Երեւի 1993-ի օգոստոսն էր: Հիմա չեմ էլ ուզում օր ու ամիս ճշտել, ամսաթիվ ճշտել: Ժամանակն հիմա այլ հարթությունում է ինձ համար, քեզ համար'առավել եւս:
Արքունիքի կամոք դու Սյունյաց պետնախարարն էիր' անպաշտոն, անպորտֆել նախարար: Բայց պաշտոնն ու պորտֆելը արքունյաց կամոք չէ, Աստծո կամոք է, ու դու հայոց սպարապետն էիր Սյունյաց աշխարհում:
Դու քո մենակության մեջ հպարտ էիր, քո հաղթանակների մեջ' պարտված ու քո պարտություններում' հաղթած: Դու բանակ, զորք, զինվոր, ճանապարհ, տանկ, կռող էիր, դեպի Ստեփանակերտ ու դեպի Շուշի ճանապարհ կռող ու սպարապետավարի հպարտ էիր: Ու հենց էդ հպարտությամբ էլ ասում ես. «արի Սյունիք, տես ինչ եմ արել»:
Ու մենք քո հանրահայտ մորեգույն մեքենայով, որ հիմա քո թանգարանում է, գնում ենք Սյունիք: Դու միայնակ, դու ղեկին, առանց շարասյուների, առանց զորք ու զորախմբերի, քո հավատարիմ Մոսոյի մեն-մենակ ուղեկցությամբ:
Ճանապարհին մտնում ենք քո գյուղը, քո Արարատը' Դավալուն, քո տուն: Մինչ տանդ շեմը բոլոր հանդիպածներին բարեւում ես, բոլորը կարոտով քեզ են նայում, աշխարհի բան ու գործը քննարկող ծերունիների խմբի մոտ կանգնում ես, ու թեեւ ժամանակ չունենք, բայց երկար զրուցում ես հետները: Ճաշում ենք քո հանգով' արագ, հապշտապ, գրեթե ոտքի վրա: Մայրդ ուզում է ամեն ինչ միանգամից դնել սեղանին, չի հասցնում: Երեխաների հետ ոտքի վրա խաղում ես ու քո սիրելի Սոֆին, իբր ինքն իրեն, ինքն իր համար, բայց բարձրաձայն ու բոլորիս ու հատուկ քեզ համար ասում է. «բա, երբ ես քոնն ունենալու, Վազգեն ջան...»:
Ճանապարհվում ենք: Մտնում ենք ցեմենտի գործարան, Մուտքի մոտ զինվորական ուսադիրներով մեկը ցեմենտ է բարձում բեռնատարը: Ահագին բարձել էր: Արամին ասել էր զորամասի համար է, ու Արամը տվել էր: Բեռնատարի մոտ կանգնում ես: Զինվորականը շվարում է, շփոթվում: Զինվորական չէր, դու իրեն ճանաչում էիր ու գիտեիր ով է: Ինքը հասկանում է, որ ուղղակի խաբել է' քեզ, Արամին, երկրին: Ոչինչ չես ասում, մոտենում ես ու պոկում ուսադիրները: Կարգադրում ես, որ ցեմենտը բեռնաթափեն, «զինվորականին» ուղեկցեն, որ գնա իր ճանապարհով. «մյուս անգամ գողություն չանես, իմացա, վատ կլինի». սա քո սպարապետական հորդորն էր:
Քյարքիի ոլորաններն անցնում ենք ու Պարույր Սեւակի այգու մոտ կանգնում ես: Մինչև կհասցնեինք իջնել, դու արդեն Սեւակի աղբյուրի մոտ լվացվում ես, հետո գնում ես այգու խորքը, գերեզմանաքարի մոտ: Առանձնանում ես, մեն-մենակ կանգնում: Մեր գոյության մասին մոռանում ես: Միայն մի պահ, երբ տեսնում ես, որ նկարահանում ենք, ասում ես. «լենտդ ափսոս է, մի նկարի, պահի»: Դու ուզում էիր, որ զորամասերդ, բանակդ, զորքդ, ճանապարհներդ նկարահանեինք:
Վայքի հայտնի շուկայի մոտ մոտենում ես միրգ վաճառող գյուղացի կանանց: Նրանք չեն շփոթվում, պարզվում է դու հաճախ ես նրանց հյուր լինում: Մեծ տոպրակով կեռաս ես գնում: Ձեռքդ տանում ես գրպանդ, կանայք ընդվզում են. «սպարապետ ջան, գնա, գնա..», դու էլ. «եթե գումարը չվերցնեք, էլ չեմ կանգնի»:
Գումարը թողնում ես սեղանին: Նայում ենք դեմքիդ, միտքներս կռահում ես. «իրենք կվերցնեն, ինչ տարբերություն, մի գյուղացի կանայք են»:
Ճանապարհին կարդում ենք. «Շուրջորյա խորովածանոց»: Ճանապարհից թեքվում ես անտառի մեջ. «ամեն անգամ ուզեցել եմ իմանալ էս ինչ բան է, հարմար չի եղել»: Անտառամեջի ճանապարհով երկար գնում ենք ու համարյա սարի փեշին, գետի ափին մի երկու վրան, ու մի լավ, հրաշալի, պարզ, անկեղծ մարդ գառ, ոչխար է պահում, խորոված է անում: Ուրախությունից պայթում ես: Գյուղացի մարդը շվարած է, րոպեն մեկ ասում է. «սպարապետ ջան, դու ե՞ս»: Դու անընդհատ քո մկանուտ ձեռքերով գրկում ես նրան. «էս ինչ լավ բան ես արել, այ մարդ»: Մարդն ուզում է միսը կրակին դնել, չես թողենում. «պանիր, մածուն, ձու բեր»: Հետո շալվարդ քշտում ես ու մտնում գետը, բրդուճներն ուտում ենք, մածունը վերցնում ենք ճանապարհին, մի փոքր գինի ես փորձում, էդ հրաշալի մարդու հնեցրածը ու ճամփա ենք ընկնում:
Սիսիանի քո կացարանն իսկը զորամաս է, քո մահճակալն էլ սպարապետի չէ, գեներալի չէ, նորակոչիկի մահճակալ է: Մեծ թավայով ձվաձեղ ես սարքում, պոմիդորով ձվաձեղ, էլի քո հանգով' արագ, հապճեպ ուտում ենք:
Առավոտ շուտ արթնանում եմ ջրի ճողփյուններից: Մի պահ չեմ հասկանում, թե ինչ է կատարվում: Առավոտյան ժամը վեցին մոտ է: Պատուհանից նայում եմ, դու լողում ես արհեստական այն լճակում, որ քո կացարանի մոտ էր: Միայն նկատում եմ, որ դրսում ցուրտ է, շատ ցուրտ ու դու լողում ես, իսկ մենք դեռ վերմակներով պինդ-պինդ ծածկված ենք:
Զորամաս առ զորամաս շրջում ենք քո Զանգեզուրում, Սյունիքում, արտադրամասեր ենք մտնում, բարձրանում ենք Գորիսի հեռուստաաշտարակ ու այդպես մինչեւ Մեղրի, մինչեւ մեր հայրենիքի հարավային դարպասը, մինչեւ այնտեղ, ուր քեզ համար գծված էր ապրելու կամ մեռնելու սահմանը:
Մեղրիում երկար ենք սպասում, մինչեւ նորակոչիկ զինվորն իր հրամանատարին զեկուցում է, որ Երեւանից մարդիկ են եկել, դու զինվորին գրկում ես, որ սպարապետին ճանաչել է, բայց զինվորի իր պարտքն էլ կատարել է:
Զինվոր առ զինվոր բոլորին հարց ու փորձ ես անում, բոլորին անուններով ճանաչում ես: Քո տարերքի մեջ ես:
Վերադառնում ենք գիշերով: ճանապարհին պատմում ես քո ուսանողական տարիներից, քո գրողական ընկերներից, քո Արարատից, քո ցեմզավոդից, որտեղ աշխատել ես՝ մինչեւ ձեռքերդ կոշտանալու աստիճան, քո աղուտներից, ու երգում ես քո երգերը, հին ու նոր ֆիդայիններիդ երգերը, սպարապետիդ երգը:
Ամեն ոլորանի վրա Մոսոյի վրա բարկանում ես. «կամաց քշի, ու քահ քահ ծիծաղում ես ասածիդ վրա:
Ես զարմանում եմ բարկությանդ համար, որովհետեւ Մոսոն շատ դանդաղ է քշում, ինձ նույնիսկ թվում է, թե դիտավորյալ երակարացնում ենք ճանապարհը: Հետո միանգամից բռնկվում ես. «կանգնի, իջի ղեկից» ու դու ես սկսում վարել, երգել ու վարել: Զայրույթիցդ ոչինչ չի մնում: Մոսոն լուռ է, բայց մի տասը րոպեից չի դիմանում. «ուզում էի քշեիր, ասեիր, իջնեի, թե չէ ես վատ չէի քշում»:
Մենք բոլորով երկար ծիծաղում ենք, դու էլի քահ-քահ ծիծաղում ես քո նման: Մոսոն քեզ ամենալավը գիտեր:
Պատմությունն ավարտում եմ, ու ասում եմ. «Փառք ու պատիվ, որ կաս, ՎԱԶԳԵՆ…»:
Աստված կամենա, հետո բոլոր կադրերը կհավաքեմ: Կհավաքեմ քո ընկերներին, քո իսկական ընկերներին, ցեմզավոդիդ, աղուտներիդ ընկերներին, գրողական ընկերներիդ ու դու կլինես, ինչպես միշտ եղել ես՝ այդ հավաքի հերոսը: Կլինես իբրեւ «սիրելի գրող, ընկեր գեներալ, պարոն նախարար», բայց ամենակարևորը կլինես՝ որպես ՎԱԶԳԵՆ…