Ցավալի է, երբ 21-րդ դարի հիրավի լավագույն հայ գրողներից մեկի հոգեհանգստի արարողությանը երկրիս քաղաքական դեմքերը ներկա են գտնվում ոչ թե նրա համար, որ իսկապես ցավում են մեծ գրողի կորուստը, ոչ թե նրա համար, որ, ասենք, կարդացել են նրա ստեղծագործություններից գոնե մեկը կամ ոչ թե նրա համար, որ ուղղակի գնահատում են արվեստը, մշակույթը, գրականությունն ու մտավորականին, այլ որ իրենց պետք է հերթական անգամ հերթական առիթով PR լինել ու քաղաքական մրցավազքի մեջ մտնել իրենց վաղեմի և հիմնական ախոյանների հետ:

Տարբեր պետական ու անձնական պետհամարանիշերով մեքենաների՝ կողք-կողքի հայտնվելը, դրանց տերերի՝ դեմ-դիմաց կանգնելն ու անկյունագծով «հաստավիզ»-ախոյանական հայացքներ փոխանակելը, նախագահական եռյակից ամենատարեցի, բայց, թերևս, ամենակարդացածի ու գիրը ամենաշատ գնահատողի՝ երկու անգամ գնալ-հետ գալն ու գրողների միության նախագահի կողքը մտերմաբար, «հասարակ քաղաքացու նման» տեղավորվելը որևէ առնչություն չուներ այդ անձանց ցավակացական հեռագրերում կամ այդ պահին բանավոր ցավակցություններում հնչած «խորը կսկիծի» ու «անդառնալի կորստի» զգացողության հետ...