Այն բանից հետո, երբ հնագույն դամբարաններից մեկում հայտնաբերվեց կանացի մի գանգ, որն ուներ նեանդերտալուհու վառ արտահայտված դիմագծեր և նույն ժամանակահատվածին պատկանող տղամարդու գանգ, որն ուներ մերօրյա մարդու գլխի կառուցվածքը, այդ պահից հաստատվեց այն վարկած-տեսությունը, որ տղամարդը բնության մեջ փորձարարական սեռ է, իսկ կինը' հիմնական, անփոփոխ։ Համաձայն սույն տեսության' տղամարդն իր վրա է վերցնում յուրաքանչյուր նորամուծության փորձարկումը, և երբ այդ փորձարարությունն իր գոյության իրավունքն ապացուցում է, այն փոխանցվում է նաև կնոջը։

 

Բնությունը խնայում է կնոջը և ռիսկային իրադարձություններից հնարավորինս զերծ է պահում նրան' տղամարդու վրա դնելով ամեն կարգի «հետախուզական» առաքելություն։ Տղամարդն ինֆորմացիա է հայթայթում շրջակա միջավայրից և շատ հաճախ դրա համար վարձահատույց է լինում սեփական կյանքով։ Եվ միայն տղամարդու վրա անցկացված բազմաթիվ «փորձարկումներից» հետո մայր բնությունն անհրաժեշտ ինֆորմացիան «ընծա է մատուցում» կանանց. այս կարգի ինֆորմացիան վերջիններիս կյանքի համար արդեն որևէ վտանգ չի ներկայացնում։ Մեր ջլապինդ «մահապարտները» շնչում են ավելի դանդաղ և խորը, քան կանայք, ահա թե ինչու, եթե օդն աղտոտված է, տղամարդկանց մոտ առողջական խնդիրներն առաջինն են ի հայտ գալիս։ Այս կերպ տղամարդիկ մարդկային ցեղին «ահազանգում են» վտանգի առկայության մասին։

 


Կնոջ ճակատագիրը սերն է, տղամարդու ճակատագիրը' ազատությունը։ Սակայն կինը ստանում է սեր միայն ազատ դառնալուց հետո, իսկ տղամարդը ազատություն է ստանում միայն սիրել սովորելուց հետո։
Տղամարդու և կնոջ միջև անհամաձայնությունները սկսվեցին երևի թե հենց այն ժամանակ, երբ մեր նախածնողները' Ադամն ու Եվան, վտարվեցին դրախտից։ Եվ ահա քանի դար է կանայք մեղադրում են տղամարդկանց անըմբռնողության, խստասրտության, փոքրոգության մեջ, իսկ ուժեղ սեռը կանանց մեղադրում է անզսպվածության, թեթևամտության, խարդավանքի մեջ։ Փոխադարձ մեղադրանքների ցուցակը կարելի է անվերջ շարունակել, և վեճն այն հարցի շուրջը, թե ով է ավելի լավը, ավելի խելացին, ավելի տաղանդավորը, ոչ մի արդյունքի չի հանգեցնի։ Մի՞թե կարելի է համեմատել գիշերն ու ցերեկը, արևն ու լուսինը, երկինքն ու ծովը։ Գոյություն ունի՞ արդյոք այն հարցի պատասխանը, թե ինչն է սրանցից ավելի հրաշալի կամ ավելի օգտակար։ «Դրանք բացարձակապես տարբեր բաներ են», - կասեք Դուք։ Եվ Դուք կլինեք ճշմարտացի։ Այս երևույթները տարբեր են նույնքան, որքան տղամարդն ու կինը։ Այդպես է նրանց ստեղծել Բնությունը։ Եվ միգուցե հենց այդ տարբերության շնորհիվ է, որ գոյություն ունի նրանց միջև փոխադարձ ձգողականության ուժը։ Եվ տարբերությունը հասկանալու, գիտակցելու հանգամանքն օգնում է համատեղ գոյատևելու, առողջ կենսական միջավայր ստեղծելու... Նաև համագործակցելու... Նաև ընկերություն անելու...Նաև սիրելու...

 


Այն փաստը, որ տղամարդկանց արյան բաղադրության մեջ էրիթրոցիտների (արյան կարմիր մասնիկների) քանակությունն ավելի շատ է, քան կանանց մոտ, բացատրվում է նրանց էներգիայի մեծ պաշարների առկայությամբ, սակայն ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ արյունաստեղծման գործընթացն ավելի «դանդաղ» է կատարվում, քան կանանց մոտ։ Այդ իսկ պատճառով տղամարդկանց պարագայում վիրաբուժական միջամտություններն առավել վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ, քան կանանց։ Կանանց արյան բաղադրության մեջ T-լիմֆոցիտներն առավել շատ են, ինչով էլ պայմանավորված է նրանց բարձր դիմադրողականությունը տարաբնույթ հիվանդությունների հանդեպ։ Ավելին, «հիմնական» սեռի ներկայացուցիչներն ավելի հեշտությամբ են տանում ցավը։ Մասնագետների պնդմամբ, եթե տղամարդը տաներ այնպիսի ցավ, որն իր բնույթով և ուժգնությամբ նման է ծննդաբերական ցավերին, ապա նրա մոտ շոկ կսկսվեր։ Ցավային ազդանշանները փոխանցվում են գլխուղեղ, որը տարբեր սեռերի ներկայացուցիչների մոտ զարգացած է տարբեր կերպ։

 


Ուղեղի կառուցվածքը շատ բան է բացատրում

 


Ուղեղի աջ և ձախ կիսագնդերը միմյանց միացնում է մի նյարդափունջ, որն անվանում են բրդամարմին։ Այն հնարավորություն է ընձեռում ուղեղի մի կիսագնդին «հաղորդակցվելու» մյուսի հետ' դրանով իսկ ապահովելով ինֆորմացիոն փոխանակումը։ Կանանց մոտ բրդամարմինը զգալիորեն ավելի մեծ է, քան տղամարդկանց մոտ։ Իսկ դա նշանակում է, որ Եվայի ժառանգորդների մոտ ուղեղի ձախ և աջ կիսագնդերի միջև ավելի շատ միացություններ կան, և դրանք ոչ այնքան են զարգացած, որքան Ադամի ժառանգորդների մոտ։ Վերջիններիս մոտ ուղեղի աջ և ձախ կիսագնդերն աշխատում են հերթափոխով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ ընկալելու ինֆորմացիան, սակայն այն պայմանի դեպքում, երբ ուշադրությունը կենտրոնացած է միայն մեկ խնդրի վրա։ Կանաց մոտ աշխատում են միաժամանակ երկու կիսագընդերը, որի շնորհիվ նրանք կարող են ընկալել և վերլուծել ավելի մեծ քանակությամբ ինֆորմացիա։ Ի դեպ, հոգեբաններն ու նյարդաբանները համարում են, որ կանանց այդքան հատուկ ինտուիցիան իր ծագմամբ պարտական է հենց բրդամարմնի չափսերին։ Վերջինիս կարող ենք «շնորհակալ լինել» նաև մենք բոլորս' մեր պրակտիկ լինելու համար։ Կիսագնդերը նույնպես ձևավորվում են ոչ միանման։ Տղաների մոտ առաջինը ձևավորվում է ուղեղի աջ կիսագունդը, իսկ աղջիկների մոտ' ձախը։ Այդ պատճառով տղաները սկսում են խոսել ավելի ուշ, քան իրենց տարիքի աղջիկները, ինչպես նաև կարդում և գրում են ավելի վատ։ Տղամարդու խոսակցական կենտրոնները ուղեղի ձախ կիսագնդում են տեղակայված, իսկ կանանց մոտ' երկու կիսագնդերում։ Եթե ինսուլտի ժամանակ ձախ կիսագնդում արյունահոսությունը տղամարդուն ամբողջությամբ զրկում է խոսելու կարողությունից, ապա կանանց մոտ այդ գործառույթն իր վրա է վերցնում աջ կիսագունդը, և ժամանակի հետ կինը' լավ, թե վատ, բայց սկսում է խոսել։

 


Տղամարդը սիրում է կնոջը, որքան կարող է սիրել, իսկ կինը սիրում է տղամարդուն, որքան ցանկանում է սիրել։
Դեռևս 100 տարի առաջ հայտնաբերվել է, որ կանանց ուղեղը 200 գ-ով թեթև է տղամարդու ուղեղից։ Ուժեղ սեռի ներկայացուցիչներն անմիջապես սկսեցին «հրճվել» իրենց առավելությամբ և երկար ժամանակով կանանց «տեղափոխեցին» երկրորդ կարգի մարդու կարգավիճակի։ Այսօր արդեն բոլորին հայտնի է, որ մարդու մտավոր մակարդակը (IQ) կախված չէ ուղեղի չափսերից։ IQ-ի միջին մակարդակը տարբեր սեռի ներկայացուցիչների մոտ մոտավորապես նույնն է։ Բազմաթիվ հետազոտությունների տվյալների համաձայն' կանայք ձգտում են դասական «ոսկե միջինին», իսկ տղամարդկանց մոտ այդ գործակիցը տատանվում է հանճարեղությունից մինչև մտավոր հետամնացություն։ Վիճակագրությունը վկայում է, որ ութ արտասովոր խելացի մարդկանցից յոթը տղամարդիկ են, բայց միևնույն ժամանակ ութ անհույս հիմարներից յոթը նույնպես տղամարդիկ են։ Ի դեպ, երկրագնդի վրա ամենաբարձր IQ-ն միևնույն է կնոջն է պատկանում (պաշտոնապես գրանցվածներից' Մերլին վոն Սավանտին)։ Ուժեղ սեռի ներկայացուցիչներն ավելի մեծ ընդունակություններ ունեն մաթեմատիկայի բնագավառում, և դա փաստ է. այս գիտությամբ զբաղվող տասներկու անվանի գիտնականներից միայն մեկն է կին լինում։ Իսկ օտար լեզուներին ավելի արագ են սկսում տիրապետել թույլ սեռի ներկայացուցիչները, քանի որ նրանց հիշողությունն ավելի լավն է։ Հարկ է նշել, որ տարիքի հետ հիշողության հետ կապված տարբերությունն է'լ ավելի է մեծանում վերջիններիս օգտին։ Տղամարդիկ, իհարկե, «որպես վրեժ» կարող են հպարտանալ հիպոթալամուսով' ուղեղի հավելուկի շատ ավելի մեծ լինելու փաստով։ Այս հավելուկը «պատասխանատու է» սեռական պահելաձևի համար։ Պարզվում է, որ տղամարդկանց մոտ հիպոթալամուսի էրոտիկ կենտրոնները երկու անգամ ավելի մեծ են, քան կանանց մոտ։ Ահա այս պատճառով է, որ տղամարդիկ գրեթե չեն բողոքում գլխացավից, երբ խոսքը վերաբերում է սեքսին, որը նրանց սիրելի զբաղմունքն է, այն դեպքում, երբ կանանց մոտ առաջին տեղում ընտանիքի նկատմամբ խնամքն ու հոգածությունն են։ Սակայն սրանով կանանց և տղամարդկանց միջև եղած տարբերությունները չեն ավարտվում։

 


Տարբեր ձևով ապրել, տարբեր ձևով սիրել

 


Ինչպես հայտնի է, մարդկության բոլոր խնդիրների «ակունքը» մանկությունն է։ Չնայած այն հանգամանքին, որ տղաները ֆիզիկապես ավելի ուժեղ են աղջիկներից' իրականում նրանք ավելի վատ են հարմարված կյանքին, ինչը բացատրվում է այն հանգամանքով, որ նրանց մոտ քրոմոսոմների «հավաքածուն» մեկով պակաս է։ Ահա թե ինչու, նույնիսկ ներարգանդային վիճակում ավելի շատ մահանում են արական սեռի պտուղները։ Ծննդաբերական վնասվածքներն ու հասունացման խախտումները տղաների մոտ ավելի հաճախ են պատահում, նրանք հիվանդություններն ավելի ծանր են տանում, ավելի դժվար են հարմարվում շրջակա միջավայրին, և երիտասարդ տարիքում մահանալու վտանգը նրանց մոտ ավելի մեծ է։

 


Բացի այդ, տղամարդիկ փոքր հասակից ավելի ագրեսիվ են, քան կանայք (այս տարբերությունը մասամբ բացատրվում է հորմոնալ յուրահատկություններով)։ Ագրեսիան կարող է դառնալ դժբախտ դեպքերի, ինչպես նաև ինքնասպանությունների պատճառ, որոնք ակներևաբար առավել հաճախ են տեղի ունենում հենց արական սեռի ներկայացուցիչների հետ։ Կին ինքնասպանների քանակը 3 անգամ ավելի քիչ է, քան տղամարդկանց։ Վերջիններիս արյան մեջ սթրեսի հորմոնների մակարդակն ավելի բարձր է, ինչը առաջ է բերում երակազարկի արագացում, ճնշման բարձրացում. սրանց հետևանքով սկսում են զարգանալ սրտանոթային հիվանդություններ։ Ինչպես ասացինք, նշված պաթոլոգիայի առաջացման հավանականությունը տղամարդկանց մոտ 2 անգամ ավելի մեծ է։ Դեռ ավելին, հետազոտողները գտնում են, որ աթերոսկլերոզի, ինչպես նաև սրտի հիվանդությունների պատճառ է տղամարդու հորմոնը' տեստոստերոնը, որը խթանում է խոլեսթերինի առաջացումը։


Կանայք մտածում են, որ բոլոր տղամարդիկ միանման են, և հենց դրանում է նրանց ուժը։ Տղամարդիկ մտածում են, որ բոլոր կանայք տարբեր են, և դա նրանց սպանում է։

 


Կանանց մոտ ավելի ուշ են զարգանում սրտանոթային համակարգի հիվանդությունները, սակայն նրանք այդ հիվանդություններից մահանում են ավելի հաճախ, քան տղամարդիկ։ Տարեց կանայք դառնում են սրտային հիվանդներ ձվարանների կողմից արտադրվող էսթրոգենի պակասի պատճառով։ Այդ հորմոնը անոթները դարձնում է ավելի էլաստիկ, ինչը խոչընդոտում է խոլեսթերինի կուտակմանը անոթների պատերին և այդ անոթների նեղացմանը։ Իսկ քանի որ տարիքի հետ օրգանիզմն ավելի ու ավելի քիչ է արտադրում այս «փրկարար» հորմոնը, կանայք գրեթե անպաշտպան են դառնում սրտային հիվանդությունների հանդեպ։ Բացի այդ, թույլ սեռի ներկայացուցիչներն ավելի վատ են արձագանքում դեղորայքի ազդեցությանը, քան տղամարդիկ։ Օրինակ, ացետիլսալիցիլաթթվի ընդունումն իջեցնում է ինսուլտի առաջացման վտանգը միայն տղամարդկանց մոտ։
Տղամարդը մտահոգված է, թե ինչ են իր մասին մտածում, իսկ կինը' ինչ են խոսում։

 


Նորից անդրադառնալով էսթրոգենին' հարկ է նշել, որ այն պաշտպանում է կանանց ո'չ միայն սրտի հիվանդություններից, այլև ուռուցքային ախտահարումներից և սթրեսից։ Իսկ քանի որ սթրեսը խոցային հիվանդությունների և շաքարախտի առաջացման հիմնական պատճառներից մեկն է, ապա ավելի հաճախ այդ հիվանդություններով տառապում են կրկին տղամարդիկ։ Իսկ դեպրեսիան երկու անգամ ավելի հաճախ է հանդիպում կանանց մոտ, և նրանք ավելի դժվար են ապաքինվում։ Այս ամենի «մեղավորը» կենսառիթմերն են. հորմոնների մակարդակի փոփոխությունն առաջացնում է տրամադրության անկում, ուղեկցվում է հույզերի բուռն դրսևորումներով' մեկ ծիծաղ, մեկ լաց... Ոգելից խմիչքներից կախվածությունը տղամարդկանց մոտ ավելի արագ է զարգանում, սակայն կանայք ավելի խորն ու անդառնալի են ներքաշվում այս կործանարար սովորության ճիրանները, ինչն էլ ազդում է նրանց առողջության վրա։ Կանանց հարբեցողությունը շատ ավելի դժվար է բուժել, սակայն, այնուամենայնիվ, հարբեցողներն ավելի շատ են տղամարկանց մեջ' բնակչության 9%-ը։
Կանացի ազատությունը կոչվում է. «Ես նրա հետ եմ», տղամարդունը' «Ես ինքս»:

 


Տղամարդկանց մոտ գրեթե չի հանդիպում ցելուլիտը, քանի որ նրանց ենթամաշկային բջիջն ավելի հաստ է։ Սակայն այնպիսի տհաճությունն, ինչպիսին խռմփոցն է, տղամարդկանց մոտ ավելի շուտ է զարգանում և տարիների հետ ավելի սաստկանում։ Սա կարող է բացատրվել այն հանգամանքով, որ տղամարդիկ տարիքի հետ ավելի մակերեսային են քնում։ Կանանց մոտ տարիքի հետ կապված քնի փոփոխություններ չեն նկատվում. այնուամենայնիվ, անքնությունից նրանք զգալի կերպով ավելի հաճախ են տառապում։

 


Ի՞նչ են խոսում, ի՞նչ են մտածում


Շատ տղամարդիկ, խոսելով իրենց մասին, 1.5 սմ-ով ավելացնում են իրենց հասակը, այն դեպքում, երբ կանայք 1.5 կգ-ով պակասեցնում են իրենց քաշը։
Կանայք ավելի հաճախ մտածում են փողի մասին, տղամարդիկ' սեքսի։
Տղամարդիկ ավելի են տառապում, երբ իրենց մասին կատակում են. վերջիններիս թվում է, որ իրենց ստորացնում են։
Կառավարող տղամարդիկ աշխատանքի ընթացքում հաճախ են օգտագործում քննադատություններ և վերջնագրային հայտարարություններ։ Մինչդեռ կառավարող կանայք փորձում են հասկանալ, թե ինչով կարելի է օգնել աշխատողին, որպեսզի աշխատանքն ավելի որակով ընթանա։


Մարդկության ուժեղ կեսի ներկայացուցիչները իրար մեջ խոսում են ավելի շատ նորությունների և աշխատանքի մասին, իսկ թույլ սեռի ներկայացուցիչները' սննդի և առողջության։
Հակառակ սեռի համակրանքը ձեռք բերելու նպատակով տղամարդիկ հաճախ պարծենում են դրամ աշխատելու կարողությամբ և սիրային հաջողություններով։ Կանայք հիմնական ուշադրությունը սևեռում են իրենց արտաքին տեսքին և զանազան հնարներով խոսակցի մոտ իրենց հանդեպ հետաքրքրություն են առաջացնում։
Տղամարդիկ, ինչպես և կանայք, ընկերության կարիք ունեն, սակայն «ընկերությունը» տարբեր ձևով են ընկալում։ Կանայք ընկերություն են փնտրում ընտանիքում' ամուսնու և երեխաների հետ հարաբերություններում։ Իսկ տղամարդկանց համար այդ նույն ընկերությունը մի միջոց է, որը թույլ է տալիս նվաճել աշխարհը։

 


Ուժեղ սեռը չի հանդուրժում կանանց անխելքությունը, սուտը և երեսպաշտությունը (62%), գոռոզությունը (37,5%), ագահությունը, ոչ մաքրասեր լինելը, խանդը, միամտությունը (25%)։ Գնահատում է տնտեսվարությունը (75%), գեղեցկությունը (62%), սեքսուալությունը (62%), խելքը, ազնվությունը և նվիրվածությունը (50%)։

 


Թույլ սեռը տղամարդկանց հատկանիշներից չի ընդունում ագահությունը (75%), հարբեցողությունը (50%), թուլությունը, եսասիրությունը, անխելք լինելը (37,5%)։ Գնահատում է խելքը (99%), կամքի ուժն ու տոկունությունը (73%), մարդամոտությունը (50%), հումորի զգացումը (50%)։

 


Այո՛, տղամարդն ու կինը շատ բաներով են իրարից տարբերվում։ Բայց կարևորն այն չէ, թե ինչով են տարբերվում, այլ այն է, թե ինչն է նրանց միավորում։ Չէ՞ որ ո՛չ խելքը, ո՛չ տնտեսվարությունը, ո՛չ հումորը չեն ուրախացնի, եթե մարդիկ իրար չլսեն ու չհասկանան։ Պետք է հիշել կարևորագույն սահմանումը. «Երջանկություն է, երբ քեզ հասկանում են»։

 

erkusov.com