«Գուրգեն Մարգարյան» բարեգործական ՀԿ-ի հայտարարությունը Հայոց բանակի սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ.
«10 տարի է, ինչ քաջարի հայորդին, հայ զինվորը՝ մեր ընկերը, ննջում է հայրենի հողում: 20 տարի է, ինչ մենք բոլորս ականատես ենք լինում հակառակորդի վայրագ գործողություններին խաղաղ բնակչության հանդեպ. նույնքան խաղաղ, որքան Գուրգենը, երբ քնած էր իր մահճակալին ուղիղ 10 տարի առաջ: Եվ 100 տարի է, ինչ մենք լուռ հանդուրժողականությամբ, սակայն սեղմված ատամներով, սպասում ենք, որ քաղաքակիրթ պետությունների պես կկարողանանք տղամարդավարի հանդիպել, քննարկել և լուծել ծառացած հարցերը:
Մենք՝ «Գուրգեն Մարգարյան» բարեգործական ՀԿ-ի ներկայացուցիչներս, մեր վրդովմունքն ենք հայտնում ադրբեջանցի ստահակ Ռամիլ Սաֆարովի՝ (որ մարդության դեմ է հանցագործություն կատարել)՝ հերոսի կոչումով ազատության մեջ լինելու կապակցությամբ:
Մարդասպանություն, իսկ միջազգային ատյանների կողմից նաև ցեղասպանություն որակված արարքի համար ներում ստանալը հրաշալի հարթակ է, որն Ադրբեջան պետությանը մեր երկրի, մեր քաղաքացիների անվտանգության նկատմամբ ոտնձգություններ կատարելու խղճուկ և իրականում անհաջող փորձերի առիթ է տալիս:
Գուրգենի լուսավոր ու վառ հիշատակը զգոնության կոչ է և հրահանգ, որ մեզնից յուրաքանչյուրի պատվի հարցն է դարձել. թույլ չտալ, որ «խուժան ամբոխը» կամայականություններ իրականացնի մեր պետական սահմանի մոտ, պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը, լինելով 21-րդ դարում իրականացված բարբարոսության՝ քնած մարդուն կացնով սպանող, այդ ահասարսուռ արարքը հերոսացնող ցեղի դիմակը պատռողը:
Գուրգե՛ն ջան, դու միշտ մեզ հետ ես, մեր սիրելի ընկեր: Դու օրինակ ես, որով մենք դաստիարակելու ենք մեր տղաներին՝ լինել քաջարի, բարձր մարդկային հատկանիշներով, իսկական տղամարդ՝ ինչպես վայել է իրական հային։
Գուրգե՛ն ջան, հիշատակդ վառ…»։
«Գուրգեն Մարգարյան» բարեգործական ՀԿ անդամներ
18 փետրվարի, 2014 թ.