«Թմրամիջոցներ, ադամանդներ, միջազգային ինտրիգներ. դուք չեք հավատա հոլիվուդյան պրոդյուսերների խելացնոր անցյալին». այս վերնագրով Los Angeles Weekly պարբերականը հունվարի 2-ին հետաքննական հոդված է հրապարակել, որտեղ շոշափվում է նաև Սերժ Սարգսյանի անունը: Ստեփան Մարտիրոսյան անունով հոլիվուդյան մի պրոդյուսեր, որը ԱՄՆ-ում շուրջ երեսուն տարի ներգրավված է եղել անօրինական տարբեր գործարքներում, այդ թվում՝ թմրանյութերի առևտրում և Մոսկվայում մի սպանություն պատվիրելու մեջ, 2006-ին գումար է հատկացրել ամերիկյան Burson-Marsteller փիար ընկերությանը՝ օգնելու բարձրացնել Սերժ Սարգսյանի վարկանիշը, երբ վերջինս դեռ Հայաստանի պաշտպանության նախարարն էր: Այս մասին մարտին գրել էր նաև ֆրանսիական Nouvelles d’Arménie ամսագիրը (տե՛ս «Ինչպես է Սերժ Սարգսյանը «բարձրացրել» վարկանիշը. Nouvelles d’Arménie-ի բացահայտումը»): 2006-ի սեպտեմբերին Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացնելու յոթ ամսվա ծառայությունների համար Մարտիրոսյանը վերոնշյալ ընկերությանը պարտավորվել է վճարել 535 000 դոլար: Los Angeles Weekly-ն մանրամասն բացահայտել է՝ ով է Ստեփան Մարտիրոսյանը և ինչ կապ է ունեցել Հայաստանի իշխանությունների հետ: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Ռեմինգթոն Չեյզը և Ստեֆան Մարտիրոսյանը պետք է յոթերորդ երկնքում լինեին: Վերջին երկու տարում նրանք զբաղվել են տասնյակ ֆիլմերի պրոդյուսերությամբ, այդ թվում՝ «Կենդանի մնացածը»՝ Մարկ Ուոլբերգի գլխավոր դերակատարմամբ, որը մարմնավորում է Աֆղանստանում իր կնոջ կյանքի համար պայքարող ծովային կատվի՝ Navy SEAL-ի [ծովային կատուները ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ գործողությունների հիմնական մարտավարական ստորաբաժանումն է - խմբ.]: Երկու տարի առաջ կինոարտադրության մեջ նրանց մասին որևէ մեկը չէր լսել, իսկ այժմ նրանք բարձրակարգ աստղերի հետ են նստում-վեր կենում: Նրանց գնահատմամբ՝ իրենք դարձան բիզնեսում ամենահարուստ անկախ ֆինանսավորվողները՝ պրոդյուսերության մեջ ներդնելով 100 մլն դոլար կանխիկ, դրան գումարած՝ 200 մլն դոլար բանկերի վարկային միջոցներ:

Սուրբ Ծննդյան տոներից մեկ շաբաթ առաջ՝ «Կենդանի մնացածը» ֆիլմի պրեմիերայից մեկ շաբաթ առաջ, նրանք սրճում էին Սանտա Մոնիկայի սրճարաններից մեկում՝ իրենց առաջին լուրջ հարցազրույցին: Սակայն Չեյզը և Մարտիրոսյանը այստեղ էին' խոսելու ոչ թե Navy SEAL-ի քաջության կամ Պիտեր Բերգի հետ համագործակցելու մասին, այլ ցանկանում էին ի չիք դարձնել իրենց անցյալի մասին պատմությունը: Դա զարմանալի չէ: Նախկինում նրանք դատվել են կոկաինի վաճառքի համար, առնչություններ են ունեցել ռուսական նավթային բիզնեսի, Հայաստանի իշխանությունների և աֆրիկյան ադամանդի առևտրի հետ, գումարներ են ստացել որպես կառավարության լրտեսներ: Ամենամտահոգիչը ենթադրությունն է, որ նրանք Մոսկվայում պատվերով սպանություն են կազմակերպել: Մոսկվայի ոստիկանությունը բավական լրջորեն սկսել է ուսումնասիրել այս գործը:

Չեյզը և Մարտիրոսյանը հայտարարում են, որ կարող են ամեն ինչ բացատրել: (Իրենց օգնելու համար բերել են հոլիվուդյան փիարշիկի): Սակայն նրանք խորապես մտահոգված են, որ եթե իրենց անցյալի մասին մանրամասները բացահայտվեն, կկորցնեն ֆինանսավորումը, որը կփլուզի կինոյի ոլորտում իրենց կարիերան:

««Թմրանյութային դավադրությունը» կոչնչացնի, լիակատար կոչնչացնի մեզ: J.P. Morgan-ի խորհրդի նախագահը հազիվ թե շահագրգռված լինի համագործակցել թմրանյութերի դավադրության մասնակցի հետ: Ես ևս նույն կերպ կխզեի նրա հետ կապերս»,- ասում է Չեյզը:

Րոպեներ անց Չեյզը ֆիլմի նկարահանմանը մասնակցելու «աննախադեպ հնարավորություն» էր առաջարկում՝ պատմությունը կոծկելու դիմաց: «Դուք այդպիսով կոչնչացնեք հարաբերությունները, կքայքայեք ընտանիքներ, մարդկանց աշխատատեղերը և բազմաթիվ կինոնկարներ»,- ասում է Չեյզը: Ստեֆան Մարտիրոսյանը, չնայած արդեն երեսուն տարի է՝ ԱՄՆ-ում է, շարունակում է խոսել բավական ընդգծված հայկական ակցենտով: Մուգ սև մազերն ընկնում են նրա աչքերի վրա: Հաղթանդամ Չեյզը շիկահեր է և ակնոց է կրում: Որպես լոսանջելեսցի երեխա՝ նա որոշ մասնակցություն ունեցել է հեռուստատեսային շոուներին: Այժմ ի թիվս այլ բաների՝ նա նաև ուղղաթիռի օդաչու է և հետաքրքրվում է օդային լուսանկարչությամբ: Մարտիրոսյանին բնորոշ է արևելաեվրոպական շարմը, իսկ Չեյզն ավելի եռանդուն է:

Նրանք ասում են, որ հանդիպել են 1979-ին՝ Մոսկվայում զբոսաշրջության մի համաժողովի ժամանակ։ Մարտիրոսյանն այնտեղ եկած է եղել որպես ուսանող Հայաստանից, որն այդ ժամանակ խորհրդային հանրապետություն էր։ Չեյզն ասում է, որ ինքն այնտեղ եղել է, քանի որ «հետաքրքրված էր Մոսկվայով»։ Նրանք ընկերներ էին դարձել։ Երբ Մարտիրոսյանը 1985-ին ներգաղթել է Լոս Անջելես, նրանք միասին սկսել են բիզնես անել:

Այդ բիզնեսի բնույթն այնքան էլ հասկանալի չէ․ նրանք պնդում են, որ իրենց առաջին գործը Մոսկվայում դոլարով աշխատող մի խանութ է եղել, սակայն, հավանաբար, պատահական չէ, որ նրանք երկուսն էլ 1993-ին ներքաշված են եղել թմրանյութերի հետ կապված առանձին խարդախությունների մեջ Ֆլորիդայի Ջեքսոնվիլ քաղաքում։

Դա Մարիտիրոսյանի առաջին բախումը չէր օրենքի հետ։ 1989-ի ապրիլին նա ավտոբուսում էր, որը կանգնեցվում է սահմանապահ պահակախմբի հսկիչ անցակետում՝ Տեխասի Սիերա Բլանկա քաղաքում։ Սահմանապահ պահակախմբի աշխատակցին նա ասում է, որ Խորհրդային Միության քաղաքացի է՝ Միացյալ Նահանգներում օրինական կեցության իրավունքով, սակայն կեցության քարտը մոտը չէ:

Մարտիրոսյանին ավտոբուսից իջեցնելիս աշխատակիցը նրա նստատեղի վերևում նկատում է մի պայուսակ: Դրանում հայտնաբերվում է չորս կիլոգրամ կոկաին և ռուսական թերթ։

Այսօր Մարտիրոսյանն ասում է, որ պայուսակն իրենը չի եղել։ Նա վստահեցնում է, որ պայուսակում եղել է նաև սափրվելու եգիպտական քսուք՝ ապացույց, որ այն պատկանել է ավտոբուսում եղած եգիպտացիների խմբին։ «Ես իմ կյանքում երբևէ կոկաին չեմ տեսել,- ասում է նա։- Ես դրան նույնիսկ կպած չկամ»։

Այնուամենայնիվ, նա իրեն մեղավոր է ճանաչում, ապա խույս տալիս դատավճռի հրապարակումից առաջ։ Երկու ամիս անց Մարտիրոսյանը Լաս Վեգասում էր, որտեղ իր քեռու հետ բռնցքամարտի մենամարտ էր դիտում։ Նա ասում է՝ իր դատախազի օգնականն իրեն տեսել էր ռեստորանում և հետ էր տարել։

Վերադարձվելով դատավորի մոտ՝ Մարտիրոսյանը փորձում է հրաժարվել իր խոստովանական ցուցմունքից։ Նա հայտարարում է, որ իրեն մեղավոր էր ճանաչել միայն այն պատճառով, որ կարծել էր, թե կդատապարտվի պայմանական ազատազրկման՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) ԿԳԲ-ի գործակալների մասին տեղեկատվություն տրամադրելու դիմաց։

Դատավորը մերժում է նրա միջնորդությունը և նրան դատապարտում առավելագույն ժամկետի՝ դատավճռի հրապարակումից խուսանավելու համար։ Նա դատապարտվում է դաշնային բանտում 9,5 տարի պատիժ կրելու։

Սակայն նրա բախտը բերում է, երբ գործը բողոքարկվում է։ Վերաքննիչ դատարանը վճռում է, որ նա չէր տեղեկացվել պարտադիր նվազագույն պատժաչափի մասին, և վերացնում է նրա նկատմամբ մեղադրանքն ու դատավճիռը։ 1992-ին նա ազատ էր արձակվել։

Երկու տարվա մեջ առաջին անգամ լինելով ազատ մարդ՝ Մարտիրոսյանն արագ գործի է անցնում և առաջարկում մեծ քանակությամբ կոկաին վաճառել ՀԴԲ-ի գաղտնի գործակալին Ջեքսոնվիլում։

Դատական արձանագրությունները ներկայացնում են պատմությունը։ 1993-ի մայիսին նա ֆինանասավորում էր գտել և մեկնել Կոստա Ռիկա' մատակարարների հետ աշխատանքն սկսելու նպատակով։ Ի դժբախտություն նրա՝ Թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը արդեն ներթափանցել էր մատակարարների շարքերը։ Գաղտնի գործակալի հետ մի քանի հանդիպումներից հետո Մարտիրոսյանը համաձայնում է օգնել 800 կիլոգրամ տեղափոխել Ֆլորիդայի Սենտ Ագուստին քաղաք։ Նրանք համաձայնում են, որ Մարտիրոսյանը Լոս Անջելսից 200 000 դոլար կուղարկի Կոլումբիա, և կոկաինը Կոլումբիայից կուղարկվի Կոստա Ռիկա, ապա՝ Ֆլորիդա։ 1993-ի սեպտեմբերին, սակայն, նա ձերբակալվում է Սենտ Ագուստինի իր հյուրանոցային համարում։

Ընդհանուր առմամբ, մեղադրանք է առաջադրվում ինը հոգու նկատմամբ: Կոստա Ռիկայում դաշնային ոստիկանության պետը մամուլի ասուլիս է տալիս և հայտարարում, որ խումբը վերահսկում է Կոստա Ռիկայի թմրանյութերի առևտրի մեծ մասը՝ համաձայն [կոստառիկական] La Nación թերթում հրապարակված հոդվածի։

Մարտիրոսյանն իրեն մեղավոր է ճանաչում և ընդունում վերոնշյալ փաստերը։ Սակայն այսօր նա պնդում է, որ մեղավոր չէ։

Նա պնդում է, որ միակ պատճառը, որի համար մեկնել էր Կոստա Ռիկա, Մոսկվայի խանութների ցանցի համար սուրճ գնելն էր։ Իր միակ սխալը, ասում է նա, եղել է այն, որ համաձայնել է ռուսերեն թարգմանել կոկաինի մասին մի զրույց։ Նա նաև կարծում է, որ դաշնային իշխանությունները հետապնդում էին իրեն, քանի որ ինքը շրջանցել էր ավելի վաղ գործը։ «Նրանք գիտեին, որ ես թմրանյութերի հետ որևէ կապ չունեմ,- ասում է Մարտիրոսյանը։ -Ես թմրավաճառ չեմ։ Աշխարհում ոչ ոք չի կարող ասել, որ ես որևէ քրեական հանցանք եմ կատարել»։

Համապատասխան մեղքն ընդունելու խոստովանությամբ՝ նա դատապարտվում է ինը տարվա ազատազրկման։ Նա նաև համաձայնում է կառավարությանն օգնել հետաքննել այլ գործեր։

Գրեթե նույն ժամանակ Մարտիրոսյանը զանգահարում է իր վաղեմի ծանոթ Մայքլ Յամանիսին՝ հույն գործարարի, որը նոր է դուրս եկած լինում բանտից՝ 1970-ականների վերջին և 1980-ականների սկզբին մարիխուանայի զանգվածային վաճառքի կազմակերպումը ղեկավարելուց հետո։

«Ես հաստատ հիմար չեմ։ Ես գիտեմ, որ նա բանտից էր զանգահարում,- ասում է Յամանիսը Դոմինիկյան Հանրապետության իր տնից: -Նա նշեց կոկաինը։ Ես ասացի՝ գրողը տանի, ինչի՞ մասին ես խոսում։ Խե՞նթ ես, ինչ է։ Ես երբեք կոկաինի հետ որևէ կապ չեմ ունեցել։ Մարիխուանա, այո՛։ Ես առավելապես մարիխուանայի հետ եմ գործ ունեցել»։

Յամանիսը գիտեր խաղի կանոնները։ Ձերբակալվելով՝ կասկածյալը հաճախ Շահրիզադե է խաղում՝ պատմելով այնքան պատմություն, որքան պետք է՝ փրկելու սեփական մաշկը։ Նրա սեփական պատժաժամկետը կրճատվել էր 60-ից մինչև 10 տարի, որովհետև տեղեկատվություն էր տրամադրել կառավարությանը։ «Ամերիկայում դու դուրս չես գա [բանտից]՝ գումար վճարելով,- ասում է նա։ -Դու դուրս կգաս՝ պատմելով նրանց, թե ովքեր են թմրավաճառները»։

Դրանից կարճ ժամանակ անց Յամանիսին մեղադրանք է առաջադրվում, և նրա անունն ընդգրկվում է Մարիտիրոսյանի գործում (Մարտիրոսյանը հերքում է, որ ինքը մատնել է Յամանիսին)։ Գործն աստիճանաբար փակվեց, սակայն Յամանիսը երբեք չի ձերբակալվում։ Այժմ 79-ամյա Յամանիսը դեռ վիրավորված է այն մտքից, որ Մարտիրոսյանը փորձել է մատնել իրեն։

«Եթե ես ուզենայի թմրաբիզնեսով զբաղվել, ինչո՞ւ պետք է դա նրա հետ անեի,- ասում է նա։ -Նա ո՞վ է որ»:

Չնայած այդ գործն արդյունք չտվեց՝ Մարտիրոսյանը կարծես պարգևատրվում է։ Նրա պատժաժամկետը կրճատվում է մինչև երեք տարի։ Երկու անգամ դատապարտվելով ինը տարի ազատազրկման՝ նա ընդհանուր կրում էր ընդամենը հինգ տարվա պատիժ։ 1996-ին նա կրկին ազատ մարդ էր։

 

 

Շարունակությունն` այստեղ: