Հայաստանում այսօր հաշվառված է ավելի քան 186 հազար հաշմանդամ: Վերջին տարիներին առաջին անգամ հաշմանդամ ճանաչված անձանց թվի կրճատում է դիտվում, սակայն բնակչության ընդհանուր հաշվով հաշմանդամություն ունեցող անձանց թիվը շարունակում է աճել:
ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության հրապարակած տվյալների համաձայն' սկսած 2009թ-ից դիտվում է առաջին անգամ հաշմանդամ ճանաչված անձանց թվի նվազում: 2011 թվականին' վերջին պաշտոնական հաշվետու տարում, առաջին անգամ հաշմանդամություն ստացած անձանց թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 688-ով' կազմելով 15363 մարդ: Առաջին կարգի հաշմանդամություն է ստացել նրանցից 5.6%-ը, իսկ երկրորդ և երրորդ կարգ համապատասխանաբար 37.6 և 50.6 տոկոսը:
Ըստ հիվանդությունների' առաջին տեղում է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հաշմանդամություն ստացած մարդկանց թիվը' 5696 մարդ, չարորակ գոյացություններինը' երկրորդ (2559 մարդ), իսկ նյարդային համակարգի և զգայական օրգանների հիվանդություններինը' երրորդ'1530 մարդ: Ոսկրամկանային և շարակցական հյուսվածքների հիվանդություններից հաշմանդամություն ստացած անձանց ցուցանիշր չորրորդն է' 834 մարդ:
Աշխատունակ տարիքի անձանց թիվը կազմում է 74.6%, որը նախորդ հաշվետու տարվա համեմատ նվազել է 1.3 %-ով:
ՀՀ ԱՎԾ հրապարակած տարեգրքում նշված չէ հաշմանդամություն ունեցող անձանց թիվն ըստ տարիքի, սակայն Հայաստանում մեծ է նաև հաշմանդամ երեխաների թիվը: Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նախորդ տարի հոկտեմբերին հրապարակած տվյալի' հաշվառված հաշմանդամ երեխաները մոտ 8 հազարն են, որը կազմում է ներկայիս հաշմանդամություն ունեցող անձանց 4.3%-ը: