Բանաստեղծ Արմեն Դավթյանը հեղինակային հրատարակությամբ լույս է ընծայել ապշեցուցիչ վերնագրով մի գիրք՝ «Հայ-շումերական ընդհանրությունների բառարան»:
Ստվարածավալ այս աշխատությունը, որը հեղինակի մտահղացմամբ ունենալու է ևս երկու հատոր, բանաստեղծությունների ժողովածու չէ, իրոք բառարան է, հղացված, թերևս, պոետի խիզախումով և կանխատես երևակայությամբ, կյանքի կոչված տասնամյա տքնանքով և ապշեցուցիչ է թվում սոսկ անտեղյակներիս, առաջին հայացքից, որովհետև բառարանակազմության կանոնների պահպանմամբ ստեղծված, գիտական լրջագույն ուսումնասիրության միտվող գիրքը բազում օրինակներով և տեսականորեն ապացուցում է հայերնի և շումերերենի անհերքելի ընդհանրությունները:
Հեղինակը առաջաբանում գրում է.«Մեր ելակետն այն է, որ շումերերեն կոչվածը մ.թ.ա. 3-րդ հազարամյակի հայերենն է: Այդ հայերենում իհարկե, կարող են լինել օտար ծագման, ոչ բնիկ հայերեն բառեր, բայց դրանցից հայերենը չի դադարում հայերեն լինելուց: Մեր համոզումն հիմնված է այն փաստի վրա, որ հենց շումերերենն է հաճախ ցույց տալիս հայերենի կազմավորման ուղին…»:
Աշխատության գիտական արժեքը գնահատելը թողնելով մասնագետներին և խնդրելով անպայման ուսումնասիրել այն, նշենք միայն, որ մեզ համար այս գիրքը հայտնության նման մի բան էր, լի բառային գյուտերի մեղեդայնությամբ:
Վերջաբանում հեղինակը գրում է. «Միջազգային գիտական հանրությունը դեռևս պատրաստ չէ ընդունել, որ շումերերնը մեռած լեզու չէ, որ շումերերենը կարող է վերապրել և մեզ ներկայանալ որպես հայերեն, որպես ամենահին (չմեռած) հնդեվրոպական լեզու: Պատրաստ չէ ոչ թե այն պատճառով, որ բարյացկամ չէ հայերի նկատմամբ կամ աչառու է ընդհանրապես, այլ որովհետև մենք ինքներս պատրաստ չենք»:
Եվ թվարկելով պատրաստ լինելու նախապայմանները, նշում է նաև շումերագիտական կենտրոն ունենալու անհրաժեշտությունը, ինչի վրա հրավիրում ենք համապատասխան կառույցների ուշադրությունը:
Կարդացեք ԱՆԴԻՆԻ 2014թ. 1-ին համարում