Ինչո՞վ է տարբերվում տղամարդու և կնոջ հոգեբանությունը միմյանցից: Ճիշտ չէր լինի ասել, թե կինը տղամարդուց ավելի լավն է կամ էլ, հակառակը: Պարզապես նրանք շատ տարբեր են, որն էլ ամերիկացի հոգեբանները բացատրում են նրանց գլխուղեղի տարբեր ֆիզիոլոգիական առանձնահատկություններով:Հետևաբար, միևնույն տրամաբանական խնդիրները լուծելիս տղամարդկանց և կանանց մոտ ակտիվանում են գլխուղեղի տարբեր հատվածներ: Կանանց մոտ դրանք գտնվում են ճակատային հատվածում, որտեղ գտնվում են խոսքի, հույզերի և շարժման կենտրոնները: Դրանով է պայմանավորված կանանց բարձր հուզականությունը: Տղամարդկանց մոտ տրամաբանության կենտրոնները կապված են այն գոտիների հետ, որոնք պատասխանատու են արտաքին ազդակների մշակման հետ, այդ իսկ պատճառով նրանք հակված են ավելի մանրամասն վերլուծել տեղեկատվությունն ու կատարել տրամաբանական եզրահանգումներ: Տղամարդկանց գլխուղեղը մոտ հարյուր գրամով ավել է կանանց գլխուղեղից, և նրանց մեծ կիսագնդերի կեղևը պարունակում է երկու միլիարդով ավել նյարդային բջիջներ, սակայն դա նրանց ինտելեկտուալ ընդունակությունների վրա, որպես կանոն, չի ազդում: Օժտվածությունը նույնպես պայմանավորված չէ ուղեղի ընդհանուր քաշով, այլ' դրա առանձին հատվածների զանգվածով, սակայն գաղտնիք չէ, որ տղամարդիկ ավելի լավ են տիրապետում կոնկրետ, իսկ կանայք' հումանիտար գիտություններին: Տղամարդկանց և Կանանց սեռական կենտրոնները գտնվում են գլխուղեղի տարբեր հատվածներում. տղամարդկանց կենտրոնը կապված է տեսողական նյարդերի հետ, իսկ կանանց սեռական կենտրոնը' լսողական համակարգի հետ: Այստեղից էլ այն Ճշմարտությունը, թե «Տղամարդիկ Սիրում են Աչքերով, իսկ Կանայք' Ականջներով», ընդ որում, այդքան կարևոր չէ, թե ինչ է ասում տղամարդը, որքան' ինչպես է ասում: Միջինում տղամարդկանց 80-85%-ը ունեն տիպիկ տղամարդկային մտածելակերպ, իսկ մնացած 10-15%-ի մոտ կարելի է նկատել որոշ չափով արտահայտված կանացի հատկանիշներ: Դրա պատճառը Էմբրիոնի զարգացման վաղ փուլում Տեստոստերոնի պակասն է (հղիության 6-8 շաբաթվա ընթացքում): Կանանց 90%-ին բնորոշ է տիպիկ կանացի տրամաբանությունը, իսկ 10%-ին շատ կամ քիչ հատուկ է Տղամարդային տրամաբանությունը, որն էլ վկայում է Տեստոստերոնի ավելցուկի մասին: Եթե տղամարդու մոտ հստակորեն առանձնացված են գլխուղեղի կիսագնդերի ֆունկցիաները, այսինքն ձախ կիսագունդը պատասխանատու է տրամաբանականմտածողության համար, իսկ աջը'վերացական, ապա կնոջ մոտ թե՛ աջը, թե՛ ձախը քիչ են տարբերվում միմյանցից: Որոշակի վերացական խնդիր լուծելու համար տղամարդու մոտ ակտիվանում է միայն աջ կիսագունդը, իսկ կնոջ դեպքում' երկուսն էլ: Օրինակ, երբ տղամարդը կարդում է, նրա մոտ ակտիվանում է գլխուղեղի միայն ձախ կիսագնդի մի փոքր հատված, մինչդեռ կնոջ մոտ ակտիվանում են երկու կիսագնդերի մի շարք հատվածներ: Տղամարդիկ ավելի լավ են ընկալում այն, ինչ տեսնում են, մինչդեռ կանանց տպավորությունների մեծ մասը կապված է խոսքի հետ: Ըստ միջին վիճակագրության, տղամարդն ու կինը ունեն մոտավորապես միևնույն IQ-ն: Սակայն, եթե կանայք հակված են ոսկե միջինին' IQ=100, ապա տղամարդկանց մոտ նկատվում է ինչպես գերբարձր ինտելեկտ, այնպես էլ մտավոր հետամնացություն: Աշխարհի ամենախելացի մարդկանցից ութից յոթը տղամարդիկ են, սակայն ութից յոթ մտավոր հետամնացները նույնպես տղամարդիկ են: Կանանց մոտ բավականին լավ է զարգացած երևակայությունը, որի արդյունքում երբեմն նրանց մոտ առաջանում են այնպիսի գաղափարներ, որոնք, տղամարդիկ լսելով, գլուխը բռնած փախչում են: Տղամարդը նախընտրում է լուռ մտածել' հայտնելով միայն վերջնական արդյունքը, իսկ կինը մտածում է բարձրաձայն, որը տղամարդու կողմից հաճախ ընկալվում է որպես շատախոսություն: Տիպիկ տղամարդկային հարց (երբեմն բարձրաձայն չարտաբերված). <<Ե՞րբ է նա մտածում, եթե անդադար խոսում է>>: Տղամարդն ընկալում և գնահատում է իրավիճակն ամբողջությամբ, մինչդեռ կինը շեշտն ավելի շատ դնում է մանրուքների վրա, սակայն, կենտրոնանալով մանրուքների վրա, նա կարող է չնկատել գլխավորը: Կանանց գլխուղեղի խոսքային կենտրոններում նեյրոնները 17%-ով ավելի շատ են, քան տղամարդկանց մոտ: Այդ պատճառով էլ աղջիկներն ավելի վաղ են սկսում խոսել, քան տղաները: Զարմանալի չէ, որ հասուն կանանց մոտ շփվելու պահանջմունքն ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ: Գիտնականները հաշվել են, որ կանանց խոսելու օրական նորման միջինում ութ հազար բառ է, (սակայն նա կարող է նաև 15 հազար բառ արտաբերել), մինչդեռ տղամարդկանց դեպքում' ընդամենը 3-4 հազար բառ: Հենց այս փաստն էլ հանդիսանում է շատ ամուսնական վեճերի պատճառ: Հուզական զրույցը կնոջ համար լիցքաթափման լավագույն միջոցներից է, մինչդեռ տղամարդը, հոգնած տուն վերադառնալով, նախընտրում է լուռ նստել հեռուստացույցի առջև: Կինը դա համարում է անուշադրության և հուզական սառնության նշան, որին էլ արձագանքում է անձնական վիրավորվածությամբ: Տղամարդն էլ, իր հերթին, չի հասկանում, թե ինչպես և ինչի շուրջ կարելի է այդքան երկար խոսել: Խոսակցության ընթացքում տղամարդն ավելի շատ կենտրոնացած է արդյունքի վրա, մինչդեռ կնոջ համար չափազանց կարևոր է նաև խոսակցության պրոցեսն ու շփման փաստը: Զրույցի ընթացքում կինն ավելի մեծ ուշադրություն է դարձնում զրուցակցի ինտոնացիային, դիմախաղին և ժեստերին: Նրա մոտ ավելի լավ է զարգացած ինտուիցիան և ապրումակցումը: Կնոջ համար կարևոր է ոչ միայն լսել դիմացինին, այլև <<զգալ>> նրան: Գեղեցկիկ սեռի ներկայացուցիչներին դուր է գալիս ակնարկներ որսալ: Նրանք հաճախ իրենց խնդրանքն անուղղակի են արտահայտում: Տղամարդիկ դժվարությամբ են հասկանում <<թաքնված>> հարցը կամ խնդրանքը և կարող են ոչ մի կերպ չարձագանքել դրան: Այդ իսկ պատճառով ավելի լավ է հարցնել կամ խնդրանքն ուղղել ուղղակիորեն, առանց որևէ ակնարկի կամ ենթատեքստի: Սովորաբար ընդունված է կանանց հաճոյախոսություններ անել, քանի որ նրանք դրանց կարիքը շատ են զգում: Սակայն, հարկ է նշել, որ տղամարդիկ պակաս բարեհաճորեն չեն արձագանքում հաճոյախոսություններին, պարզապես նրանց արտաքին դրսևորումները ավելի թույլ են արտահայտված: Կինն ավելի երկար է ուշադրությամբ լսում, քան տղամարդը: