրենք իրենց նվաստացած պատկերացնելով' վերջիններս ազատվում են տղամարդու հանդեպ տածած իրենց ստորացուցիչ վերաբերմունքից և դրա հետևանքով առաջ եկած մեղքի զգացումից: Միայն այս դեպքում է հնարավոր սեռական գրգռման զգացողություն ունենալ, այսինքն' երբ սեքսի ժամանակ ձերբազատվում ես մեղքի զգացումից: Իսկ սեռական նման ֆանտազիայի հոգեբանական նշանակությունը սեքսուալ գրգռմանը խանգարող խորընդոտների վերացումն է: Այս վիճակը հոգեսեռական զարգացման ընթացքում տեղ գտած կոնֆլիկտների ոչ առողջ և ոչ ադապտիվ լուծման հետևանք է և ենթակա է հոգեսեքսուալ թերապիայի:
Բարև, ես 25 տարեկան եմ։ Իմ առաջին զուգընկերոջ հետ շատ շուտ հասնում էի օրգազմի, իսկ ներկայիս հարաբերության մեջ դա ոչ մի կերպ չի հաջողվում: Ի՞նչ խորհուրդ կտաք։
Պատճառը հավանաբար ձեր նոր հարաբերության բնույթն է. գուցե այն խոր, մտերիմ հարաբերություն չէ, չկա փոխադարձ վստահություն և անկեղծություն: Հնարավոր է՝ դեր են խաղում նախկին հարաբերության չլուծված խնդիրները, որոնք տարածվում են ներկա հարաբերության վրա: Չի բացառվում նաև սեքսուալ ստերեոտիպերի փոփոխությունը, սեռական գրգիռների որակական տարբերությունը: Ամեն դեպքում խորհուրդ կտայի նաև բժշկական հետազոտում անցնել, որովհետև երբեմն զուգընկերոջ փոփոխությունն ազդում է կնոջ օրգանիզմի նեյրոհումորալ բալանսի վրա' առաջացնելով որոշակի հորմոնների գերարտադրություն, ինչի արդյունքում նվազում է սեռական ցանկությունը և սեռազգայունությունը:
Մեր հարաբերության սկզբում իմ սեռական կիրքը շատ մեծ էր։ Անցել է 1,5 տարի, և ես զգում եմ, որ սեռական կյանքը դադարել է ինձ հետաքրքրել, ես ինձ օգտագործված եմ զգում: Այսպես է եղել նաև իմ նախորդ հարաբերության ժամանակ, որն ընդհատվեց, քանի որ նախկին զուգընկերս առանց ինտիմ կյանքի չէր պատկերացնում շփումը: Գիտեմ, որ խնդիրն ինձանում է։ Ի՞նչ անեմ, որ այս հարաբերությունը նույն բախտին չարժանանա։
Բավական տարածված սեքսոլոգիական խանգարում է' սեռական ցանկության երկրորդային նվազում: Պատճառը կարող է լինել խոր թերարժեքության զգացումը. իբրև կին դու քեզ լիարժեք չես զգում։ Բացի այդ, ակնհայտ է, որ դու սեռական կյանքի հանդեպ խիստ բացասական վերաբերմունք ես տածում: Հարաբերության սկզբում դու ակտիվորեն բորբոքում ես տղամարդու կիրքը, որովհետև երբ նա սեռական ցանկություն է ունենում քո հանդեպ, դրանով քեզ լիարժեք կին ես զգում: Հարաբերության զարգացմանը զուգընթաց օգտագործված լինելու զգացումը պայմանավորված է նրանով, որ սեռական հաճույք չես ստանում, ինչն արդեն թերարժեքության զգացման հետևանք է: Ստացվում է արատավոր շրջանի պես մի բան, որն էլ ի վերջո հանգեցնում է սեռական ցանկության նվազման, ընդհուպ մինչև իսպառ անհետացում:
Իմ սեռական կյանքը շատ ձանձրալի է։ Ինչպե՞ս կարող եմ այն բազմազան ու հետաքրքիր դարձնել։
Ձանձրույթը խոսում է այն մասին, որ դու չես ապրում սեռական բավարարվածության զգացում: Սեռական բավարարվածությունը հոգեհուզական վիճակ է, որին հասնելու համար միայն բարեհաջող սեռական ակտը բավարար չէ: Հարկավոր է, որ քո հոգեսեռական զարգացման կոնֆլիկտներն առողջ լուծում ստանան: Ոչ լիարժեք սեռական բավարարվածությունն այսօր համարվում է սեքսոլոգիական խանգարում և ենթակա է բուժման:
Ես սեռական հարաբերություն եմ ունենում միայն մեկ նպատակով' որպեսզի կանխեմ ամուսնական դավաճանությունը, քանի որ ամուսինս շատ կրքոտ է: Այդ ընթացքում ես ձևացնում եմ, իբր ինձ շատ հաճելի է ու ես հասնում եմ օրգազմի: Արդյո՞ք դա վտանգավոր է իմ առողջության համար։
Այո՛, նմանատիպ սեռական վարքը վտանգավոր է քո առողջության համար, քանի որ դու քո նյարդային համակարգը հյուծելու, հոգեհուզական խանգարումներ' ընկճվածություն, ուշադրության խանգարում, նյարդային դյուրագրգռություն ձեռք բերելու ռիսկին ես դիմում: Այդպիսի սեռական վարքն իջեցնում է քո իմունային համակարգի դիմադրողականությունը, և դու կարող ես շատ հեշտությամբ ձեռք բերել որևէ սոմատիկ հիվանդություն, ընդհուպ մինչև ուռուցքային հիվանդություններ:
Ես իմ տղամարդուն բավարարում եմ օրալ սեքսով: Երբ տեսնում եմ, թե ինչպիսի սուր զգացողություն է դա նրան պարգևում, խոր հրճվանք եմ ապրում: Վերջերս նկատել եմ, որ նրա սերմնաժայթքման պահը ձգձգվում է: Իսկ վերջին անգամ սերմնաժայթքում ընդհանրապես չեղավ' չնայած բավական երկարատև օրալ գրգռմանը: Արդյո՞ք սերմնաժայթքման բացակայությունն առողջական խնդիր է և կապվա՞ծ է այն մեր սեռական վարքի հետ:
Այո՛, սերմնաժայթքման բացակայությունը սեքսոլոգիական խանգարում է և ենթակա է հոգեսեքսուալ թերապիայի: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ տղամարդը չի ունենում սեռական գրգռման աճի զգացողություն, իսկ սերմնաժայթքման և օրգազմի հասնելու համար հարկավոր է սեքսուալ գրգիռների կուտակում մինչև առավելագույն մակարդակը, երբ առաջանում է սերմնաժայթքման ռեֆլեքսը: Օրալ կոնտակտն ընդհանուր առմամբ առնանդամի թույլ մեխանիկական գրգռում է ապահովում:
Այն գուցե ունի սուր զգացողություն պարգևելու ուժ, քանի որ արտասովոր սեռական վարք է, բայց իբրև սեռական կյանքի հիմնական ձև, այն չի կարող երկար շարունակվել, քանի որ, շատ արագ կորցնելով իր արտասովորությունը, այն հոգեսեքսուալ գրգռման ազդեցություն չի ունենում: Քանի որ բացակայում է նաև մեխանիկական գրգռման հանգամանքը, ապա օրալ կոնտակտը վերջ ի վերջո տղամարդու մոտ առաջացնում է սեռական խանգարում: Հնարավոր է, որ լինի այլ բարդություն, օրինակ՝ էրեկցիայի թուլություն: Ուստի օրալ կոնտակտը հարկավոր է կիրառել միայն իբրև սեռական կյանքը հարստացնող միջոց, սիրախաղի մի ձև, բայց ոչ երբեք սեռական կյանքի հիմնական ձև:
Ես 23 տարեկան եմ, ամուսնացած եմ: Սեռական հարաբերության ժամանակ այրող ցավի զգացում եմ ունենում: Հետազոտվել եմ գինեկոլոգի մոտ: Բժիշկն ասաց, որ ամեն ինչ կարգին է և իմ ցավի պատճառը հոգեբանական է: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս վարվեմ այս վիճակից դուրս գալու համար։
Սեռական հարաբերության ժամանակ նկատվող այրող ցավը սեքսոլոգիական խանգարում է, որը կոչվում է դիսպարեունիա: Հնարավոր է, որ այն կապված է որևէ հոգեսեռական տրավմայի հետ, սակայն կան նաև օրգանական պատճառներ, հատկապես որոշ հորմոնալ տեղաշարժեր, որոնք կարող են բերել հեշտոցի խոնավացման և զգայունության պակասի: Այդ ամենի հետևանքով դու բավականաչափ չես գրգռվում, ուստի և ունենում ես ցավի զգացում: Հարկավոր է նորից հետազոտվել և պատճառը հստակեցնելուց հետո ստանալ պրոֆեսիոնալ բուժում: