Ես համաձայն եմ, որ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում կյանքի առաջնային և երկրորդական կարևորության հարցերը: Եվ հաճախ այն, ինչ մեզ համար «ծիծաղելի» կամ անկարևոր է, կարող է մեկ այլ մարդու համար լինել ճակատագրական ու նրա կյանքին այլ ընթացք տալ: Խոսքս նախաամուսնական սեռական հարաբերությունների մասին է: Ես ինքս կողմնակից եմ այնպիսի հարաբերությունների, որոնց ընթացքում մարդիկ կարող են լիովին ճանաչել միմյանց: Ճանաչելու այդ պրոցեսում, կարծում եմ, նաև շատ մեծ դեր ունի սեռական կյանքը: Միգուցե չհամաձայնես ինձ հետ կամ նույնիսկ հոգնած լինես այս թեմայի շուրջ զրույցներից ու տարատեսակ կարծիքներից, սակայն մի բան անհերքելի է. «կույս լինել-չլինելը» շատ արդիական ու քննարկվող թեմա է:
Վիկտորյայի հետ տեղի ունեցածը, ցավոք, բավական տարածված երևույթ է: Այս աղջիկն ու իր պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ հաճախ իսկապես մեր ձեռքերում է ամեն ինչ՝ մեր երջանկությունը, մեր ճակատագիրն ու ոչ պակաս կարևոր՝ հարգանքը սեփական անձի ու մարմնի նկատմամբ:
-Երկրորդ կուրսում ես որոշում կայացրի՝ երբ ընկեր ունենամ, որքան էլ սիրեմ նրան, մինչև ամուսնությունը նրա հետ սեռական հարաբերություն չեմ ունենալու: Այդ որոշումն ընդունեցի այն ժամանակ, երբ ընկերուհիս վատ պատմության մեջ ընկավ: Նա երկու տարի հանդիպում էր մի երիտասարդի հետ: Մի օր եկավ ու արտասվելով ասաց, որ էլ «աղջիկ» չի, իսկ այդ դեպքից շատ չանցած ընկերը լքեց նրան: Չեմ կարող նկարագրել՝ ինչ ապրումներ ուներ ընկերուհիս: Նա գյուղից էր և ասում էր, որ երբեք չի ամուսնանա. եթե ծնողներն իմանան, որ ինքը կույս չէ, «կսպանեն» իրեն:
Նախկին ամուսնուս հետ ծանոթացա, երբ 21 տարեկան էի: Նա ընդամենը չորս տարի էր մեծ ինձանից, սակայն անհամեմատ հասուն էր: Խիստ էր, բայց չափավոր։ Աշխատում էր, նպատակասլաց էր: Երբ առաջին անգամ նրանց տուն գնացի, շատ հավանեցի Արմենի մորը: Հանգիստ ու լավ կնոջ տպավորություն թողեց: Ճիշտ է, ընկերոջս վարքագիծը տանը մի փոքր այլ էր, բայց մտածեցի, որ հուզվում է: Հետո սկսեցինք հաճախ գնալ նրանց տուն: Արմենի մոր հետ լավ հարաբերություններ էին ձևավորվում: Մի անգամ սրճում էինք, և Արմենի մայրը պատմեց իրենց հարևանի աղջկա մասին, որին ամուսինը լքել էր երեխա չունենալու պատճառով. «Չնայած ասում են, որ հենց տղան խնդիր ունի, բայց դե դա արդեն կարևոր չէ. անունն արդեն «դուրս է եկել», ամուսնացած-բաժանված է: Հիմա ո՞վ կուզի այդ աղջկա հետ լուրջ հարաբերություններ կառուցել»: Ես այնքան վատ զգացի այդ աղջկա փոխարեն:
Երբ ասացի, որ համաձայն չեմ ու կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր կյանքը դասավորելու, ու բաժանված լինելը չպետք է կնոջ դժբախտանալու պատճառ դառնա, նա ուշադիր նայեց դեմքիս ու ասաց. «Վիկտո՛րյա ջան, դու, չգիտեմ, ինչ ես մտածում, բայց մենք բոլորս մի բան գիտենք. իմ տղաները երբեք տուն չեն բերի այնպիսի աղջկա, ով ուրիշ տղամարդ է ունեցել»: Նրա հայացքն ու խոսքերն այնքան խիստ էին, որ ես շփոթվեցի և ոչինչ չկարողացա ասել: Բայց հանգիստ էի՝ կարծելով, որ ես նման խնդրի առջև չէի կանգնելու: Արմենի մայրը հաճախ էր ինձ ասում, որ ազատ մտածելակերպ ունեմ, որ պետք է մի քիչ ավելի զուսպ լինել, ավելի համեստ: Բայց ընդհանուր առմամբ վեճեր չէինք ունենում: Միակ բանը, որ ինձ դուր չէր գալիս, Արմենի պահվածքն էր տանը. շատ ուրիշ էր դառնում: Օրինակ, երբ մենք մեր տանն էինք, միասին էինք սեղանը հավաքում, իսկ իրենց տանը երբեք չէր օգնում: Հասկանում էի, որ նրա վարքագծի փոփոխության պատճառը մայրն էր...
Հարսանեկան իրարանցում
Մի քանի ամիս անց Արմենն ինձ ամուսնության առաջարկ արեց: Ես հարսանիք չէի ուզում. մտածում էի՝ ավելի լավ կլիներ հարսանիքի փոխարեն գնայինք շրջագայության: Արմենն էլ էր համաձայն, բայց նրա մայրն ասաց, որ իրենց բարեկամներն Ամերիկայից հատուկ գալիս են մեր հարսանիքի համար: Ասաց, որ շրջագայության գնալու ժամանակ միշտ էլ կգտնվի, իսկ հարսանիքը մարդու կյանքում մեկ անգամ է լինում...
Առանձին ապրելու մասին Արմենը լսել անգամ չէր ուզում. ասում էր, որ չի թողնի մորն ու եղբորը, որ մայրը շատ կօգնի մեզ, մանավանդ երբ երեխա ունենանք: Ես ընդունեցի միասին ապրելու փաստը. մտածում էի, ժամանակի ընթացքում կհարմարվենք միմյանց:
Երևի միակ ժամանակահատվածը, երբ դրական եմ հիշում Արմենին ու նրա ընտանիքը, նախահարսանեկան շրջանն է. բոլորս շատ ուրախ էինք: Միայն թե Արմենի մայրը հարսանեկան զգեստի համար էլ պատմություն սարքեց: Ես ասացի, որ ընդունված չէ, որ փեսան մինչև հարսանիքի օրը տեսնի զգեստը: Երբեք չեմ մոռանա Արմենի մոր հայացքը. «Վիկտո՛րյա ջան, մեկ-մեկ ինձ ապշեցնում ես: Մենք պիտի տեսնենք զգեստը, և Արմենը պիտի իր համաձայնությունը տա: Բա որ ընկնես սրա-նրա խելքին ու սխալ զգեստ ընտրե՞ս: Հիմիկվա շորերը գիտենք. կա՛մ թափանցիկ են, կա՛մ էլ շատ բաց: Դու էն աղջիկը չես, որ էդպիսի զգեստ հագնես, չէ՞: Մեկ-մեկ չես մտածում՝ ինչ ես ասում»:
Ես շատ էի ազդվել, բայց չցանկացա կենտրոնանալ այդ խոսակցության վրա. չէի ուզում, որ իմ տոնը փչանար: Բացի այդ, հոգուս խորքում հույս ունեի, որ Արմենի եղբոր ամուսնությունից հետո մենք կառանձնանանք:
Կարծում եմ՝ ճիշտ է, երբ երիտասարդներն ամուսնությունից հետո առանձին են ապրում: Որքան էլ դժվար լինի, երկուսով բարդությունները հաղթահարելն ավելի լավ է, քան ուրիշ կնոջ ուշադրության, նկատողությունների կամ նույնիսկ՝ չափազանց մեծ սիրո ներքո ապրելը: Սա իմ անձնական կարծիքն է:
Առաջին-վերջին գիշեր
Հարսանիքը հրաշալի անցավ. ոչ մի անախորժություն, ոչ մի տհաճ միջադեպ: Սակայն Արմենը բավական շատ էր խմել: Վախենում էի, բայց հասկանում, որ հենց այդ օրը պիտի դա լիներ: Կտրուկ ցավ զգացի... սրբիչի վրա բաց վարդագույն արյուն նկատեցի: Ծալեցի սրբիչն ու դրեցի պահարանում: Առավոտյան, երբ դուրս եկա սենյակից՝ լոգարան գնալու, Արմենի մայրը նստած էր բազկաթոռին: Ինձ տեսնելով՝ վեր թռավ տեղից, մոտեցավ, համբուրեց գլուխս: Ձեռքին ուրիշ սպիտակեղեն կար: Մտավ ննջասենյակ, որտեղ Արմենը դեռ քնած էր: Շարունակությունը չեմ ուզում հիշել... Նա դուրս թռավ ննջասենյակից սրբիչը ձեռքին ու սկսեց բղավել:
Արմենը քնաթաթախ դուրս վազեց ննջասենյակից: Ես չէի հասկանում՝ ինչ էր կատարվում: Տեսնելով Արմենին՝ մոտեցավ ինձ ու արհամարհական տոնով հարցրեց. «Այս ի՞նչ է, մեզ ապուշի տե՞ղ ես դնում»։ Արմենը զայրացավ մոր վրա, նույնիսկ ձայնը բարձրացրեց: Իսկ մայրն ասաց, որ այդ սրբիչը նախօրոք եմ արյունոտել, և որ դա բոլորովին նման չէ այն արյանը... Ես ուղղակի ցնցված էի: Չգիտեի՝ ինչ անել: Մայրը գոռում էր, ողբում իր տղայի ճակատագրի համար, ասում էր, որ դեռ այն ժամանակ էր զգում, որ ինչ-որ բան այնպես չէ: Նույնիսկ հիշեց, որ ես պաշտպանում էի իրենց հարևանի «բաժանված» աղջկան: Իսկ ամենասարսափելին այն էր, որ Արմենը նստած էր բազկաթոռին և ոչինչ չէր ասում. լուռ մի կետի էր նայում...
Ես փակվեցի իմ սենյակում: Մոտ մեկ ժամ անց Արմենը մտավ սենյակ և ասաց, որ բժշկի ենք գնում: Զզվում էի Արմենից: Անարգված էի ինձ զգում: Կեղտոտ: Բայց նաև հասկանում էի, որ եթե հրաժարվեմ, նրանք դա կդիտեն որպես ապացույց... Ինձ թվում է՝ ես այդ ժամանակ արդեն կայացրել էի որոշումս:
Նրա մայրը եկավ մեզ հետ և մտավ բժշկի սենյակ: Մի քանի րոպե անց ինձ ներս կանչեցին: Ի՜նչ ամոթ... Այդ բժշկին ես վաղուց ճանաչում էի:
Արմենի մայրը վեր թռավ տեղից ու, նորից կլորացնելով աչքերն, ասաց. «Հիմա հասկանում եմ, թե ինչու էիք ասում, որ դա նորմալ է: Երևի օգնած էլ կլինեք, որ վերականգնի կուսաթաղանթը»: Ես չդիմացա և սկսեցի արտասվել: Բառերով անհնար է փոխանցել կատարվածը: Միջանցքում նստած մարդիկ, բժիշկը... բոլորը մեզ էին նայում: Արմենը մեքենայի մեջ նստած սպասում էր: Ես շատ զայրացած էի և չէի վերահսկում բառերս: Նրա մայրը մոտեցավ ու սկսեց քաշքշել ինձ: Ասում էր, որ իր ընտանիքի պատիվը ոտնատակ եմ տալիս, որ իրեն «դուրս ընկած» հարս պետք չէ: Ես հրեցի Արմենի մորը, և Արմենն ինձ ապտակեց: Ինձ տարան ևս մի բժշկի մոտ, և այդ բժիշկը նույնպես ասաց, որ դա հենց «այն է, ինչ լինում է»:
Երբ Վիկտորյան պատմում էր այս ամենը, կարծես զգում էի այն վիրավորանքը, որ նա ապրել էր: Շատ ավելի վիրավորական ու ցավոտ է, երբ քեզ անտեղի են մեղադրում, իսկ այս պարագայում նաև՝ անարգում:
Երջանիկ եմ, որ փախա
-Նրա մայրը կարծես ծաղրում էր ինձ: Երբ տուն եկանք մեջտեղ հանեց մրգերով սինի, ինչ-որ տեղ զանգահարեց ու նստեց այնպիսի դեմքով, կարծես ոչինչ չէր եղել: Ես ուզում էի փախչել այդ տնից: Արմենին նայել չէի կարողանում: Նա դադարել էր ինձ համար գոյություն ունենալ: Փակվեցի լոգարանում և զանգահարեցի մայրիկիս...
Մայրս ասաց, որ գալիս է ինձ տանելու: Հայրիկիս տարիներ առաջ էինք կորցրել, և մայրս նաև փոխարինել է հորս: Ես հասկանում էի, որ եթե մայրս գար, կոնֆլիկտն անխուսափելի էր լինելու: Ասացի, որ ինքս կգնամ: Տաքսի պատվիրեցի և, առանց որևէ բան ասելու, անաղմուկ հեռացա: Ես փախա այդ տնից: Արմենն անընդհատ զանգահարում էր. 83 բաց թողած զանգ երկու ժամվա ընթացքում: Մայրս ասաց, որ ինքս պետք է որոշում կայացնեմ, սակայն նաև ասաց, որ միշտ իմ կողքին կլինի: Ես զանգահարեցի Արմենին ու ասացի, որ չեմ ուզում իրեն տեսնել: Չէի պատկերացնում, որ կարելի է մի քանի րոպեի ընթացքում դադարել սիրել մարդուն...
Բարեկամներին ու ծանոթներին բացատրություն տալը և՛ տհաճ էր, և՛ ժամանակատար, սակայն հաղթահարեցի այդ փուլը: Այժմ ամեն ինչ անցյալում է.... Ուրախ եմ, որ չմնացի մի վայրում, որտեղ ինձ չէին վստահում ու հավատում:
Այս պատմությունն իրականում կարող էր չլինել, և Վիկտորյան կարող էր լավ ընտանիք կազմել, եթե մարդիկ միմյանց ավելի շատ վստահեին ու փոքր-ինչ ավելի իրազեկված լինեին: Վիկտորյան հաճախ մասնակցում է թրեյնինգների և փորձում օգնել այն աղջիկներին, ովքեր ունեցել են սեռական հարաբերություն: Նա օգնում է երիտասարդ կանանց հասկանալ, որ այդքանով նրանց կյանքը չի ավարտվում, և որ այն մարդը, ով իսկապես գնահատել գիտի կնոջն ու սիրել, սիրելու է մարդուն իր արժանիքների համար, այլ ոչ թե «թաղանթի» առկայության:
Կանանց ռեսուրսային կենտրոն, ճգնաժամային ծառայություն