Տարին կբերի թարմություն, ապագայի հանդեպ նոր հույսերի արթնացում, կլինի անկանխատեսելի և բարդ բոլոր իմաստներով: Նոր գաղափարների զարգացման և մշակման ժամանակ է: Ամեն տեսակի նոր և ոչ սովորական աշխատաոճ կարող է բերել բավական լավ հետևանքներ: Այսինքն, տարին կսկսվի բուռն այն առումով, որ եթե արագ չվազես' ընդհանրապես տեղից չես շարժվի: Ընդհանուր բուռն վիճակները կսկսեն մի փոքր մարել տարվա կեսերին, իսկ աշնան ամիսները յուրատեսակ քննական ժամանակների կվերածվեն: Տարվա ընթացքում լավն այն է, որ ընդհանուր առմամբ դժվար լինելով հանդերձ, կլինեն հնարավորություններ: Այսպես օրինակ' եթե ստիպված եք մշակել մի կտոր խոպան հող, ապա ճակատագրից կստանաք ոչ միայն մի բութ բահ, այլ նաև արոր, լծկան, ոմանք էլ նույնիսկ տրակտոր: Այսինքն, ոչ մի բարդությունից վախենալ պետք չէ, գնացեք առաջ, ինչ պետք է' կգտնենք, արգելքները հաղթահարելու համար: 2014-ը աշխատասեր մարդկանց տարի է, հաջողակ կլինի նրանց համար, ովքեր հստակ ուղի են նախանշել: Տարվա երկրորդ եռամսյակում կարելի է նոր ուղիներ գտնել բիզնեսի զարգացման, նոր մասնագիտական կրթություն ստանալու, շինարարություն սկսելու և այլնի համար: Այսինքն, կունենանք նորացման հնարավորություն: Այս տարվա ընթացքում մեր հիմնական տրամադրությունը պետք է լավատեսական լինի, որ ի վիճակի լինենք հերթով քայլերն անելով, առանց մեծ վնասների ընթանալ:
Բարի ու մեղմ մարդիկ պիտի կարողանան այս տարվա ընթացքում ավելի «կարծրանալ», գոնե մի քիչ, քանի որ իրենց փափկությամբ միամտված, մեկ էլ հանկարծ կտեսնեն, որ իրենց քթի տակից տարել են այն, ինչի վրա շատ ջանքեր են գործադրել և թողել առանց հսկողության:
Նախորդ տարվա ընթացքում ձևավորված հարաբերությունները պահպանելու համար լուրջ ջանքեր է պետք գործադրել, քանի որ այս տարին անհատական հավակնությունների առումով բավական ռիսկային է և ոչ բոլորը կկարողանան միավորել իրենց անձնական ու համատեղ նպատակները:
Շատերն առիթներ են ունեցել նախորդ' 2013 թվականին համոզվելու, որ սեփական ցանկությունների իրականացման համար պետք է իրենք փոխվեն և վերարժևորեն իրենց ներքին համակարգը: Եթե դուք դեռ չեք կարողացել հստակ պատկերացում կազմել, թե ինչ նպատակներ ունեք, ապա այս տարում էլ ուղղակի կլողաք հոսանքի ուղղությամբ: Պետք է զուր ժամանակ չկորցնել և փորձել գոնե սեփական կյանքի հանդեպ պատասխանատվությունից ելնելով' որոշակիացնել և հստակեցնել պլանները:
Համբերությամբ, լավատեսությամբ ու եռանդով լցված ոտք դրեք հաջորդ տարի:
Ամենայն բարիք