Երբ իշխանություններին քննադատում ես, հայտնվում են դրանիկներ ու սկսում են պաշտպանել իրենց տերերին և տիրացուներին։ Մի՞թե այդ դրանիկներից որևէ մեկը չի կարողանում բացատրել իր տերերին, որ այն ինչ արվում է իրենց կողմից, վաղուց արդեն հնացած մեթոդներ են, և դրանով ոչ թե վնասում են կոնկրետ անձի, այլ բազմաթիվ քաղաքացիների։
Ճնշում կարող է գործադրել նա, ում կողքին կանգնած է ժողովուրդը, իսկ դուք ժողովրդից շատ-շատ հեռու եք։
Ես ուրախ կլինեի, եթե մեր տնտեսությունը իրականում կայուն լիներ, վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ ևս ուրախ կլիներ, եթե մեր տնտեսության վիճակը աղետալի չլիներ։ Սակայն ներկայումս մեր տնտեսությունը հետընթաց է ապրում։ Եթե օրինակ ցուցանիշներ ապահովելու նպատակով փոփոխոթյուն է կատարվում ցուցանիշների հաշվարկման բանաձևում, որպեսզի ցուցանիշները դրական տեսք ստանան, դա դեռ չի նշանակում, որ ժողովրդի համար դրանք շոշափելի են կամ դրանից ժողովրդի կյանքի որակը լավացավ։
Կայուն տնտեսություն ունեցող երկրում, ներդրումները աճում են, ոչ թե նվազում, և պետք չէ մեր տնտեսական քաղաքականության ձախողումները բարդել միայն աշխարհում տեղի ունեցող գործընթացների վրա։ Կայուն տնտեսություն ունեցող երկրի կառավարությունը գումարներ է ուղղում ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը, ոչ թե «բարեփոխման» անվան տակ խլում առաց այդ էլ սոցիալապես ծանր վիճակում գտնվող ժողովրդից։ Կայուն տնտեսություն ունեցող երկրում կառավարությունը ապահովում է բիզնես միջավայրի զարգացումը, ոչ թե հարկային գործիքների միջոցով, տարատեսակ տուգանքներ գրելով «պլան» կատարում, հետո էլ միջազգային «հեղինակավոր» ամսագրերի հրապակումներով հպարտանում...
Եվ ի վերջո, կայուն տնտեսություն ունեցող երկրի կառավարությունը աշխատելու իմիտցիա չի անում, այլ ապացուցում է իր կատարած աշխատանքը՝ ժողովրդի կյանքի որակը բարելավելով, և որևէ մեկը Ձեզնից բացի մեղավոր չէ Ձեր ձաղողումների համար:
Ձեր ձախողումները արդարացնելու նպատակով իշխանական լծակները օգտագործելու պարագայում անգամ հնարավորություն չի ընձեռվի Ձեզ որևէ ջրառատ ջրամբարի ջրով լվանալ Ձեր ձեռքերը։
Արմեն Ասլյան