Մարդկային մեծագույն առաքինությունը սեփական չկամությունը կոտրելու կարողությունն է։ Կարելի է խենթանալ ու հերոսանալ, կարելի է հերոսանալ թշնամու արատի ստույգ հաշվարկով, կարելի է սեփական հասակը բարձրացնել թշնամական հասակի ուրացումով. և այդ է պահանջում հաղթական պայքարի օրենքը, բայց մեծագույն առաքինություն է մնում սեփական չկամությունը ջարդելու բարձր կարողությունը։
Եվ մեր ամենքից ու յուրաքանչյուրից այսօր անհնարին ջանք է պահանջվում՝ հեռացնել, վռնդել մեզնից յուրաքանչյուրից այդ չկամությունը։ Անհնարին եմ ասում, որովհետև դա սեփական կամքի ջախջախում է թվում, գրեթե ինքնաոչնչացում։ Այնինչ դա է մեծարելու և մեծանալու, մեծարելով մեծանալու ճանապարհը, բարձրացնելու և բարձրանալու, փրկելու և փրկվելու, գնալու և հասնելու ճանապարհը, որովհետև «ինչ մտանես՝ էն գտանես - ինչ մտանեմք՝ այն գտանեմք». այսօր «ճիվաղ» մտանեմ՝ վաղը ինձնից իսկ սերված ճիվաղը կանգնելու է իմ ճանապարհին, այսօր «ընկեր ու եղբայր» մտանեմ՝ վաղվա օրով հայտնվելու եմ եղբայրներիս ու ընկերներիս բանակում։
Ամենադժվարն իսկապես սեփական ճճվին սեփական հոգում ճզմելն է և ամենահեշտն իսկապես՝ ուրիշների անուրանալին ուրանալու կարողությունը, որոնց մեղքը այն է միայն, որ նրանք դու չես, նրանք մեզնից են՝ բայց մենք չեն, ինձնից են՝ բայց ես չեմ։
Ուրացումի, ժխտումի, քանդումի դիվական ճանապարհը սկիզբ է առնում մեր հոգիներից, և մեր բերանները, որ կարող էին լույս խփել, լույս հորդալ,- սկիզբն են լինում ավարի ու ավերի հմայող ճանապարհի։ Մեր երկար օրվա մայրամուտին այդ ճանապարհը մի բանի մեզ ստուգապես հասցնում է, և այդ բանը ժխտողի և ավերակողի մեր իսկ պատվանդանն է, բայց երբեք բարեշեն այն օջախը, որ երկիր ու հայրենիք էր կոչվելու և լինելու էր ամենքինս։ Այդ ճանապարհի ավարտը մեր իսկ վերջն է, և ուզում ենք երկարի այդ ճանապարհը, և ուզում ենք անվերջ լինի, որովհետև վերջը մեր իսկ վերջն է, որովհետև երեկվա օրով ոչ ոք էինք, այսօր մի ոմն ենք։

Կարդացեք ԱՆԴԻՆԻ 12-րդ համարում