Դիտարկում «Եվրատեսիլի» մասին

Օրերս «Youtube»-ում դիտում էի «գերաստղ» Սիրուշոյի ելույթը «Եվրատեսիլ-2008»-ում: Որոշեցի մեկնաբանությունները կարդալ, տեսնեմ՝ ինչ են խոսում ելույթի մասին: Ժողովու՛րդ, առանց չափազանցնելու գրեթե 90%-ը խոսում էին այն մասին, որ հայերը ամեն տարի ավելի վատ երգ են ներկայացնում («Քելե-Քելե», «Ջան-ջան», «Բում-Բում», «Ծիրանի կորիզ» եւ այլն): Ու այդ 90%-ի կեսը ադրբեջանցիներ են:
Բայց դա չէ կարեւորը: Կարեւորն այն է, որ նրանք, ցավոք սրտի, ճիշտ են: Մենք կարող ենք շատ լավ երգով ներկայանալ: Ուղղակի չեմ հասկանում, թե ինչն է պատճառ հանդիսանում, որ ամեն անգամ նման անկապ երգեր ենք ներկայացնում:
Ինչո՞ւ որոշեցի այս մասին գրել: Որովհետեւ վերջին տարիներին առաջին անգամ ընտրվեց մի մարդ, որը իսկապես արժանի է: Վստահ եմ, որ ինչ երգ էլ ընտրվի, Արամը շատ բարձր մակարդակով կկատարի, իսկ «Vitamin»-ի տղաները կկազմակերպեն որակյալ ներկայացում, որը կբավականացնի եվրոպացի լսարանին և, վերջապես, կփակի մեր անհայտ ծագումնաբանությամբ հարեւանի բերանը: Իսկապես տհաճ է նման մեկնաբանություններ կարդալը:

Հ.Գ. Այսքան տարվա բոլոր երգերից ամենաշատը հավանել եմ Հայկոյի «Anytime you need» կատարումը, որը, իրոք, շատ լավն էր եւ արժանի էր բարձր հորիզոնականի:

 

Աշոտ Իսրայելյան