ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. «ՀԱՅԻ ՈԳԻՆ»

ԿԱԽՄԱՆ ԿԵՏԵՐ…

Անհանգիստ է աշխարհը, անհանգիստ է մեր շուրջը… Թեև մեր տնից հեռու են խփվում աշխարհաքաղաքական ալիքները, բայց մենք, ավաղ, նաև մեր դեմքին ենք զգում ալեկոծության մահաբեր ու դառը շունչը… Եվ դարձյալ, ինչպես հարյուր տարի առաջ, տասնյակ հազարավոր անօթևան հայեր… Այո՛, փոքր է մեր հայրենիքը, բայց այս մեծ աշխարհից դուրս չէ… Աշխարհի հզորները իրենց շահն են փնտրում և դարձյալ իրենց խաղերն են խաղում սեփական զենքով գրված կանոններով, որոնք մենք կա՛մ չգիտենք, կա՛մ եթե անգամ գիտենք, ապա ի զորու չենք փոխելու… Եվ դարձյալ, ինչպես հարյուր տարի առաջ, ինչպես հազար տարի առաջ, մենք կանգնած ենք մի մեծ ու անլուծելի խնդրի առաջ' դեպի ո՞ւր շարժվել, ո՞ր ուղղությամբ գնալ, ո՞րն է մեր առաջընթացի ուղին… Եվ դարձյալ ինչպես հարյուր տարի առաջ, ինչպես հազար տարի առաջ, ո՞ւմ ապավինենք, ի՞նչ սահմաններում, ի՞նչ ձևի մեջ ու ի՞նչ բովանդակությամբ… Հավերժական հարցեր, որոնց ահա քանի՜ դար փորձում ենք պատասխանել… Եվ այսօր չգիտենք' լա՞նք մեր պապերի, ապուպապերի համար, որ երբեմնի մեծ ու հզոր' ծովից ծով ձգվող տերությունից, անվերջ տալով ու զիջելով, անվերջ նահանջելով՝ այս փոքրիկ, բռաչափ հայրենիքն են մեզ ժառանգություն թողել, թե՞ ուրախանանք, հպարտանանք, որ ի հեճուկս աշխարհակործան փոթորիկների ու սամումների, մեր «փոքր ածուն» բերել հասցրել են այս օրերին, և մենք կանք ու ապրում ենք մեր սեփական երկրում ու սեփական հայրենիքում… Եվ ո՞վ է, ո՞ւր է, որտե՞ղ է ճամփաբաժանի վրա կանգնած հեքիաթի այն իմաստուն ծերունին, որ մեզ խորհուրդ տա, թե որ ճանապարհով գնանք… Գուցե հեքիաթի այդ ծերունին նստած է մեզնից յուրաքանչյուրի մեջ, և նրան գտնելու համար պարզապես պետք է մեր ներսը նայենք, մեր ներսում փնտրենք… Իմաստուն ծերունի ասացի, ու անմիջապես Թումանյանը պատկերացավ աչքերիս առաջ, այն Թումանյանը, որ հիսուն տարեկանում արդեն զառամյալ ծերունի էր, քանզի նրա սրտի միջով էին անցնում և հոգում էին բեկվում իր ժողովրդի ու իր հայրենիքի վրա իջած բոլոր հարվածները… Հարյուր տարի առաջ մեծն Թումանյանը ցավով հարցնում էր' «Ո՞րն է էս ժողովրդի պատմական ճանապարհը, սրա գոյության խորհուրդը, ի՞նչ է կամենում սա, սրա ոգին», և նրանից հարյուր տարի անց դարձյալ նույն հարցերի առջև ենք կանգնած…

Գ.Ա.

Անհատներ կան, որոնք ապրում են և նշանավոր են միայն նրանով, որ մի բարձր պաշտոն ունեն կամ աստիճան։ Առեք նրանցից էդ պաշտոնը կամ աստիճանը' կտեսնեք' օխտը կորածի մինը։ Մարդիկ էլ կան, որ առանց իշխանության էլ, թեկուզ նույնիսկ ձախորդության ու հալածանքի մեջ, միշտ երևում են իրենց ինքնուրույն կերպարանքով, ուժով ու շնորհքով։ Էդպես են և մարդկային ցեղերը։ Պատմությունը ցեղեր է հիշում, որ իշխել ու նշանավոր են եղել, քանի որ ունեցել են քաղաքական ինքնուրույն իշխանություն, զենքի զոռ ու ֆիզիկական ուժ. հենց որ կորցրել են քաղաքական անկախությունը, հետզհետե հալվել են ժողովուրդների մեջ ու կորել։ Ցեղեր էլ կան, որ քաղաքական անկախ կյանքը կորցնելուց հետո էլ կարողացել են պահել իրենց ազգային կերպարանքը երկար դարերի ընթացքում, ամեն տեսակ հալածանքների տակ։ Իհարկե, ծանր է եղել միշտ էս մաքառումը և բարոյական ու ֆիզիկական կորուստները անվերջ, բայց, այնուամենայնիվ, նրանք չեն կորել ու կան։ Էդ ժողովուրդներից մինն է անշուշտ մեր դժբախտ ցեղը, որ քաղաքականորեն անկախ չի եղել գրեթե երբեք, որ իր գոյության տարիներից ավելի շատ կարող է կոտորածներ համարել և սակայն էսօր էլ տակավին կա իր լավ, թե վատ' ազգային կյանքով ու կերպարանքով։

Գիտությունը, լուսավորությունը մարդկային կյանքի պատմության շատ մութ տեղերի հետ միասին լույս կձգի և մեր անցկացած երկար ու դժար ճամփի վրա մինչև նրա սկիզբը, որ ինչքան թանկ է մեզ համար, էնքան էլ վեր է մեր ուժերից։ Բայց մեր ուժերից վեր հո չի նայէլ, քննել, ճանաչել մեր երեկն ու էսօրը։

Էսքան փորձություն ու տառապանք ունեցած մի ժողովրդի անվայել է անգիտանալ իր կյանքը ու ծփալ, տարուբերել ժամանակի ալեկոծության քմահաճույքին անձնատուր։ Եթե էդ դրությունը հասկանալի է խավար բազմության համար, ներելի չի ինտելիգենցիային, որ ինչքան էլ ընդհանուր առումով խորթ լինի էս ժողովրդին իր հոգով ու կենցաղով, այնուամենայնիվ իր մեջ պետք է ունենա և ունի մարդիկ, որոնք ապրում են էդ ժողովրդի կյանքն ու պատմությունը։ Նրանք առաջ պետք է անցնեն, որոնեն, ցույց տան, թե որն է էս ժողովրդի ճանապարհը։

Մեզանում, հիրավի, ճանապարհներ կան որոշած, բայց դրանք էս կամ էն կուսակցությանն են կամ լրագրին։ Ամեն ազգի մեջ կան և միշտ կլինեն ամեն տեսակի հասարակական ու քաղաքական կուսակցություններ ու հոսանքներ, բայց բոլորովին ուրիշ բան է ժողովրդի ամբողջությունը։

Այո՛, լինում են դեպքեր, մի որևէ հոսանք ուժ է առնում ու ժամանակավոր էս կամ էն կողմը քաշում կյանքն ու մարդկանց ուշքը, բայց դրանք մոմենտներ են ամեն ժողովրդի կյանքի մեջ, որոնցից ոչ մինը առանձին վերցրած պատասխան չի տալ դրված հարցի, և նա դարձյալ կխոսի ու պատասխան կուզի, թէ ո՞րն է էս ժողովրդի պատմական ճանապարհը, սրա գոյության խորհուրդը, ի՞նչ է կամենում սա, սրա ոգին։ Եվ ուր որոնենք էդ ոգին։ Արդյոք Սասունի, Զեյթունի, Մոկաց, Ղարաբաղի ու Լոռու սարերո՞ւմ, թե՞ Շիրակի, Արարատի ու Մուշի դաշտերում։ Արդյոք հին վանքերի միստիք կամարների տա՞կ, ուր ծավալվում է «խորհուրդ խորին անհաս և անսկիզբն», թե՞ դալար մարգերում ու խաչահանգիստ հովիտներում, ուր «լուսնյակն անուշ, հովն անուշ, շինականի քունն անուշ»։ Արդյոք «ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» խոսողի երկնաչու պաղատանքնե՞րի մեջ, թե՞ «վերք Հայաստանիի» հայրենասիրական ողբի հառաչանքների եւ մորմոքների մեջ։

Իհարկե, էս ամեն տեղերում, էս ամենի մեջ։ Եվ ինչքա՛ն մեծ է խաղաղ կյանքի ու խաղաղ աշխատանքի կարոտը էս ամեն տեղերում ու ամենի մեջ, խորթ արյունի ու պատերազմի, խորթ սրածության ու ավերածության…

Ո՞րն է հայ ժողովրդի ոգին, և ի՞նչ է ուզում նա։

 

Hayzinvor.am