Ամենևին էլ պետք չէ ոգևորվել Հայաստանում մամուլի ազատության ցուցանիշով և «Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության» կողմից օրերս հրապարակած աշխարհում մամուլի ազատության ցուցիչի վերաբերյալ 2014թ. զեկույցով, ըստ որի Հայաստանի Հանրապետությունն առաջատար է մեր տարածաշրջանում: Իհարկե, մամուլի ազատությունը ժողովրդավարության կարևորագույն չափանիշներից մեկն է, սակայն խնդիրն այստեղ այլ հարթության մեջ է: Մեր տիպի երկրներում, որտեղ գործում է, այսպես կոչված, խորքային հիբրիդային ռեժիմ, ընդ որում, քաղաքական պլյուրալիզմի շատ ցածր ցուցանիշով, այսինքն՝ սոցիալ-քաղաքական տարբեր խմբերը գրեթե հնարավորություն չունեն իշխանության նվաճման համար մղվող պայքարում հաջողության հասնելու, մամուլը սովորաբար գտնվում է բավականաչափ վերահսկողության տակ: Սակայն, եթե իշխանությունը գնում է մամուլին ազատություն տալու ճանապարհով, ուրեմն երկրում առկա են լինում սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որոնց լուծման համար ճանապարհներ չի գտնում (իրականում ոչ թե չեն ուզում, այլ պարզապես արդեն սպառվել են և չեն կարողանում ադեկվատ գնահատել գործընթացներն ու երևույթները և կայացնել անհրաժեշտ քաղաքական որոշումներ), քանի որ քաղաքական որոշումների կայացման մեխանիզմները գրեթե չեն աշխատում: Այս պարագայում ԶԼՄ-ների ազատությունը հանդես է գալիս որպես դժգոհությունների ապակոնսերվացման, շահերի դեագրեգացիայի մեթոդ, քանի որ մարդիկ հնարավորություն են ունենում լսելու այն, ինչի մասին մտածում են: Այսպես, լուծվում է զանգվածային դիսկոմֆորտի տրամադրությունների առաջացումից խուսափելու հարցը, որն ուղիղ համեմատական է հեղափոխական կրքերի մարմանը: Ուրեմն, մամուլի ազատությունը ցածր սոցիալ-տնտեսական պայմաններում, իշխանության համար լավ հենարան էլ է և դեռ կարելի է տնտեսության մասին չմտածել շարունակել:

 

Արման Սահակյան