Ծնվել է 1972 թ. մարտի 30-ին ՀՀ Հրազդանի շրջանի Մեղրաձոր գյուղում: 1989 թ. ավարտել է Հրազդանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցը:

1990 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը:
Անմասն չմնալով Արցախի ազատագրման պայքարից' քաջ հայորդին 1992 թ. նոյեմբերին Ստեփանակերտում կամավոր մտնում է սակրավորների վաշտի մեջ: Շուտով Ա. Ղազարյանին վստահում են դասակի հրամանատարությունը և շնորհում լեյտենանտի կոչում: 1992 թ. դեկտեմբերին նա մասնակցում է Բերձորի (Լաչինի) Ֆինգա բարձունքի վերագրավմանը, իսկ 1993 թ. փետրվարի 5-ին' Կիչան, Չլդրան գյուղերի մատույցների գործողություններին, վիրավորվում է ոտքից, ապաքինվում և կրկին մեկնում ճակատ:
1993 թ. մարտի վերջին Ա. Ղազարյանը մասնակցում է Քարվաճառի (Քելբաջարի) գործողություններին, հունիսի 14-ին' Մարտակերտ քաղաքի, հուլիսին' Աղդամի ազատագրմանը, իսկ օգոստոսին արդեն մարտնչում էր Հադրութի շրջանի գյուղերի ազատագրման համար: Վիրավորվելով թևից' նա երկրորդ անգամ կարճ ժամանակով թողնում է մարտի դաշտը: Ապաքինվելուց անմիջապես հետո նորից վերադառնում է մարտի դաշտ: Ստեփանակերտի գնդի հրամանատարությունը, տեսնելով Ա. Ղազարյանի աննկուն կամքը, անսահման խիզախությունն ու հայրենասիրությունը, նրան նշանակում է սակրավորների վաշտի հրամանատար' շնորհելով ավագ լեյտենանտի կոչում:

 


1993 թ. դեկտեմբերի 29-ին' Բոյահմեդլի, Փափրավենդ, Քենգերլի գյուղերի ազատագրման ժամանակ, Ա. Ղազարյանը վիրավորվում է երրորդ անգամ (գլխից) և ապաքինվելուց անմիջապես հետո' 1994 թ. հունվարի 7-ին, մասնակցում է Ֆիզուլու շրջանի ազատագրմանը, իսկ հունվարի 15-ից' Մարտակերտի և Քարվաճառի ուղղությամբ թշնամու հարձակումների կասեցմանը, նույն թվականի մարտից' Հորադիզի պաշտպանական մարտերին:
1994 թ. մարտի 30-ին նրան շնորհվում է կապիտանի կոչում, միաժամանակ պարգևատրվում է ՙՓառքի՚ 2-րդ աստիճանի շքանշանով:
1994 թ. ապրիլի 10-ից ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը վերսկսում են Մարտակերտի շրջանի' թշնամու գրաված գյուղերի ազատագրումը: Նա առաջին շարքերում էր. մասնակցել է Շոթլանլու, Նամբիլի, Ումութլու, Յարմջա, Սեյսուլան գյուղերի ազատագրմանը:
Ա. Ղազարյանը զոհվել է 1994 թ. մայիսի 10-ին' Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի ազատագրման ժամանակ: Նրա աճյունն ամփոփված է հայրենի Մեղրաձոր գյուղի գերեզմանատանը:
Զորամասի հրամանատարությունը, բարձր գնահատելով հայրենիքին մատուցած կապիտան Ա. Ղազարյանի ծառայությունները, նրան ներկայացնում է պարգևատրման:
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1994 թ. թիվ 0376-1 որոշմամբ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և անձնական արիության համար Ա. Ղազարյանը հետմահու պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանով:
ՀՀ նախագահի 2002 թ. հունիսի 1-ի ՆՀ1106 հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնազոհության և խիզախության համար հետմահու պարգևատրվել է ՙԱրիության՚ մեդալով:
2008 թ. մարտին ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է Ա. Ղազարյանի անվամբ:

 

Հայ վրիժառուներ