Յուբեր դե Ժիվանշիի ոճը նրբագեղ, արիստոկրատ և էլեգանտ է: Նա համարվում է 20-րդ դարի լավագույն ֆրանսիացի դիզայներներից մեկը: Նա երբեք չի շեղվել գեղեցիկի կանոններից և, ժամանակակից տենդենցներին զոհ գնալով, չի հրաժարվել իր սեփական էսթետիկայից: Այսօր՝ փետրվարի 21-ին, հանրահայտ կուտյուրյեի 87 ամյակն է: My Sales-ը, շնորհավորելով նրան, Ձեզ է ներկայացնում նրա գլխավոր մուսա Օդրի Հեփբերնի ամենահայտնի 5 կերպարները, որոնք մտել են նորաձևության պատմության մեջ:
1. “Տիֆանիի մոտ նախաճաշ” ֆիլմի սև զգեստը, 1961թ.
Լակոնիկ երկար սև զգեստը, որով Օդրի Հեփբերնը հայտնվում է ֆիլմի ամենասկզբում, համարվել է ամենահանրահայտ հանդերձը կինոմատոգրաֆիայի ամբողջ պատմության ընթացքում, և, իհարկե, այն կարելի է անվանել բոլոր ժամանակների ամենահայտնի սև փոքրիկ զգեստը: Ֆիլմի նկարահանումների ժամանակ դիզայները և դերասանուհին արդեն իսկ մտերիմ ընկերներ էին, և Հեփբերնը հրաժարվում էր աշխատել որևէ այլ դիզայների հետ:
Լեգենդար զգեստը վաճառվել է 2006 թվականին Լոնդոնում անցկացվող Christie’s աճուրդի ժամանակ գրեթե 1 միլիոն դոլլարով: Գնորդը որոշել է չբարձրաձայնել իր անունը:
2. “Սաբրինա” ֆիլմի զգեստը, 1954թ.
Յուբեր դե Ժիվանշիի և Օդրի Հեփբերնի ծանոթությունը տեղի է ունեցել “Նախաճաշ Տիֆանիի մոտ” ֆիլմի նկարահանումներից շատ ավելի շուտ: 1954թ. երիտասարդ դերասանուհին “Սաբրինա” կատակերգության համար հանդերձներ փնտրելիս հայտնվում է Ժիվանշիի կարի արվեստանոցում: Դիզայները իր հերթին ծանոթ չէր նորաստեղծ աստղի հետ և անհամբեր սպասում էր մեկ այլ հոլլիվուդյան աստղի՝ Քեթրին Հեփբերնին՝ կարծելով, որ կազմակերպիչները շփոթել են աղջկա անունը: Հենց այսպես էլ սկսվել է Յուբերի և Օդրիի ընկերությունը: Նրանց առաջին համատեղ աշխատանքը դարձավ ”Սաբրինա”-ի համար հանդերձների ստեղծումը: Սպիտակ զգեստը՝ զարդարված սև ծաղկավոր ասեղնագործությամբ, արդեն մի քանի տասնամյակ համարվում է ամենապահանջված հարսանեկան կերպարներից մեկը:
3. “Զվարճալի մռութը” ֆիլմի կարմիր զգեստը, 1957թ.
Եվս մեկ հանրահայտ զգեստ թե՛ Հեփբերնի, և թե՛ Ժիվանշիի համար հանդիսանում է առանց թևքերի երկար կարմիր զգեստը, որով նա հայտնվեց ”Զվարճալի մռութը” ֆիլմի տեսարաններից մեկում 1957 թվականին: Չնայած նրա, որ մոնտաժի ժամանակ գրեթե բոլոր կարմիր զգեստով տեսարանները կտրվել էին, և էկրաններին այն երևում է մի քանի վայրկյան, հենց այս զգեստն է դարձել ֆիլմի գլխավոր սիմվոլը: Այս անգամ Յուբերը Էդիթ Հեդի հետ առաջադրվել էր Օսկարի “Լավագույն կոստյումներ” անվանակարգում, սակայն չէր հաղթել:
4. Օդրի Հեփբերնի հարսանյաց զգեստը, 1969թ
Օդրի Հեփբերնը էլեգանտության կերպար էր ոչ միայն էկրանի վրա, այլև կյանքում: Իր սեփական հարսանիքի ժամանակ դերասանուհին նախընտրեց կրել համեստ նուրբ վարդագույն գույնի հասարակ զգեստ, որը դարձավ այդ ժամանակաշրջանի սիմվոլը: Զգեստը լրացված էր կանգնող օձիքով և գլխաշորով, որը կարված էր նույն կտորից:
5. “Ինչպե՞ս գողանալ միլիոն” ֆիլմի ժանյակավոր սև զգեստը, 1966թ.
Ժիվանշիի և Հեփբերնի հերթական համատեղ աշխատանքը ”Ինչպե՞ս գողանալ միլիոն” ֆիլմն է: Էկրանին դերասանուհին հանդես է գալիս այնպիսի զգեստներով, որոնք կատուալ են նաև այսօր՝ 50 տարի անց: Ֆիլմի ամենահայտնի կերպարներից մեկը ծնկերից մի քիչ ներքև իջնող սև ժանյակավոր զգեստն է՝ թափանցիկ ձեռքերով, որը լրացված էր սև ժանյակավոր զուգագուլպաներով և սև դիմակով: