Երկու խանութներ, որոնք իրար դիմաց էին աշխատում, մրցակցում էին: Բնական է, որ մրցակցության հիմքը գնայինն էր: Մի խանութի դիմացի տախտակին շաքարավազն արժեր 400 դրամ, մյուսի մոտ էլ էր 400 դրամ: Սակայն հանկարծ խանութներից մեկն իր գինն իջեցնում է մինչև 380 դրամ: Մյուսը նույնպես հետևում է: Այնուհետև կրկին գինն իջեցնում է մինչև 360 դրամ: Մյուսը կրկին հետևում է: Նորից տեղի է ունենում գնի իջեցում, որի արդյունքում գինը դառնում է 340 դրամ: Կրկին մրցակիցը հետևում է' գինն իջեցնելով մինչև 340 դրամ, սակայն արդեն վախ կար իջեցնելու, որովհետև մոտենում էր ինքնարժեքին, որը կազմում էր 330 դրամ:
Առաջին խանութը, որը սկսել էր գինն իջեցնել, միանգամից դարձնում է գինը 310, որին էլ հետևում է մրցակցի պատասխանը, որը նույնպես իջեցնում է մինչև 310, սակայն աշխատում է արդեն վնասով: Առաջին խանութը կրկին իջեցնում է գինը մինչև 290 դրամ, որին մրցակիցն արդեն չի կարողանում պատասխանել:
Այն խանութի ղեկավարը, որն արդեն չի կարողանում գնի իջեցմամբ պատասխանել, որոշում է այցելել մյուսին ու տեսնել, թե ինչու է նա կարողանում այդքան ցածր գնով վաճառել: Բայց որքան է լինում զարմանքը, երբ տեսնում է, որ մրցակցի խանութում շաքարավազ ընդհանրապես չի վաճառվում, ուղղակի նա արհեստականորեն իջեցնում էր գները' հաճախորդներ ներգրավելու նպատակով:
Ամեն ինչի պատրաստ եղեք, այսպիսին է բիզնեսը: