Մեռլան Օդը հյուսիսային կովկասի ազգերի հարցերով լուրջ գիտնական է: Բուլղարիայում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակ հրավիրվել էր զեկույց ներկայացնելու Չեչնիայի վերաբերյալ: Զեկուցումից հետո այնքան հետաքրքրեց իր անձը ինձ, որ վերջում մոտեցա հենց ամբիոնի մոտ՝ ծանոթանալու եւ այցեքարտ փոխանակելու: Վերցրեց այցեքարտս /իրենն էլ ինձ տալով/, նկատեց «Republic of Armenia» բառերը ու ... «Հա՞յ եք, Երեւանի՞ց եք, ինչպես ե՞ք»,-հարցրեց նա ֆրանսիացու ակցենտով: Քիչ էր մնում տեղում պառկեի՝ շոկ ապրեցի. ոչ հայուհու է նման, ոչ անուն ազգանունն է հայկականին մոտ... Արագ կանչեցի մեր հայկական պատվիրակության մյուս անդամներին, նրանք էլ ծանոթացանք: Հանկարծ սկսեց երգել հայկական երգ, կարծեմ կոմիտասի գործերից էր, այս պահին չեմ հիշում: Հենց ամբիոնի մոտից: Դահլիճում մնացածները չէին հասկանում, թե ի՞նչ է կատարվում մեր եւ տիկնոջ հետ: Հետո ավելի շատ զրուցեցինք քաղքագիտական, միջազգային հարցերի, Հայաստանի մասին: Ասաց, որ կցանկանար կրկին լինել Հայաստանում:
Այս ամռանը գրեց, որ գալիս է Հայաստան եւ ուրախ կլիներ հանդիպել: Դեհ, ես չէի կարող չասել, որ իմ համար մեծագույն վայելք կլինի իր հետ թեկուզ կարճ ժամանակ անցկացնելը: Հանդիպեցինք այն ժամանակ, երբ նա գնացել էր Սուրբ Սարգիս եկեղեցի, ապա Փարաջանովի թանգարան: Այնուհետեւ ճաշեցին ու մի լավ թափառեցինք Երեւանում՝ էլ պարսկական մզկիթ, էլ բուկինիստ գրախանութ, էլ Կովկասյան ինստիտուտ /որտեղ մի հատ էլ դուդուկ իր վաղեմի ընկեր Ալեքսանդիր Իսկանդարյանի, նրա տիկնոջ՝ Նինայի ու Մինասյան Սերգեյի համար նվագեց/, էլ սրճարան Մաշտոցի պողոտայում: Ուզում եմ շատերը իմանան նման ֆրանսուհու մասին, ով անչափ սիրում է հային, հայկականությունը, հայկական մշակույթը, մեր լավագույն բարեկամներից մեկն է Եվրոպայում, Բելգիայում: Գրախանութում սկսեց նայել մանկական խաղալիքներ, որոնք հայերեն տառեր ունեին: Ինչի՞ն է պետք. ժպտաց ու ասաց, որ կցանկանա իր բալիկին էլ հայկական տարածության հետ ծանոթացնել: Խնդրեցի թույլ տալ, որ դա ես նվիրեմ: Ու տեսանյութում տեսա դստեր խաղալիքը՝ հայոց այբուբենի տառերով...